Հայաստանի ԶԼՄ ընկերակցությունը «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ հանրապետությունում սոցիոլոգիական հարցում է անցկացրել եւ փորձել է պարզել, թե ինչ դիրք եւ դեր ունեն կուսակցությունները եւ զանգվածային լրատվամիջոցները առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Հարցումը կատարվել է Երեւան քաղաքում եւ մարզերում, լրացվել է 1014 հարցաթերթիկ։
Սոցիոլոգների կարծիքով, երկրի հասարակական կառուցվածքը խառնված է, հասարակությունը ագրեգատային վիճակում է, եւ չափազանց դժվար է այս վիճակում օրինաչափություններ գտնել։ Հարցերի շարքը սկսվել է «Ունե՞ք արդյոք հեռուստացույց» հարցով եւ հասել է մինչեւ կոնկրետ թերթերի, ինֆորմացիայի այլ աղբյուրների, կուսակցությունների, քաղաքական դեմքերի, խորհրդարանական խմբերի, խմբակցությունների եւ այլեւայլ հարցերի։
Հարցման արդյունքում պարզվել է, որ «այսօրվա ընտրողը պատրաստ չէ մասնակցել խորհրդարանական ընտրությունների»։ Ընտրողները կոնկրետ ծրագրերի մեջ տարբերություններ չեն տեսնում, հարցվողների 80 տոկոսը պատասխանել է, որ «ոչ մի կուսակցություն իր շահերը չի արտահայտում»։ Ընտրողը կշռադատված, հավասարակշռված ընտրության պատրաստ չէ։ Հարցվողների մեծ մասը օրվա մեջ 18 ժամ հեռուստացույցի առաջ է անցկացնում։
OPT հեռուստաընկերության հաղորդումները դիտում է հարցվողների 81 տոկոսը, ՀԱՀ-ը՝ 75 տոկոսը, հաղորդումներ ընդհանրապես չի դիտում հարցվողների 25 տոկոսը (ՀԱՀ), եւ 19 տոկոսը (OPT)։ Երկրի ներքին կյանքի իրադարձություններից առավել հետաքրքրական են հարցվողների համար կոնկրետ օբյեկտների սեփականաշնորհման հարցերը (14,2 տոկոս), իսկ ասենք ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատանքով հետաքրքրվել են միայն 0,1 տոկոս հարցվողներ, նույնքան տոկոս են հավաքել նաեւ կաշառակերությունը, առողջապահությունը, կոմունիստների սեփականությունը, Ռ. Քոչարյանի անբավարար գործունեությունը, ընտրական օրենսգրքի քննարկումը խորհրդարանում, նավթի եւ գազի որոնումը եւ մի քանի այլ հարցեր։ Քաղաքական, կուսակցական առաջնորդներն առավել մեծ համակրանքի են արժանացել հետեւյալ հերթականությամբ՝ Կ. Դեմիրճյան, Ռ. Քոչարյան, Վ. Մանուկյան, Պ. Հայրիկյան, Ս. Բադալյան, Ա. Դարբինյան, Ա. Սադոյան, Դ. Շահնազարյան, Վ. Սիրադեղյան (հարցումն անցկացվել է անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին), Վ. Սարգսյան, Լ. Տեր-Պետրոսյան եւ այլն։ Այս շարքում վերջին տեղում է Արարատ Գոմցյանը՝ 0,1 տոկոս։
Կարդացեք նաև
Այն հարցին, թե լրագրողի գործունեության մեջ ո՞րն է գլխավորը, հարցվողների 75,6 տոկոսը պատասխանել է՝ «Լրագրողը պետք է հանդես գա այնպիսի նյութերով, որոնք հետաքրքրում են ընթերցողին, ունկնդրին, դիտողին»։
Հուսով եմ, այս նյութը գոնե մի փոքր հետաքրքրեց մեր ընթերցողներին։ Եթե՝ այո, ուրեմն բավարարված եմ։ Բարին ընդ ձեզ։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ