Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՐԿԻՐ

Փետրվար 13,1999 00:00
dolar

Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը հաջորդ շաբաթ ԱԺ-ին կներկայացնի իր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված հաշվետվությունը։

Բայց մինչ այդ, երեկ նույն թեմայով բանավեճի էր հրավիրել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը։ Զեկուցող Վահագն Խաչատրյանը ներկայացրեց, որ կնքված պայմանագրերով Հայաստանը ստացել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի վարկ, որից օգտագործված է 800 միլիոնը։ 1999 թ. բյուջեն նախատեսվում է 500 միլիոնի շրջանակներում, իսկ համախառն ներքին արդյունքը 1 միլիարդ 100 միլիոն է։ ՀՆԱ եւ արտաքին պարտքի հարաբերակցությունը 1997 թ. կազմել է 41,3 տոկոս, իսկ 1998 թ.՝ 44,9 տոկոս։ Բյուջեից արտաքին պարտքի սպասարկման մասհանումները 1997 թ. կազմել է 11,9 տոկոս, իսկ 1998 թ.՝ 14 տոկոս։ Սակայն Հայաստանի համար վտանգավոր ժամանակները դեռ առջեւում են՝ 2001-2004 թթ., երբ սպասարկման համար անհրաժեշտ կլինի 50 միլիոն դոլար։

1985 թ. Հայաստանի տնտեսության 80 տոկոսը կազմել է խոշոր արդյունաբերությունը, որի մեջ զգալի բաժին է ունեցել ռազմական արդյունաբերությունը։ Ցանկացած ապառազմականացման գնացող երկիր չի կարող խուսափել ճգնաժամից։ Դրանից չխուսափեց նույնիսկ ԱՄՆ-ը։ Ըստ բանախոսի՝ անկախացած Հայաստանը երկու ճանապարհ ուներ տնտեսություն արտաքին ֆինանսական մուտքեր ապահովելու համար։ Կամ անմիջական կոմերցիոն վարկեր՝ բանկեր, որը անհնար էր Հայաստանի ցածր վարկանիշի պատճառով, կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրվող վարկերը։

Հայաստանը պարտադրված էր ընտրել երկրորդ ճանապարհը։ Սակայն այս կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը տրվում են որոշակի պայմաններով եւ կոնկրետ ծրագրերի համար։ Օրինակ, զարգացման վարկերի տրամադրման համար պահանջվում է միջազգային խորհրդատվության ապահովում, որը շատ դեպքերում կազմում է տրամադրված վարկի 80-90 տոկոսը։ Աղետի գոտու արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման համար տրամադրված 7 միլիոն դոլար վարկը փոշիացվել է՝ յուրաքանչյուրին 200 հազարական դոլար տալու ճանապարհով, որով հնարավոր չէ որեւէ ձեռնարկություն զարգացնել։ Ըստ բանավեճի մասնակիցների, միջազգային ֆինանսական կազմակերպությունները շահագրգիռ չեն մեր արդյունաբերության զարգացմամբ, որը կարող է ավելորդ մրցակցություն ստեղծել արեւմտյան երկրների համար, ինչպես դա եղավ Ճապոնիայի կամ Արեւելյան Ասիայի երկրների դեպքում։

Ասվածին ապացույց ներկայացվեց ՀԲ-ի կողմից ձեռնարկությունների զարգացման համար տրամադրված 12 միլիոն դոլար վարկի ճակատագիրը, երբ երկու տարվա ընթացքում տրամադրվել է ընդամենը 2 միլիոն դոլար։ Հայաստանում ուղղակի չկան ձեռնարկություններ, որոնք կարող են ապահովել ներկայացվող պահանջները, մյուս կողմից ՀԲ-ը ցույց է տալիս, որ ինքը վարկեր է տրամադրում նաեւ արդյունաբերության զարգացման համար։ Վարկերի անարդյունավետ օգտագործման պատճառը նոմենկլատուրային աշխատաոճն է, երբ վարկերը օգտագործվում են շրջապատին օգնելու համար, իսկ պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը միտված չէ բարձրացնելու մարդկանց կենսամակարդակը։ Վարկերի անարդյունավետ օգտագործման գործում որեւէ դեր չխաղաց իշխանափոխությունը, դրանք շարունակում են նույն կերպ փոշիանալ։ Բանավեճի մասնակից Հովհաննես Դուրգարյանը երկրները բաժանեց արդյունավետների եւ ոչ արդյունավետների։ Այլապես, ինչպես Եվրոպան, որը սահմանափակ ֆինանսական միջոցներով թռիչքաձեւ զարգացում ունեցավ, իսկ Մեքսիկան եւ Բրազիլիան, որոնք ստացան 100 միլիարդավոր դոլարներ, շարունակում են ապրել ֆինանսական ճգնաժամի պայմաններում։

Կարապետ Ռուբինյանը դիտարկումների արդյունքում պարզել է, որ թեեւ վարկատուները վերահսկում են իրենց տրամադրած միջոցների օգտագործումը, սակայն մինչեւ այժմ որեւէ սանկցիա չի կիրառվել, որը ենթադրել է տալիս կարծել, որ այդ վերահսկողությունը ֆարս է։ Աշոտ Բլեյանն էլ արձանագրելով վարկերի անարդյունավետ կիրառումը, այլ դիտարկում ներկայացրեց։ Հայաստանում ստեղծվել է չինովնիկների մի խավ, որը կերակրվում է միջազգային կազմակերպություններից, եւ իրենց այս երկրի քաղաքացի չեն համարում։ Հետաքրքիր է, որ չնչին բացառությամբ բանավեճին մասնակցում էին մարդիկ, որոնց մասին մեկ տարի առաջ մենք մտածում էինք, որ հենց նրանք են վարկերի փոշիացման եւ ոչ արդյունավետ օգտագործման հեղինակները եւ մասնակիցները։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728