Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հետեւյալ հայտարարությամբ հանդես եկավ Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի տեղակալ պրն Մարդումյանը.
«Ելնելով վերջերս Հանրապետության որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի անձին վերաբերող եւ համառորեն սփռվող բամբասանքներին, վայրահաչության հասնող, ջղաձիգ «վերլուծություններին» մեկընդմիշտ վերջ տալու անհրաժեշտությունից, պաշտոնապես հայտարարում եմ.
1. Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է հերթական արձակուրդում ս/թ հունվարի 12-ից։
2. Նույն օրը՝ հունվարի 12-ին, նա իր տիկնոջ հետ (վերջինիս բուժման եւ ԱՄՆ-ում բուժվող ընկերոջը այցելելու նպատակով) մեկնել է ԱՄՆ։
Կարդացեք նաև
3. Ներկայումս Ռուբեն Հայրապետյանի կինը ենթարկվել է ծանր վիրահատությունների եւ գտնվում է հետվիրահատական վերականգնման շրջանում։
4. Վերջինիս լիարժեք ապաքինմամբ էլ պայմանավորված կլինի Ռուբեն Հայրապետյանի Հայաստան վերադառնալու ժամանակը»։
Մեր այն հարցին, որ արձակուրդի մեկ ամիսն ավարտված է, պրն Մարդումյանը ավելացրեց, որ պրն Հայրապետյանը չի օգտվել 1997, 1998, 1999 թ. իր հերթական արձակուրդներից։ Պրն Մարդումյանի զգացողությամբ իր շեֆի կյանքին ոչ մի վտանգ չէր սպառնում։
Ա. Բ.