Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ Հայրիկյանին ունկնդիր

Փետրվար 13,1999 00:00
hayrikyan

ԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախագահին առընթեր մի շարք հանձնաժողովների նախագահ Պարույր Հայրիկյանը վերջերս խիստ հանրամատչելի է դարձել։ Գրեթե երկու օրը մեկ պրն Հայրիկյանը լրագրողների հետ խոսելու, նրանց որեւէ բան հաղորդելու ցանկություն է դրսեւորում։ Լրագրողներն էլ համբերատար լսում են եւ լուսաբանում։ Ինչը կանենք հենց այս պահին։

ԻՄ ներկայացուցիչները մեկ օր առաջ պատիվ էին ունեցել հանդիպել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հանձնել Ինքնորոշում միավորման կարծիքը փետրվարի 5-ին ԱԺ երրորդ ընթերցմամբ ընդունած Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ ԻՄ կարծիքով, «օրենսգրքում հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, ընտրողների ցուցակների կազմման կարգը, քվեարկություններին զինվորականների մասնակցության իրավունքը եւ քվեաթերթիկի ձեւը չեն բխում Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում արդար ընտրություններ իրականացնելու հրամայականից։ Այնուամենայնիվ, չբացառելով իսկապես բարի կամք դրսեւորելու դեպքում օրենքի ընձեռած բացասական դրսեւորումները նվազեցնելու հնարավորությունը, ստիպված ենք արձանագրել, որ սույն օրենսգիրքը խախտում է քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը»։

Շարունակելով միտքը, ԻՄ-ը մի շարք կարեւոր նկատառումներ անելուց հետո կոչ է անում ՀՀ նախագահին օգտվել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով ընձեռված իրավունքից, հիմք ընդունելով վերոնշյալ հիմնավորումը, առարկությամբ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը վերադարձնել ԱԺ՝ պահանջելով վերանայել խորհրդարանում համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցությունը, այն դարձնելով 65/66, որով կերաշխավորվի քաղաքացիների գոնե նախնական իրավահավասարությունը։

Դիմումի բովանդակությանը ծանոթացնելուց հետո, Պարույր Հայրիկյանը հարկ համարեց որոշ ճշտումներ կատարել լրատվության մի քանի միջոցներում հնչած ոչ ճիշտ մեկնաբանության վերաբերյալ։ Ասվեց, որ «ՀՀ»-ում եղած համապատասխան հրապարակմամբ ներկայացվում է, թե Հայրիկյանն իբր կողմ է աղանդներին, մասնավորապես Եհովայի վկաներին։ Հայրիկյանն ընդամենը ասել է. «Եթե վեճ կա, դիմեք դատարան»։ Բայց որպես «քրիստոնեավարական կազմակերպության նախագահ, որպես շարքային հայ մարդ» Հայրիկյանը չի կարող կողմ լինել որեւէ աղանդի։ Հանգուցյալ Վոլտերի մի միտքն այստեղ շատ տեղին օգտագործվեց. «Ես դեմ եմ քո գաղափարներին, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որ դու քո գաղափարներն արտահայտես»։

Պրն Հայրիկյանը մի երրորդ ասելիք եւս ուներ։ Ասելիքը վերաբերում էր մեկ օր առաջ տեղի ունեցած Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նիստին։ Նիստն առաջարկել է Սահմանադրությունից հանել 66-րդ հոդվածի 1-ին մասը, այն է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728