Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՂԱՆ

Փետրվար 13,1999 00:00
David Shahnazaryan

Ամեն ինչ խիստ առօրեական էր

«Օրագիր» օրաթերթի հերթական հյուրը «21-րդ դար» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էր։

Վերջին շրջանում հանրապետության խիստ իրադարձային եւ տագնապալի իրականությունն էր հյուրի եւ լրագրողների հանդիպման հիմնական թեման։

ԱԱ նախկին նախարարի եւ «21-րդ դար» կուսակցության առաջնորդի կարծիքով «… մեղմ ասած, հանրապետությունում իրավիճակը հանդարտ չէ եւ պատճառը ոչ միայն Արծրուն Մարգարյանի սպանությունն է։ Իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, առայժմ ոչ մի լավատեսության հիմք չեն տալիս այն խնդրով, որ կբացահայտվի ինչպես Արծրուն Մարգարյանի, այնպես էլ նախորդ սպանությունը»։ Պարոն Շահնազարյանը վերջին սպանությունը եւ նախորդները նույնպես համարում է քաղաքական, «թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ սպանությունն իր հետեւից բերում է քաղաքական հետեւանքներ»։

ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի մեկ օր առաջ արված հայտարարությանն անդրադառնալով, Դավիթ Շահնազարյանը հայտնեց, որ իրեն խիստ անհանգստացնում է ոչ թե իր հասցեին հնչած մեղադրանքները, այլ այն հանգամանքը, որ պետության ՆԳ եւ ԱԱ նախարարն իր տեղակալի ՆԶ հրամանատարի հուղարկավորության երեկոյան հայտարարեց, թե հանրապետությունում իրավիճակը հանդարտ է։ Վերջին հանգամանքը, Դավիթ Շահնազարյանի կարծիքով, «ավելի քան աղաղակող փաստ է. «ուժային նախարարները, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը Արծրուն Մարգարյանի դեմ կատարված մահափորձը մեկ տարի առաջ համարեցին քաղաքական, իսկ մի քանի օր առաջ կատարված սպանության քաղաքական դրդապատճառները արդեն նրանց լուրջ չեն թվում»։

«Առավոտի» այն հարցին, թե որքանով է Արծրուն Մարգարյանի դեմ մեկ տարի առաջ կատարված մահափորձը կապվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ, քանի որ մահափորձից բառացիորեն մի քանի օր անց հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, իսկ մեկ տարի անց, սպանությունը համընկավ Վանո Սիրադեղյանի գործի շուրջ ծագած աղմուկին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, ասելով. «… Գիտեք, համենայնդեպս, երբ Արծրուն Մարգարյանի դեմ կատարվեց առաջին մահափորձը, այն ժամանակ, կարծես թե խոսք չկար Սիրադեղյանին քրեական պատասխանատվության կանչելու մասին։ Դա իրավապահ մարմինների գործն է, համենայնդեպս, ձեր ասածը ոչ ժխտող, ոչ էլ հաստատող փաստարկներ չունեմ։ … Այն ժամանակ ուժային նախարարները մահափորձը համարեցին քաղաքական։ Ես չեմ բացառում, որ դա այն ժամանակ էլ քաղաքական ակտ էր, եւ սպանությունն էլ էր քաղաքական։ Եվ ընդհանրապես, չի կարող նման պաշտոնատար անձի սպանությունը քաղաքական չլինել»։

Զինված ուժերի նախարարի հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է մամուլում, մասնավորապես ասվեց, որ «զինված ուժերը չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Եվ, կարծում եմ, Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի կայունության հիմքը բանակն է, բավական մեծ մտահոգությունների առիթ պետք է տա…»։ Զինված ուժերի հայտարարությունը, ըստ պարոն Շահնազարյանի, խոսում է «այն խոր անհանգստության մասին, որ կա հրամանատարական կազմի մոտ։ 1 տարվա ընթացքում 5 սպանված բարձրաստիճան պաշտոնյաների դիակներ, սա արդեն լուրջ է»։

Հանրապետությունում տիրող վիճակը Դավիթ Շահնազարյանի կարծիքով բոլորովին հանդարտ չէ, թեպետ այս պահին, «առավել, քան երբեք պետք է կայունություն, բայց ոչ այնպիսի կայունություն, որի հիմքը պետք է լինի բանակը»։ Այնուհետեւ նկարագրվեց կայունության մի քանի տեսակ՝ «գերեզմանային կայունություն, 70 տարվա խորհրդային կայունություն եւ ժողովրդավարական կայունություն»։ Ասվեց, որ այս վերջին տեսակը մի քանի տարի է, չկա հանրապետությունում։ Չկա, որովհետեւ «անհրաժեշտ են ազատ, արդար ընտրություններ» եւ էլի մի շարք արդար բաներ։ Չիմացանք ուրախանանք, թե տխրենք, երբ ասվեց, որ «Հայաստանի նման փոքր պետությունում, նույնիսկ ձեւականորեն հնարավոր չէ դիկտատուրա հաստատել, «որովհետեւ դիկտատուրա ունենալու համար դիկտատորները պետք է կերակրեն ժողովրդին», իսկ առայժմ ժողովուրդն է կերակրում եւ Հայաստանում պետք է, ըստ Դավիթ Շահնազարյանի, այնպիսի իշխանություն, որը հնարավորին չափ քիչ խանգարի ժողովրդին՝ զարգացնել տնտեսությունը։

Հասկանալի է, որ խոսակցությունը չշրջանցեց Վանո Սիրադեղյանի թեման։ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, գլխավոր դատախազը եւ մյուսները պետք է կարդային օրենքները եւ Սահմանադրությունը, եւ իմանային «որ կարող էին ձերբակալել Սիրադեղյանին՝ առանց խախտելու օրենքը»։ Ասվեց, որ 72 ժամով կարելի էր ձերբակալել եւ 72 ժամը չլրացած նորից մտնել խորհրդարան՝ միջնորդությամբ։

«Այն գործընթացները, որոնք սկսվեցին ընտրական օրենսգիրքը ընդունելուց հետո, ուղղված էին բացարձակապես մի նպատակի՝ խլացնել ամեն ինչ կապված ընտրական օրենսգրքի հետ»։

Իսկ վարչապետը, ըստ Շահնազարյանի, «ընդդիմություն դառնալու ապագա չունի», բայց փորձում է դասեր տալ, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով «ներկայիս իշխանությունները պետք է հեռանան Հայաստանից, ինչքան շուտ՝ այնքան լավ», իսկ դրա ամենաճիշտ ճանապարհն այն է, որ խորհրդարանն ինքը անվստահություն հայտնի նախագահին։ Պաշտպանության նախարարի, ՀՀ նախագահի, վարչապետի, ՆԳ եւ ԱԱ նախարարի վերջին մեկ-երկու ելույթները (Հանրապետականների համագումարում, հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, ԱԺ-ում եւ «Արմենիա» հեռուստաընկերությամբ) «ապակայունացնող» որակվեցին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728