Բացարձակապես մտադիր չլինելով ինքնագովազդով զբաղվել, հայտնենք, որ Հայաստանի ԶԼՄ ընկերակցությունը «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ սոցիոլոգիական «Քաղաքական կուսակցությունները եւ զանգվածային լրատվամիջոցները առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո» ծրագրով հարցման արդյունքում, հարցաշարի 10-րդ կետում հետեւյալ հարցն էր. «Ո՞ր թերթն եք սովորաբար կարդում եւ վերջին հիշարժան հոդվածի վերնագիրը կամ թեման»։ Այս հարցին ի պատասխան ընթերցողների մեծամասնությունը 16 թերթերի շարքում գերադասեց «Առավոտ» օրաթերթը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Տավուշի մարզի (Նոյեմբերյանի շրջան) Ոսկեվան, Ջուջեվան եւ մի քանի այլ գյուղերում արդեն չորրորդ ամիսն է, ինչ մարդիկ կենսաթոշակ չեն ստանում։ Աշխարհից ու կյանքից կտրված այդ լեռնաշխարհում մարդիկ արդեն ընտելացել են նոյեմբերի թոշակը մայիսին ստանալ, մայիսինը՝ նոյեմբերին։ Գյուղացիները վստահ են, որ այս անգամ իրենց հասանելիք գումարներով մարվել են մարզպետարանի պարտքերը պետությանը, եւ շատ են ցանկանում, որ մարզպետ Պավլիկը մի օր «իր ոտով» գա իրենց աշխարհը։ Գյուղերի աշխարհագրական դիրքը եւ տեղը գտնելու գործում թոշակառուները խոստանում են օգնել մարզպետին։