Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎԸ ՄՇՏԱԿԱՆ ՏՈՄՍ ՉՈՒՆԻ

Փետրվար 13,1999 00:00
Xosrov Harutyunyan

Կամ ուներ, բայց կորցրել է

Քանի որ ԱԺ-ին այդպես էլ չհաջողվեց ստեղծել հանձնաժողով, որը կստուգեր «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման հանձնաժողով, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ է որոշել «խառնվել» այս գործին։

Որոշվել է ստեղծել ՀՀ նախագահին առընթեր մի հանձնաժողով, որի մեջ կընդգրկվեն թե գործադիր իշխանության պատասխանատուներ, թե ԱԺ պատգամավորներ։ Հանձնաժողովի հիմնական խնդիրը պետք է լինի ուսումնասիրել «ԱրմենՏելի» ստեղծման, գործարքների սեփականաշնորհման գործընթացի օրինականությունը։ Ստուգման արդյունքները երկամսյա ժամկետում պետք է ներկայացվեն ՀՀ նախագահին եւ ԱԺ-ին։ Հանձնաժողովի կազմում կլինեն արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի, կապի, ՆԳ եւ ԱԱ նախարարությունների, դատախազության ներկայացուցիչներ, նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցներ։ ԱԺ-ից (ՀՀ նախագահի առաջարկությամբ) պետք է ներկայացվեն 3 ներկայացուցիչ՝ մեկը քաղաքական մեծամասնությունից, երկուսը՝ փոքրամասնությունից։

Ըստ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի՝ այդ հանձնաժողովի նպատակը ոչ թե որոշումներ կայացնելն ու քաղաքական գնահատականներ տալն է, այլ ընդամենը փաստերի արձանագրումը։ Ապա փաստաթուղթը կհայտնվի ԱԺ «վարույթում», եւ ԱԺ-ն էլ արդեն կտա «քաղաքական գնահատական»։ Այդ հանձնաժողովի ցանկացած երեք անդամ կարող են առաջարկություն մտցնել ստուգվող օբյեկտի վերաբերյալ, եւ այն պետք է ընդունվի առանց քննարկման։

«ԱԺ-ն կարող է այդուհանդերձ, ստեղծել դրան զուգահեռ մի հանձնաժողով։ Խնդիրն այն է, թե որքանով է դա նպատակահարմար, եթե նույն հարցն ենք ուզում լուծել։ Կտեսնենք, թե ինչ կստացվի»,- նշեց նաեւ պրն Հարությունյանը։

Բաբկեն Արարքցյանի այն հայտարարությանը, թե հանձնաժողովի կազմմանը «դեմ» քվեարկած պատգամավորները (այսինքն՝ Խոսրով Հարությունյանը. միայն նա էր «դեմ» քվեարկել- Լ.Ա.) մշտական տոմս ունեն իշխանության վագոնում, պրն Հարությունյանն այսպես պատասխանեց. «Գիտեք ինչ, ընդհանրապես իշխանության վագոնում մշտական տոմս ունենալու հարցը հետաքրքիր է։ Բայց դա ինձ չեմ կարող վերագրել, քանի որ գոնե իմ անցյալն ասում է, որ գոնե ինձ չեմ կարող վերագրել։ Բայց պետք է զգույշ լինել. կան մարդիկ, որոնք երբ կորցնում են մշտականը, պատրաստ են գնացքը պայթեցնել։ Պետք է զգույշ լինել»։

Թե նախագահին առընթեր հանձնաժողովում ԱԺ-ն ինչ կազմով կմասնակցի կամ, առհասարակ, կմասնակցի, թե ոչ, պարզ կդառնա այսօր։

Թեեւ Արշակ Սադոյանը մտավախություն ուներ, թե սրանով ցանկանում են ԱԺ-ի «տեսադաշտից եւ օրակարգից» «ԱրմենՏելի» հարցը հանել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728