Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ իրականություն խորհրդարանում

Փետրվար 12,1999 00:00
ynddimadir

ԱԺ «իշխանամետ» եւ «ընդդիմադիր» պատգամավորների մեծ մասի գաղափարական ուղղվածությունը ենթակա է հովհարային փոփոխությունների

Արժե՞ր, արդյոք, որ ներկայիս ԱԺ-ն ընդուներ ընտրական օրենսգիրքը, քանի որ խորհրդարանը լինելով կեղծիքի արդյունք, իրենից ներկայացնում է Հայաստանում քաղաքական ուժերի ոչ թե իրական, այլ աղավաղված պատկեր։ Ինչպիսի վերադասավորումներ, փոխատեղումներ էլ այնտեղ տեղի ունենան, միեւնույն է, ընտրական օրենսգրքի ո՛չ միասնական տարբերակի կողմնակից խմբերն ու խմբակցությունները, ո՛չ էլ «Երկրապահ» պատգամավորական խումբը գաղափարական-քաղաքական կայուն հետագիծ ունեցող ուժեր չեն հանդիսանում, հետեւաբար վստահություն չեն ներշնչում այդ հիմնարար օրենքի մշակման հարցում։

Միացյալ տարբերակի կողմնակից կուսակցություններից միայն մեկ-երկուսի մասին կարելի է ասել, որ նրանք հստակ գաղափարների կրողներն են եղել իրենց ողջ գործունեության ընթացքում։ Մնացած կուսակցությունների կամ խմբավորումների տեսակետները միշտ ենթարկվել են «հովհարային» փոփոխությունների, կախված այդ տեսակետների «շահութաբերությունից»։ Թույլ տալ, որպեսզի մարդկանց այդպիսի խմբերը վճռեն երկրի կարեւորագույն օրենքներից մեկը, նշանակում է անարդարությունների նորանոր բռնկումների պայմաններ ստեղծել, այն կանխարգելելու փոխարեն։ Իհարկե, այդ խմբերում կլինեն բացառություն կազմող մարդիկ, որոնք, նախկինում կատարած սխալներից լուրջ եզրակացությունների հանգելով, կճշգրտեն իրենց վարքագիծը, կփորձեն առաջնորդվել ազնիվ կանոններով։ Բայց այն, ինչ անում են ՀՀՇ-ական կամ ՀՀՇ-ամետ ուժերը, ընդամենը աղմկարարություն է, որով փորձում են քողարկել իրենց անցած ուղին։ Ուղի, որն իրենից ներկայացնում է այն գաղափարների այլասերման ու արժեզրկման շղթան, որոնց պաշտպան են փորձում հանդիսանալ ներկայումս այդ ուժերը։ Այս դեպքում խոսել այդ կուսակցությունների ինքնամաքրման, ինքնագնահատման մասին, չափից ավելի միամտություն կլինի։

Օրենքի մյուս տարբերակի կողմնակիցների՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Երկրապահ» պատգամավորական խումբը նույնպես աչքի չի ընկնում քաղաքական անբասիրությամբ։ Այդ խումբը կազմող պատգամավորներից շատ քչերն ուղղակի կապ ունեն «երկրապահ» հասկացողության հետ։ Մյուսները նույն վերոհիշյալ «հովհարային» տեսակետների տեր պատգամավորներ են։ Հասարակությանը շատ անուններ են հայտնի այդ խմբից, որոնք կոմունիստների իշխանության օրոք կոմունիստ էին, ՀՀՇ-ի վարչակարգի օրոք կամ ՀՀՇ-ական էին, կամ «Հանրապետություն» միավորման անդամ, իսկ 98-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո մի քանի վայրկյանում «երկրապահ» դարձան։ Այս «փետրվարյան երկրապահները» մինչ այդ առանձնապես աչքի չեն ընկել ռազմական բնագավառին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ։

Զինվորականների, ռազմական գործիչների սոցիալական, իրավական խնդիրներն այս պատգամավորների գործունեության ընթացքում չեն էլ նշմարվում, այնինչ, նրանք առանց երկմտելու շտապեցին ներթափանցել երկրապահների շարքերը։ Իսկ ինչպե՞ս են «երկրապահ» պատգամավորական խմբի հիմքը կազմող նախկին ռազմական գործիչներն ընդունում այդպիսի պատգամավորներին, փորձում օգտվել քվեարկության կոճակ սեղմելու նրանց իմունիտետից։ Ճշմարիտ երկրապահը կարո՞ղ է օգտվել «կոճակ սեղմողների» բանակից՝ սեփական կարծիքը պարտադրելու նպատակով…

Այս օրենքի շուրջ կատարված իրադարձություններից ակնհայտորեն բխում է մեր քաղաքական իրականության վերագնահատման անհրաժեշտությունը։ Երկու ճամբարներում էլ ազնիվ փոքրամասնությունները պետք է իրենց ուժերը կենտրոնացնեն հասարակության առաջընթացի շահերից բխող օրենքի ստեղծման վրա, համագործակցելով նաեւ արտախորհրդարանական առողջ քաղաքական ուժերի հետ։

Ստեղծվել է վիրտուալ իրավիճակ, հետեւաբար պետք է փնտրել վիրտուալ լուծումներ։ Ունենք խորհրդարան, որը պետք է հասարակության քաղաքական համամասնությունների արտապատկերումը լիներ, բայց այդպիսին չէ։ Ուրեմն, պետք է որպես քաղաքական ընտրանի ընդունել այն կուսակցությունների շարքը, որոնք հայ քաղաքական համակարգում ունեն իրենց ուրույն տեղը։ Որպեսզի նրանցից յուրաքանչյուրի տեղը, քաղաքական կշիռը որոշելու հարցում սուբյեկտիվիզմը նվազագույնի հասցվի, կարելի է ելակետային համարել նախկին Գերագույն խորհրդի քաղաքական սպեկտրը։ Այնտեղ ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնախումբը ավելի մեծ վստահություն կներշնչի ընտրական օրենսգրքի ստեղծման առումով, քան ներկայիս ԱԺ-ն։ Այս տեսակետի ցանկացած հակափաստարկ կարելի է նախօրոք տապալված համարել, ելնելով միմիայն այն փաստարկից, որ ներկայիս ԱԺ-ն մեր քաղաքական ուժերի հարաբերակցությանը չի համապատասխանում։

Ինչ տեսանկյունից էլ մոտենանք, կհանգենք այն եզրակացությանը, որ այս Ազգային ժողովի միակ օգտակար ծառայությունը ինքնալուծարման որոշում ընդունելը կլինի։

ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728