Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 12,1999 00:00
andrkovkaz

 Վերջին ամիսներին նկատվում է Անդրկովկասի պետությունների, Արեւմուտքի խոշոր տերությունների եւ միջազգային քաղաքական կազմակերպությունների ակտիվությունը Անդրկովկասյան հաղորդակցության ուղիների ձեւավորման ասպարեզում։ Խոսքը նորաստեղծ տրանսպորտային ուղիների եւ դրանց վերանորոգման մասին է։ Այն Միջերկրածովյան-Սեւծովյան ավազանը միացնում է Եվրասիա-Միջին Ասիա ներքին տարածաշրջանների հետ։

Ներկայումս «Եվրամիության» հովանու ներքո ձեւավորվում են երկու խոշոր հաղորդակցության ուղիների նախագծերը, որոնք ուղղված են Անդրկովկասյան տարածաշրջանը «տրանսպորտային մեծ միջանցքի» վերածելուն։ Այդ նախագծերի ակտիվ մասնակիցներ են հանդիսանում Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան։ Այդ պետություններն էլ նոր նախագծերի ջատագովներն են։

Սակայն հակասություններ են առաջացել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ՏՐԱՍԵԿԱ նախագծի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրի կապակցությամբ։ Ինչպես հայտնի է, Ալիեւին հաջողվեց այն Բաքվում տեղավորել, ինչը Է. Շեւարդնաձեի «դժգոհությունը եւ վիրավորանքն» առաջ բերեց։

Բալկանյան տարածաշրջանի պետությունները, ընդհանրապես, շահագրգռված չեն այդ նախագծի քաղաքականացման մեջ եւ միանգամայն բացասաբար են վերաբերում Է. Շեւարդնաձեի եւ Հ. Ալիեւի ձգտումներին՝ այդ նախագծերն իրենց երկրների քաղաքական շահերին հարմարեցնելուն։ Այդ առիթով անցկացված սամիթում Հայաստանի առաջարկները հանգում էին հետեւյալին.

– Վրացական Բաթում եւ Փոթի նավահանգիստներից երկաթուղու վերակառուցումը Երեւանի միջով դեպի Նախիջեւան, ապա եւ իրանական Ջուլֆայի միջով Թեհրան՝ Կենտրոնական Ասիայի եւ Պարսկական ծոցի ուղղությամբ։

– Երեւան – Թբիլիսի ավտոխճուղու կառուցումը։

– Բաթում – Գյումրի – Երեւան ավտոմայրուղու կառուցումը։

Սամիթի ժամանակ արտահայտվեց Ռուսաստանի բացասական վերաբերմունքը այդ նախագծերի վերաբերյալ։ Իսկ Իրանն ու Հայաստանը փորձում են պայմանավորվել Երեւան-Ջուլֆա-Թավրիզ-Թեհրան երկաթուղու վերակառուցման ուղղությամբ։ Պետք է հիշատակել, որ պայմանավորվածություն կա Իրանի, Հայաստանի, Հունաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ԳԱՈՒՄ դաշինքի «բաժանման» քաղաքականության վերաբերյալ։

Հատուկ ուշադրության են արժանի Թուրքիայի ծրագրերը Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման առումով, որը պետք է «շրջանցի» Հայաստանը։ Հետաքրքիր է, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիայում անհանգստություն է առաջացել Ղարսի մարզը Թուրքիային պատկանելու օրինականության կապակցությամբ։ Այդ առթիվ միջոցառումներ են անցկացվում։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728