Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԲԱԺԻՆ ՄԵՂՔՆ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ

Փետրվար 12,1999 00:00
dataxazutyun

ՀՀ նախագահը որոշել է, որ «դատախազի միջնորդությունը երկրորդ անգամ մերժելու դեպքում Ազգային ժողովը կլուծարվի»։ «Եվ դա միանշանակ է»։

Այս անգամ թե լրացուցիչ ինչ փաստարկներ ու ապացույցներ կներկայացնի գլխավոր դատախազը Վ. Սիրադեղյանի մեղքը ապացուցելու համար՝ ոչ ոք չգիտի։ Տարիներ շարունակ զանգվածային լրատվության միջոցները, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները թմբկահարում էին Վ. Սիրադեղյանի ղեկավարած գերատեսչությունում օրենսդրության պահանջները ոտնահարելու, օրենքի խախտումներով քրեական գործեր ստեղծելու, պատվերով ձերբակալությունների, անցանկալի անձանց մեկուսացնելու դեպքերի մասին։ Շրջանառության մեջ էր, քաղաքացիություն էր ստացել «գլխին սարքեցին» արտահայտությունը։ Լռում էր, այդպիսի դեպքերի լինել կամ չլինելու մասին ոչինչ չէր ասում դատախազությունը։ Ով որ քիչ թե շատ պատկերացում ունի քրեական գործի ընթացքի մասին հարուցման պահից մինչեւ դատավճիռ կայացնելը, գիտի, որ ոստիկանությունը քրեական գործի, ժողովրդի լեզվով ասած, «կնքողն» է, իսկ «ապրեցնողը» դատախազությունն է։

Եվ դատախազությունը լռում էր, որովհետեւ ՆԳ մարմինների կողմից հարուցված քրեական գործերին ընթացք տալով, փաստորեն, օրինականացնում էր ՆԳ մարմինների բոլոր անօրինական գործողությունները, դրանով իսկ պայմաններ ստեղծելով ՆԳ մարմիններին ազատ ու անկաշկանդ խախտումներով գործելու համար։ Այսինքն, ՆԳ նախարարության շրջանային բաժնում մարդ են սպանել, հետաքննության մարմնի զբաղեցրած շենքի լուսամուտից մարդ է ընկել, մահափորձ են կազմակերպել, թե ուրիշ էլի ինչեր են արել՝ արել են օրենքների պահանջների անշեղ կատարման վրա հսկելու, օրինախախտումները վերացնելու առաքելությունը ունեցող, բացառիկ իրավասությամբ օժտված գերատեսչության՝ դատախազության լուռ համաձայնությամբ։

Բացի օրենքով սահմանված իրավունքներից ու պարտականություններից, հասարակությունը ապրում, գործում ու գոյատեւում է՝ ղեկավարվելով ու առաջնորդվելով նաեւ բարոյական նորմերով։ Շատ հաճախ մարդիկ գործելիս գերակայությունը տալիս են բարոյական նորմերին։ Պետական պաշտոնյայի խոսքն ավելի ծանրակշիռ ու հեղինակավոր է հնչում, եթե նա այդ խոսքն ասելու նաեւ բարոյական իրավունքն ունի։ Այլոց մեղադրելու բարոյական իրավունքն ունենալու համար Մեծարգո գլխավոր դատախազը նախ պետք է ներկայացներ Վ. Սիրադեղյանի ՆԳ նախարար աշխատած ժամանակ հանիրավի դատապարտված եւ արդարացված անձանց ցուցակը, ինչպես նաեւ, չմոռանալով իր համար էլ որեւէ տույժ ընտրել, դատախազության այն աշխատակիցների ցուցակը, որոնք պատժվել են այդ ժամանակաընթացքում իրենց պարտականությունները պատշաճ ձեւով չկատարելու համար։ Արդարացվելու փորձը այն պատճառաբանությամբ, թե այն ժամանակ գլխավոր դատախազը ուրիշ մարդ էր՝ անհիմն է։

Եթե անձնավորենք, ապա այսօրվա գլխավոր դատախազը քննեց, հիմնավորեց ու ապացուցեց Կ. Բալայանի մեղքը։ Եվ նա դատապարտվեց։ Իմիջիայլոց, համաձայն չլինելով դատավճռի հետ, Կիմ Բալայանը գանգատ է ներկայացրել, որը ցայսօր մնացել է անպատասխան։ Պատգամավորները կհասկանային եւ ըստ արժանվույն կգնահատեին, եթե պարոն գլխավոր դատախազը ընդուներ նաեւ իր սխալը, նոր մեղադրեր Վ. Սիրադեղյանին։ Վ. Սիրադեղյանն էլ պետք է հասկանա, որ իր վիճակն անհույս է։ Եթե պարոն գլխավոր դատախազը Կ. Բալայանի ձեռքի թափահարումը դրեց մեղադրանքի հիմքում եւ ապացուցեց, որ նա հանցագործ է, ուրեմն Վ. Սիրադեղյանը պրծում չունի։

ՍՄԲԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728