Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Փետրվար 12,1999 00:00
Xachik gyux

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում պրոբլեմներ՝ ինչքան ասես։ Չորս կիլոմետր երկարությամբ նոր բացված ջրագիծը այդ պրոբլեմների շարքից միայն ջրի հարցն է լուծում, այն էլ՝ մի քիչ։ Այդ մի քչից էլ գյուղացիներն ավելի շատ դժգոհ են, քան գոհ։ Թե ինչքանով է տեղին նրանց դժգոհությունը, թերեւս կօգնի հասկանալ Խաչիկում անցկացված մի քանի ժամը։

Զադոյանին սպասելիս

Մինչ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը, ծնունդով խաչիկցի՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը եւ մարզի մի քանի պաշտոնյաներ Արենի գյուղի խաչմերուկում սպասում էին տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանին, մի ձեռնափայտով ծերունի մոտեցավ եւ խոսքի բռնվեց նրանց հետ։ Մարզի միլպետը զարմացավ ծերունու ռուսերենի իմացության վրա։ Նա էլ թե՝ Գերմանիա եմ եղել, Ռուսաստան, «Ուկռանյա»։ Միլպետը, հավանաբար, կարծելով, որ միեւնույն է, այդ տեղերում հանդիպած չի լինի ավելի ականավոր դեմքի, ծերունուն աչքալուսանք տալու պես ասաց.

-Մարզպետն ա, է՜, ճանաչո՞ւմ ես։

Ծերունուն ոչինչ չմնաց անելու, քան ասել, որ «ուրախ է»։

-Ուրախ լինես-չլինես՝ էս ա,- եղավ պատասխանը։

Գյուղը կանգնել, ջրագիծ էր բացում

Խաչիկում ջրագծի խողովակի վրա ժապավեն էին կապել, դպրոցական սեղան-նստարաններից «պրեզիդիում» սարքել, երկու փոքր աղջիկների ձեռքին լավաշ ու աղ դրել, բարձրախոսն ու «կալոնկաները» միացրել ու սպասում էին հյուրերի ժամանմանը։ Անհամբեր սպասում էին իր ոտքով գյուղացու «դուռն եկած» նախարարին, ավելի շատ իրենց բողոքներն ու դժգոհությունները («ապրել չի լինում» ընդհանուր բանաձեւով) նրան անձամբ ասելու հույսով։ Սա հետո, իսկ առաջիններից մեկը պրն Զադոյանին մոտեցավ մի մարդ եւ խնդրեց հանրապետության նախագահին փոխանցել մարզադահլիճը վերանորոգելու համար իրենց գրավոր շնորհակալությունը։ Ասաց, որ բողոքներ էլ են ուղարկում ու ինչ հարցով լինի, դրանք լուծում ստանում են (՞)։ Դավիթ Զադոյանն էլ շտապեց հայտնել, որ «սա միակ գյուղն է, որ ռիսկով գալիս ենք։ Ինչ ասել ենք՝ անում ենք»։ Մեր այն հարցին, թե որտե՞ղ «ռիսկով» չեն գնում, պրն Զադոյանը պատասխանեց. «Շա՜տ կան»։ Հետագա ճշտումից պարզվեց, որ եթե ի վիճակի չի լինում հարցը լուծելու, պրն Զադոյանը չի էլ խոստանում։ Դատելով գյուղի մարդկանց՝ իրենց ծանր կյանքից զզված լինելու մասին արտահայտություններից, Դավիթ Զադոյանն այստեղ շատ բան չի խոստացել։

Առանց ջուր ոչ միայն ձուկը մեռանի

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված չորս կիլոմետրանոց ջրագիծը 24 մլն 800 հազար դրամ է արժեցել (մոտավորապես 50 հազար ԱՄՆ դոլար)։ Համայնքը 21 տոկոս ներդրում է կատարել։ (ՀՍՆՀ-ն ծրագրեր իրականացնում է Վայոց ձորի եւս յոթ բնակավայրերում)։

Մինչ այդ գյուղին ջուր մատակարարել է Արենի-Խաչիկ եռաստիճան ջրհան կայանը՝ երեք պոմպերով։ Էներգետիկ ճգնաժամը եւ պատերազմը շարքից հանել են այդ պոմպերը։ Հիմա էլ, ճիշտ է, էլեկտրաէներգիա կա, բայց ո՞վ է պոմպերի աշխատանքի դիմաց վճարողը, եթե նույնիսկ դրանք վերանորոգելու եւ վերագործարկելու գումարները գտնվեն։ Այնպես որ, Խաչիկն առայժմ պիտի «յոլա գնա» ինքնահոս այս ջրագծով, մինչեւ պետբյուջեն հնարավորություն տա իրագործելու Դավիթ Զադոյանի՝ խոստումի նմանվող արտահայտությունն այն մասին, որ այստեղ կկառուցվի նոր՝ 12 կիլոմետրանոց մի ջրագիծ՝ 600 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։

Սրանք երկուսով կբավարարեն գյուղի ջրի պահանջի (եւ խմելու, եւ 500 հեկտար ջրովի հողերի ոռոգման) 60-70 տոկոսը։

Մարզի ղեկավարությունը հավատացնում է, որ այս ջրագծի ջուրը կարելի է օգտագործել ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման նպատակներով։ Խմելու հարցը մի քիչ տարակուսելի է, քանի որ հետո ասում էին, թե դրա համար անհրաժեշտ է ջուրը եռացնել։ Սա դեռ ոչինչ, գյուղացիներն ասում են, որ խողովակները գնում են ոչ թե դեպի գյուղ, այլ ջրովի հողերը։ Այդ դեպքում, հավանաբար, մնում է «կրելու» մեթոդը։ Ժողովուրդն ասում էր, որ լավ կլիներ՝ առաջին հերթին խմելու ջրի հարցը լուծեին։ Մի երկուսն էլ ասում էին, որ նախագծով ջուրը գյուղ պիտի մտներ, բայց հետո «կողքով է անցել», այն էլ՝ «հին տրուբեքով»։ Երբ պարոն Զադոյանն ու գյուղացիները միասին թվարկում էին գյուղում նոր բացված օբյեկտները, ալրաղաց բառի վրա գյուղացիներն ասացին, որ հենց բացեցին, անմիջապես փակեցին. ցորեն չկա։ Հույս ունեն, որ գոնե եկող տարի երաշտ չի լինի, հողը բերք կտա, ցորենը կաղան, հաց կթխեն։

«Արդեն տասը տարի»

Մի գյուղացի խնդրում էր իրեն «սոլյարկա» տան, որ գարնանային աշխատանքները սկսեն։ «Փողը կա՞»,- հարցրեց մարզպետ Պանդուխտ Մանուկյանը։ «Թե որ լիներ, էլ ինչո՞ւ էի ձեզ ասում»,- հետեւեց տրամաբանական պատասխանը։

Բողոք-դժգոհությունների տարափ-աղմուկի մեջ պրն Զադոյանը բարեմաղթեց, թե Աստված տա, այնքան լավ լինի, որ ոչ մի օգնության կարիք գյուղացիները չունենան։ Մեկն էլ թե՝ «Ախր, տասը տարի է՝ դժվար է»։ Դավիթ Զադոյանը «չբարեմաղթեց». «Տասը տարի էլ կա»։

Խաչիկցիներն իրենց պրոբլեմների պատճառն ու աղբյուրը գիտեն՝ ջուրն է։ Ջրի հարցը լուծեք, ու խաչիկցին էլ ոչ մեկից ոչ մի օգնություն չի ուզի, «ռայոնին էլ կպահենք, քաղաքին էլ»։ Խնձորի այգիներն առանց ջրի արդեն չորացել են, մնացել է խաղողը։

Այլեւս սահմանամերձ չի՞

Խաչիկ գյուղից ադրբեջանցիների դիրքերը երեւում են։ Մի ծեր մարդ ասում էր, որ իր անասուններին չգիտի ինչով կերակրի։ Անասնակերը մնացել է հանդում, բերել չի կարողանում՝ «թուրքերը կրակում են»։

«Գյուղապետը խոտը փողով առնում է, տալիս իր անասուններին, ե՛ս ոնց անեմ։ Մի բան արեք, էլի՜»,- խնդրում էր Դավիթ Զադոյանին։ Վերջինս ասաց, որ եկավ Խաչիկ՝ էլի պիտի կռիվ սկսի՝ «թուրքերի» հետ։ Գյուղացիներից մեկը շատ պարզ ու հասկանալի խնդրանք ուներ. «Էդ էլեկտրականությունն ու հեռախոսը մեզնից վերցրեք, էլի»։ Մինչեւ հեռախոսավարձի թանկացումը, Խաչիկը որպես սահմանամերձ գյուղ (թեեւ պրն Զադոյանը փորձում էր համոզել, որ «իրենց գլխու» են այդքան մուծել) ամսական 100 դրամ է վճարել յուրաքանչյուր հեռախոսահամարի դիմաց։ Հիմա «մի սանրով քաշած»՝ 900 դրամ կամ, ավելի հասկանալի՝ 9 անգամ թանկ։

Մարզպետ Պանդուխտ Մանուկյանը հայտնեց, որ այս հարցով «պայքարը շարունակվում է»։ «Ո՞ւմ հետ» հարցիս պատասխանեց՝ «ԱրմենՏելի»։ Հնարավոր է նույնիսկ, որ Պանդուխտ Մանուկյանը այս պայքարի առաջամարտիկներից է։ Ժողովուրդը պիտի ճանաչի իր հերոսներին։

Առանց նպաստի հոդված կլինի՞

«Անասուններ ունեցողը նպաստ է ստանում, ես՝ չէ»,- պատմում էր մի մարդ։ «Դո՛ւք ինչ ունեք» հարցիս ասաց՝ ոչ մի բան։ Մի ուրիշը, ոչ մի բանի հետ, պարզվում է, ոտքեր էլ չունի։ Նրա համար բարեխոսում էին ուրիշները։ Մարզպետն անունը գրել տվեց, խոստացավ զբաղվել։

21-13՝ հօգուտ Խաչիկի

Դպրոցի վերանորոգված մարզադահլիճում տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանի ու Խաչիկի գյուղապետ Վաչագան Պողոսյանի «թենիսապայքարում» Խաչիկը 15 հազար դոլար շահեց։ Նախարարն ասաց՝ վարկ կտանք։ Եթե պրն Զադոյանը հաղթեր, գյուղում մի ֆերմա էր շահելու։ Բայց դե գյուղապետը անձնազոհաբա՛ր պայքարեց։ Տարոսը Հայաստանի բոլոր գյուղապետերին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728