Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱ՞Ն ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ

Փետրվար 12,1999 00:00
aviauxi

Խմբագրություն այցելած քաղաքացին հուզված էր։ Պատմում էր, որ փետրվարի սկզբին մեծ դժվարությամբ, իր ասելով գնից ավելի վճարելով, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում տոմս էր գնել։ Ավելի էր վճարել, որովհետեւ «Հայկական ավիաուղիների» մոսկովյան գրասենյակի դրամարկղում երկար ու համառ ասել էին, թե տոմս չկա։ Հետո, երբ նստել էր Լխ-86-ը, զարմացել էր, որ բազմաթիվ (մոտ 30) թափուր տեղ կա։ Ու հետո պատմեց, թե ինչ խոսքուզրույցի են բռնվել ուղեւորները թռիչքի ընթացքում։

Մենք բոլորս էլ հստակ գիտենք, թե ինչ թեմաներ են արծարծվում հասարակական տրանսպորտում։ Օդային երթեւեկությունը վաղուց արդեն մատչելի չէ շատերին։ Հետեւաբար, համարյա պատկերացում չունենք, թե ինչից են խոսում օդանավի ուղեւորները։ Նրանք նախ վստահ են, որ տոմսերի տարիֆները չարաշահումների մեծ հնարավորություն են տալիս։ Ուղեւորից կարելի է գանձել տոմսի ամբողջ գումարը, հետո մուտք անել 50 տոկոս զեղչով կամ ոչինչ (գրանցել որպես մանկական)։ Ասում են նաեւ, որ տոմսավաճառները 2-3 տարի աշխատելով՝ կարողանում են մոսկովյան շքեղ բնակարաններ գնել։ Խոսում են նաեւ, որ «Հայկական ավիաուղիները» ներքին ծառայողական քննություն է անցկացնում այս չարաշահումների բացահայտման համար։

Ուղեւորների մի մասը վստահ է, որ քաղաքացիներին տոմս չեն վաճառում, որովհետեւ ինքնաթիռները նորմայից ավելի բեռ են վերցնում։ Դատելով ուղեւորների զրույցներից, նրանք «Հայկական ավիաուղիներից» օգտվում են միայն այն դեպքում, երբ շտապ անհրաժեշտություն է առաջանում հայրենիք վերադառնալ։ Եթե չեն շտապում՝ գերադասում են օգտվել ռուսական ավիացիոն գործակալություններից։ Նրանք, ի տարբերություն մերոնց, գոնե շարքային սերվիս են ապահովում (հնարավոր է հեռախոսով տոմս պատվիրել, որը կհանձնվի գնորդի նշած հասցեում)։ Իսկ մերոնք մի տեսակ հայավարի են աշխատում՝ փնթի ու թափթփված։

Ահա մոտավորապես այսպիսի զրույցներ կարելի է լսել մեր ավիաուղիների ինքնաթիռով Մոսկվայից Երեւան վերադառնալիս։ Իսկ դրանք հետո պաշտոնապես ճշտելը բավական բարդ, համարյա անհնար գործ է։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728