Մինչեւ 1998-ի իշխանափոխությունը Արմավիրում տեղական իշխանությունը բացառապես ՀՀՇ-ական էր։ Մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը, Արմավիրի քաղաքապետ Նորիկ Մնոյանը ՀՀՇ վարչության անդամներ էին, ԱԺ-ում Հանրապետություն խմբակցության անդամներ։
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո տեղական իշխանությանն ընդդիմադիր ուժերի կողմից կազմակերպվեց հանրահավաք, մարզպետարանի շենքի շրջափակում՝ մարզպետի հրաժարականի պահանջով։ Մարզպետը հեռացավ, իսկ քարտուղարը հեռացվեց նոր մարզպետ Ալբերտ Հերոյանի հրամանով։ Հասկանալի է, որ նրանք երկրապահ չդարձան։
Քաղաքապետ Նորիկ Մնոյանը շարունակեց պաշտոնավարել՝ ունենալով նոր մարզպետի անբարյացակամ վերաբերմունքը, թշնամանքն ու իրենից ազատված լինելու զգացումը։ Սակայն մարզպետի համար, որը հաշվեհարդար տեսավ մարզպետարանի համակարգում աշխատող նախկին ՀՀՇ-ական պաշտոնյաների հետ, դժվար էր նույն կերպ վարվել քաղաքապետի հետ։ Այս պաշտոնն ընտրովի է, եւ քաղաքապետին անվստահություն կարող է հայտնել միայն կառավարությունը, այն էլ, եթե քաղաքապետը համապատասխան ֆինանսավորման դեպքում չի կատարել իր պարտականությունները։ Կենտրոնական բյուջեն զգալի պարտքեր ունի ցանկացած քաղաքապետարանի, եւ նման պայմաններում պրն Մնոյանն էլ չէր կարող մեղադրվել պաշտոնական պարտականությունների թերակատարման մեջ։ Սակայն քաղաքապետը, չնայած սահմանափակված լիազորություններին, տիրապետում է բավական ազդեցիկ լծակների, որոնց անհրաժեշտությունը առավել զգալի է ընտրությունների նախաշեմին։
Ընտրական օրենսգիրքն էլ պաշտպանելով «քաղաքապետերի մարդու իրավունքները», հաստատեց, որ ԱԺ պատգամավոր դառնալու ուղին սկսվում է քաղաքապետ դառնալուց։ Մեկ շաբաթ առաջ, առաջ անցնելով կառավարությունից, պրն Մնոյանն ինքը դիմում գրեց կառավարությանը, խնդրելով իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Նման ցանկությունը պատճառաբանվում է վատառողջությամբ։ Մարդիկ, ովքեր վերջին մի քանի օրերին հանդիպել են Արմավիրի քաղաքապետին՝ հավաստում են, որ նրա առողջությունը ոչնչով չի տարբերվում նախկինից, բացառությամբ ընդգծված շփոթվածությունը եւ դեմքի անհանգիստ արտահայտությունը։ Իր հրաժարականը պրն Մնոյանը ոչնչով չի բացատրում, նույնիսկ մերձավոր շրջապատին։ Մարզպետ Հերոյանի հետ լարված հարաբերություններն առկա են եղել վերջին ամիսների ընթացքում։
Կարդացեք նաև
Ըստ հավաստի աղբյուրների՝ Նորիկ Մնոյանի հրաժարականը շատ կտրուկ պահանջել է Տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը։ Ըստ շրջապատի՝ Նորիկ Մնոյանը խիստ վախկոտ մարդ է։ Նրանից երես էին թեքել թե ՀՀՇ-ական մնացած ընկերները, նրան մեղադրելով անսկզբունքայնության մեջ, թե այն ընկերները, որոնց քաղաքապետը մերժել էր կրպակի կամ խանութի համար տարածք հատկացնել։ Նորիկ Մնոյանը միայնակ էր։ Քաղաքապետ աշխատած տարիներին նա եւ նրա ղեկավարած չինովնիկները բազմաթիվ մանր ու մեծ մեղքերի հեղինակներ են։ Նման ծանր բեռով քաղաքապետը դժվար դիմանար արտաքին ճնշումներին եւ սկզբունքայնություն խաղար։
Ա. Բ.