Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ մեր զրույցը սկսեցինք Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին քաղաքական գնահատական տալու խնդրանքով։
-Իշխանություններին քաղաքական գնահատական տալիս է ժողովուրդը ընտրություններով։ Եթե ընտրություններով ժողովուրդը «ոչ» է ասում իշխանություններին եւ ձեւավորվում է նոր իշխանություն, ապա ակնհայտ է բացասական քաղաքական գնահատականը։ Ինձ համար ծիծաղելի է, երբ մի քանի քաղաքական կազմակերպություններ փորձում են քաղաքական գնահատական տալ նախկիններին։ Եթե ընդունելու լինենք, որ ընտրություններն արդար են եղել (իսկ մենք գիտենք, որ դրանք կեղծվել են), ապա պետք է ասել, որ ժողովուրդը դրական է գնահատել նախորդ իշխանությունների գործունեությունը։ Եթե դիտելու լինենք թեկնածուների ցուցակը, ապա պարզ է, որ նախորդ իշխանությունը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը եւ դարձավ նախագահ։
Իսկ գուցե այդ ուժերը կարծում են, որ ընտրություններն արդար չեն եղել, այդ դեպքում նրանք սատարել են ապօրինի ընտրվող նախագահին։ Մյուս կողմից՝ եթե ներկա իշխանությունը ցանկանում էր իրոք ապացուցել նախկինների հանցավորությունը (նրանցից տարանջատվելու համար), ապա պետք է բացահայտեր 1995-96 թթ. ընտրությունները կեղծողներին, էլեկտրաէներգիա գողացողներին, որը չարվեց։ Նախկին իշխանություններին քննադատելն ինքնարդարացման ձեւ է։ Հայաստանում նախկին կամ ներկա իշխանություն չկա, ուղղակի նախկինների մի մասը շարունակում է մնալ իշխանության։ Եթե այսօրվա իշխանության մի մասը հեռացնի մյուսին, ի՞նչ է, կրկին պետք է խոսել նախկիններին գնահատական տալու մասի՞ն։ Մարդիկ նորից կսկսեն խոսել իրենց ընկերների կատարած հանցագործությունների մասին։
– Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ինքնարդարացման փո՞րձ էր, թե՞ հանցագործներին պատժելու ցանկություն։
Կարդացեք նաև
– Հայաստանի իշխանությունները չեն գնում հանցագործությունների պատժման ճանապարհով, որովհետեւ այսօր էլ բազմաթիվ հանցագործություններ են կատարվում եւ ժողովուրդն էլ գիտի, որ դրանք չեն բացահայտվում։ Այս մեկ տարվա ընթացքում ոչ մի քայլ չարվեց ժողովրդի հույսերն արդարացնելու համար։ Իշխանությունների, առանց այն էլ ցածր վարկանիշն ավելի ընկավ, եւ նրանք փորձեցին այդ ճանապարհով բարձրացնել իրենց հեղինակությունը։ Համոզված եմ, որ եթե իշխանափոխությունն արած լիներ ոչ թե Վազգեն Սարգսյանը, այլ Վանո Սիրադեղյանը, չէր բացառվում, որ դատախազը ձերբակալման սանցկիա ստանալու միջնորդություն ներկայացներ Վազգեն Սարգսյանի համար, իսկ «Ար»-ի ասպետի կոչումը կստանար Վանո Սիրադեղյանը։
– Ինչո՞ւ ընտրվեց հենց Վանո Սիրադեղյանը։
– Կարեւոր է, որ Վանո Սիրադեղյանը սկսեց բացահայտումներ անել 1996 թ. ընտրությունների մասին։ Նախկին իշխանության սեպտեմբերյան դեպքերի ամենաակտիվ մասնակիցը խոստովանեց, որ ընտրություններն իրենք կեղծել են, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ չի ընտրվել։ Սիրադեղյանը բացահայտեց այն ժամանակվա գործող ֆիգուրների անունները, որ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել են այդ կեղծիքներին, դրանով հարվածելով նաեւ «ներկա իշխանություններին»։ Այդ էր պատճառը, որ հիմնական հարվածն ուղղվեց նրա դեմ։ Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, սակայն, իմ կարծիքով, Վանո Սիրադեղյանը մեղսակից է այդ հանցագործություններին։ Եթե նա մեղսակից է, ապա այդ հանցագործություններին տեղյակ կամ մասնակից են նաեւ նախկին նախագահը, պաշտպանության նախարարը։
Պատահական չէ, որ երբ Վանո Սիրադեղյանը մեղադրում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինս լռում էր եւ հանկարծ, խախտելով լռությունը, պաշտպանեց սպանության մեջ մեղադրվող իր ընկերոջը, իսկ պաշտպանության նախարարը օգնում է, որ հեռանա երկրից։ Վանո Սիրադեղյանի հեռանալն իշխանությունները ներկայացնում են, թե իբր օրենքով ոչ ոք իրավունք չուներ նրան արգելելու։ Կարծես, մենք իրավական պետության մեջ ենք ապրում։ Բոլորին է հայտնի, որ զորակոչի տարիքի երիտասարդներին անօրինական կերպով արգելում են հեռանալ Հայաստանից։
– Դաշնակցության եւ 1996 թ. սեպտեմբերյան դեպքերի մասնակիցների ազատ արձակմամբ Հայաստանում այլեւս չմնացին քաղաքական հայացքների համար հետապնդվողներ։ Վանո Սիրադեղյանն այդպիսին է, եւ չե՞ք պատրաստվում պաշտպանել նրան։
– Տեղյակ լինելով Վանո Սիրադեղյանի նախկին գործունեությանը եւ չմոռանալով Արշալույս գյուղի խնջույքի ժամանակ նրա արտասանած ճառերը, չեմ կասկածում, որ նա կատարել է հանցագործություններ։ Եթե նրան դատեին, դա կլիներ քրեական դատավարություն։
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ։
– Այսօր Հայաստանում քաղկալանավորներ չկան։ Այլ հարց է, լավ է դա, թե վատ։ Որպես իրավապաշտպան, ես դա պետք է դրական գնահատեմ։ Ընդհանրապես քաղկալանավորներ չեն լինում ժողովրդավարական երկրներում։ Սակայն Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, այստեղ խախտվում են մարդու իրավունքները, ճնշվում է ընտրողի ազատ ընտրություն կատարելու իրավունքը։ Նման պայմաններում, եթե չկան քաղկալանավորներ, դա լավ բան չի ասում ժողովրդի եւ ընդդիմության մասին։
– Ինչի՞ հետեւանք են բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները։
– Ոչինչ չեմ կարող ասել դրդապատճառների մասին։ Կարծում եմ, որ սա եւս կապված է հետքեր թաքցնելու հետ։ Նախկին եւ ներկա իշխանությունների մեջ «ռազբորկա» է գնում, որի արդյունքում տեղի են ունենում սպանություններ։
– Նախկինում դուք ասում էիք, որ կապ չունի, թե ինչպիսի ընտրական օրենսգիրք կընդունվի, միեւնույն է, իշխանությունները կեղծելու են ընտրությունները։ Ինչո՞ւ իշխանությունը պնդեց իր տարբերակի անցկացման վրա։
– Ճիշտն ասած, լավատեսորեն սխալվում էի, կարծելով, թե օրենքը ցույց կտան լավագույն ձեւով, բայց կանեն կեղծիքներ, ինչպես եղավ 1995 թ.-ից հետո։ Բայց պայմանական լավ օրենքի դեպքում կեղծիքներն ավելի բացահայտ էին։ Անցյալի փորձը դաս եղավ իշխանությունների համար, եւ նրանք որոշեցին այնպիսի օրենք ընդունել, որ կեղծիքները քողարկվեն Արեւմուտքի աչքը փակելու համար (Եվրախորհուրդ մտնելու հարցեր կան)։
– Չնայած ձեր դժգոհությանը, ընտրական օրենսգրքում հաշվի է առնված մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի նրբերանգ, ինչպիսին քաղաքապետերի ընտրվելու իրավունքն է։ Որեւէ իրավապաշտպան երբեւէ հանդես չի եկել այդ իրավունքը պաշտպանող կոչով, ինչը ստիպված էր անել նախագահը։
– Դա նույնատիպ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր էր, ինչպես անցած տարի նախագահը, խախտելով Սահմանադրությունը, դրեց իր թեկնածությունը, մտածելով, որ եթե չդնի թեկնածությունը, կխախտի մարդու իրավունքները։
– Արեւմտյան չափանիշներով իրավապաշտպանը չպետք է խառնվի քաղաքականությանը։ Սակայն ԱԺՄ վերջին հանրահավաքում ելույթ ունենալով դուք լուրջ հայտ ներկայացրիք ակտիվ քաղաքականությանը մասնակցելու համար։
– Այդ հարցը շատ է քննարկվել։ Ոչ ժողովրդավարական երկրներում իրավապաշտպանները միշտ եղել են ակտիվ քաղաքականության մեջ, օրինակ, Վացլավ Հավելը Չեխոսլովակիայում, Սախարովը՝ ԽՍՀՄ-ում, Սերգեյ Կովալյովը՝ ՌԴ-ում։ Հայաստանում իրավապաշտպանն ուզի, թե չուզի, պետք է լինի քաղաքականության մեջ։ Հայաստանի ներկայիս թիվ մեկ խնդիրը մարդկանց՝ օրենքով պաշտպանված լինելն է։ Ընդհանրապես ժողովրդավարության հաղթանակը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը կլինեն Հայաստանի զարգացման հիմքը, որը պետական եւ ազգային խնդիր է։
– Հելսինկյան կոմիտեն բազմիցս արձագանքել է բանակում կատարված սպանություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում Վազգեն Սարգսյանի «Ես լավ պաշտպանության նախարար եմ» արտահայտությանը։
– Նախարարի գործունեությունը կգնահատի ժողովուրդը եւ պատմությունը։ Ոչ ոք չի մոռացել, թե նա ինչպիսի պարտված նախարար էր 1992 թվականին։ Միակ հաջողված օպերացիան դա 1996 թ. օպերայի գրավումն էր։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ