Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը սպասում էր, որ Լուժկովն իրեն ուրախացնի

Փետրվար 12,1999 00:00
yuri lujkov

Ռուսաստանի Դաշնությունում զարգացող քաղաքական եւ տնտեսական իրադարձությունները, նախագահական ընտրությունների բուռն նախապատրաստությունը հուշում են, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցը Հայաստան (մասնավորապես՝ Երեւան) սոսկ «քույր» քաղաքի ճարտարապետությամբ հիանալու նպատակ չուներ։

Օդանավակայանում նրան դիմավորողների ցանկից ավելի ճշգրիտ հետեւություն կարելի էր անել. այցը Լուժկովի նախընտրական ծրագրի մեջ էր մտնում։ Վարչապետ Արմեն Դարբինյանի եւ կառավարության անդամների լրջմիտ կեցվածքներն էլ էին դա վկայում։

Սհաթն օրհնվեց

Մի քանի պրոտոկոլային նախադասություններից հետո, Մոսկվայի քաղաքապետն ասաց, որ գործնական նպատակներով է եկել մեր երկիր։ Մասնավորապես՝ նախաձեռնելու ավտոմեքենաների արտադրություն, խրախուսելու մեր քիմիական արդյունաբերությունը, ստորագրելու կրթությանն, առողջապահությանն առնչվող որոշ համաձայնագրեր։ Նա ցանկություն հայտնեց, որ իր գլխավորած «Հայրենիք» («ԿՑպփպրՑՉՏ») հասարակական-քաղաքական կազմակերպությունը շփման մեջ մտնի նաեւ այստեղի քաղաքական ուժերի հետ՝ թեկուզեւ միայն ծանոթանալու նպատակով։ «Ռուսաստանում չէի ասի, թե ակտիվ, իրադարձային քաղաքական կյանք է։ … Ես անկեղծորեն գտնում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է»:

Հայավարի ֆետիշացում

Օդանավակայանից մեքենաներն ուղղվեցին դեպի Կառավարության շենք, ուր ի տես պատվավոր հյուրի՝ ցուցադրվում էին տեղական արտադրանքի նվաճումները՝ սարքավորումներից մինչեւ կաթումածուն։ Ցուցահանդեսի «զարդը» Լուժկովի մեծադիր լուսանկարն էր՝ հավաքած կոմպյուտերով։ Նկարը հետո փաթաթեցին եւ նվիրեցին պրն Լուժկովին (մեր մեջ ասած՝ վերջինս ամենեւին էլ խանդավառված չէր իրեն այդ վիճակով տեսնելուց)։ Քաղաքաշինության նախարարն այնպես էր ներկայացնում եւ լուսանկար առ լուսանկար բացատրում 88-ի երկրաշարժը, կարծես առաջին անգամ էր հյուրն այդ մասին տեղեկանում։ Վարչապետը՝ օգտվելով այն հանգամանքից, որ Լուժկովը հայերեն չգիտի, մայրենի լեզվով թիկնապահներին հորդորում էր իրենց շուրջ ստեղծել հնարավորինս մեծ ազատ տարածություն։

Լուժկովը Չիլինգարովի ընկերն է

Յուրի Լուժկովի պատվիրակության միակ «Лицо кавказской национальности»-ն Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովն էր։ Նրա հետ էլ մի փոքր զրուցեցի։

– Պրն Չիլինգարով, որքանո՞վ եք հնարավոր համարում Ռուսաստանում վաղաժամ նախագահական ընտրությունները։

– Դե՜, ոչ։ Կա նախագահ, որը, դե՜, հիվանդ է։ Թող ապաքինվի։ Այդ առումով ոչ մի էքստրեմիստական նպատակ չունենք։ Եթե ինքը գտնում է, որ կարող է աշխատել, թող աշխատի։ Եթե գտնում է, որ չի կարող, թող հեռանա։

– Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ՌԴ ապագա նախագահը Լուժկովը կլինի։ Եթե հաշվի առնենք Պրիմակովի պարագան։

– Լուժկովն իմ ընկերն է, եւ ես ուրախ կլինեմ, եթե նա քաղաքականության մեջ առաջ գնա։ Իսկ եղանակի տեսությամբ չեմ ուզում զբաղվել։ Դժվար է։

Լուժկովը Սելեզնյովի ընկերը չէ

Մինչ Ռուսաստանում կոմունիստների դերը գնահատելը՝ պրն Լուժկովն իր անեկդոտների հին պաշարից մեկ-երկուսը պատմեց։ Դրանք Հայկական ռադիոյի մասին էին։ Ապա թե՝ «Ես կոմկուսին շատ նորմալ եմ վերաբերվում։ Դա կուսակցություն է, որին սատարում է հասարակության որոշակի խավ։

Իր փիլիսոփայությամբ եւ գաղափարախոսությամբ շատ չի հրապուրում երիտասարդներին։ Չնայած, որ այսօր կոմկուսը բավական ուժեղ է, սակայն հեռանկար չունի։ Ինչ վերաբերում է Սելեզնյովի հայտարարություններին, ապա չեմ կարծում, որ ճիշտ կլինի դրանց ուշադրություն դարձնել։ Աստված իր հետ։ Կարծում եմ, որ նա այս պարագայում ահագին հետ է մնացել քաղաքական եւ գործնական էթիկայից»։

«Ինչո՞վ կուրախացնեք մեզ, պարոն Լուժկով»

Չգիտես ինչու, կառավարության շենքի մոտ համախմբված հայերն այս հարցն ուղղեցին Մոսկվայի քաղաքապետին։ Վերջինս ավանդական խոսքերով հավաստիացրեց, որ մեր երկու երկրների արդյունաբերությունը, մշակույթը եւ գիտությունը պետք է զարգացնել եւ այլն, եւ այլն։ Բազմության միջից թույլ եւ կարճատեւ ծափեր հնչեցին։

Հարցուպատասխան

ՀՀ վարչապետի եւ կառավարության այլ անդամների հետ երկարատեւ ու փակ զրույցից հետո պրն Լուժկովը մի տասը րոպեով էլ համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում Բերեզովսկուն» հարցին Լուժկովը պատասխանեց։

– Բացասական։ Կարծում եմ, որ խոսելով Բերեզովսկու մասին՝ որպես ԱՊՀ քարտուղարի, ոչ մի դրական արդյունք չենք կարող նշել։ Ամենեւին։ Ավելին, հիմա նրա ակտիվ աշխատանքի արդյունքում (որը ոչ ԱՊՀ-ի օգտին է) հայտնվել են շատ միտումներ, որոնք չեն ամրապնդում ԱՊՀ-ն։ Կարծում եմ, որ նրան ԱՊՀ-ում գրավում են ավելի կոմերցիոն (ընդ որում՝ սեփական կոմերցիայի) խնդիրներ, այլ ոչ թե այնպիսիք, որոնք պետք է որ հետաքրքրեն ԱՊՀ քարտուղարին։ Ես նրա աշխատանքը գնահատում եմ խիստ բացասական։ ԱՊՀ մասին խոսելիս՝ Լուժկովն ափսոսանք հայտնեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հանրապետությունները կորցրեցին միացյալ տնտեսական դաշտը։ Վաղը, մյուս օրը «մենք ստիպված ենք լինելու այն վերականգնել։ … Այն, ինչ հիմա մենք Հայաստանի հետ միասին անում ենք, փորձ է վերականգնել այն կոոպերացիոն կապերը, որոնք առաջ ստեղծում էին աշխատատեղեր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»։

Կառավարական տնից Յուրի Լուժկովը գնաց ծաղիկներ դնելու Եղեռնի զոհերի հուշարձանին, ապա Մատենադարան։

Վերջում Լուժկովն ամեն դեպքում նշեց, որ գոհ է իր այցի արդյունքներից։ Դժգոհ չէր երեւում նաեւ մեր վարչապետը։ Ավելին՝ անգամ բարեհոգաբար ժպտում էր։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728