Վարչապետի ելույթից հետո արտահերթ նստաշրջանի անցկացումը ձախողման եզրին հայտնվեց։ Երեկ նիստը ժամը 13-ին հազիվ սկսեցին։
Ովքեր էին ուզում տապալել նստաշրջանը
«Հայրենիք» խումբն «Առավոտին» մի ցուցակ տրամադրեց, որտեղ այն պատգամավորների անուններն են, որոնք իրենց բացակայությամբ քիչ էր մնում տապալեին նստաշրջանը։ Առավոտյան բացակա 94 պատգամավորներից 50-ը «Երկրապահ» խմբի անդամներ էին։ Ընդ որում, ինչպես պնդում էին «Հայրենիքի» անդամները՝ Իշխան Զաքարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սիմոն եւ Ռազմիկ Մարտիրոսյանները, Արտաշես Թումանյանը ներկա էին, բայց չէին գրանցվում։
Կրկին փորձիր
Կարդացեք նաև
Սակայն այժմ հենց «Երկրապահ» խումբը ստորագրություններ է հավաքում արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, որտեղ պիտի դարձյալ փորձեն «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող (ԱԺ վերահսկիչ պալատի օգնությամբ) ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Քանզի վարչապետի աջակցությանն արժանացած այս նախաձեռնությանը երեկ 90 հոգի «կողմ» քվեարկեցին, ոչ մի «ձեռնպահ» չկար եւ ընդամենը մեկն էր դեմ՝ բայց քվեարկությունը չէր կայացել։ Ի դեպ, «դեմ» էր քվեարկել ԱԺ նախագահը։ Նրա քվեարկությունը հաստատ չի կարելի այն հանգամանքով բացատրել, որ նախորդ օրը (առանց անունը տալու) Արմեն Դարբինյանը քննադատել էր Խոսրով Հարությունյանի տեսակետը՝ սակագների ոչ հիմնավորվածության վերաբերյալ։ Վարչապետն ասել էր. «Միանշանակ մերժում եմ այստեղ հնչած հայտարարությունը, թե կառավարությունը չունի «ԱրմենՏելի» սակագների ձեւավորման հիմնավոր հաշվարկներ»։
Ապակառուցողականն ինքդ ես
Էդվարդ Եգորյանը հրապարակավ պատասխանեց իր վերաբերյալ վարչապետի արտահայտություններին (հերքեց, որ 25 տարով մենաշնորհ է տրված եղել, որ «ԱրմենՏելի» նախնական գինն ավելի ցածր է եղել։ Ասաց, որ այս վարչապետը 400-ով ավելի օբյեկտներ է սեփականաշնորհել, քան Հրանտ Բագրատյանը եւ այլն)։ Ավելին՝ նախագահին էլ անդրադարձավ եւ թեւավոր միտք դառնալու հավակնություն ունեցող մի հայտարարություն արեց. «Այս երկրում մի փիղ կա՝ ժողովուրդը։ Մնացածը մոսկաներ են»։
Ծագած առաջին միտքն էր. «Բա մի փիղ էլ չկա՞ր՝ Վովա անունով»։ Իսկ երկրորդ միտքը. «Եթե ժողովուրդը փիղ է, իսկ Քոչարյանի կուսակցությունը, ինչպես հայտնի է, այդ փիղն է, ուրեմն նրա առաջնորդն էլ…»։
Ինչի՞ հիման վրա են դատելու Արարքցյանին
Խմբակցությունների ելույթներից առանձնապես հետաքրքիր էր Բաբկեն Արարքցյանի խոսքը. «Մենք չենք ուզում այսօր այս պսիխոզի մթնոլորտի վրա նավթ լցնել, բայց որ ասելու բան լինի՝ էնքա՜ն բան կասենք»։ Նա էլ առանց անունը տալու, վարչապետի ելույթին անդրադարձավ եւ հիշեցրեց. «ԱրմենՏելի» վերաբերյալ նախաձեռնությունները «Հայրենիքինն» են, որը ժամանակին քննադատում էր իշխանություններին, եւ այդ օրինագծերը պաշտպանում են ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն եւ այլ ընդդիմադիրները. «Թվում է, բոլոր սլաքներն ուղղված են դեպի այն ժամանակվա իշխանությունները։ Մենք կողմ ենք սրան։ Թվում էր՝ մենք պիտի դեմ լինեինք, որպեսզի փակեինք այս հարցը, թույլ չտայինք այդ հարցն ուսումնասիրվեր»։ Հետեւեց եւս մի արժանահիշատակ հայտարարություն. «Ես ուզում եմ, որ վաղը, երբ Բաբկեն Արարքցյանի համար կգան այստեղ եւ կցանկանան նրան քրեական պատասխանատվության կանչել «ԱրմենՏել» ձեռնարկության կամ չգիտեմ ինչի համար՝ դա ոչ թե հիմնված լինի մեկ տարի կալանավայրում, մեկուսարանում գտնվող մեկի ցուցմունքների, այլ հիմնված լինի այ այս պատգամավորական հանձնախմբի եզրակացության վրա։ Ուրեմն, ըստ երեւույթին, դեմ են միայն այն մարդիկ, որոնք մշտական տոմս ունեն այն վագոնում, որի վրա գրված է՝ իշխանություն»։ Արձանագրենք ըստ այդմ, որ ԱԺ-ում առայժմ միայն մեկը իշխանության մեջ մշտական տոմս ունի։
«Օրենք Տիգրան Նաղդալյանի մասին»
Երեկ սկսեցին քննարկել Էդվարդ Եգորյանի եւս մի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» եւ «Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ-ների կառավարման մասին»։ Սա էլ է արժանացել կառավարության բացասական գնահատականին։
Համառոտ՝ օրենքի էությունն այս է, թե այդ երկու ընկերությունները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հասարակության ներկայացուցիչների համակարգիչ խորհուրդ։ Այդ խորհրդի մեջ պիտի ընդգրկվեն մեկական ներկայացուցիչներ՝ ԱԺ խմբեր-խմբակցություններից, ստեղծագործական միություններից, Գիտությունների ակադեմիայից եւ ՊԲԸ-ների կոլեկտիվներից։
Կառավարության համար այս նախաձեռնությունն անընդունելի է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած, մասնավորապես, այս պատճառով, թե ՊԲԸ-ների սեփականատերը Հայաստան պետությունն է (ըստ Քաղաքացիական օրենսգրքի), իսկ պետական գույքի կառավարումն իրականացնում է կառավարությունը (ըստ Սահմանադրության)։
«Հիմնավոր անվստահություն կա գործադիր իշխանությունների՝ այս ոլորտում վարած քաղաքականության նկատմամբ»,- «Հայրենիքի» անունից ասաց Այդին Մորիկյանը։ «Հայաստանի ազգային հեռուստատեսությունն առանձին անձանց, խմբերի, գործադիր իշխանության շահերն է ներկայացնում՝ ոչ ազգի»,- հայտարարեց Պետրոս Մաքեյանը՝ ՀԱՀ-ին մեղադրելով աչառու տեղեկատվություն տարածելու մեջ։ «Իսկ ո՞վ է գնահատողը, որ անաչառ չէ,- ավելի սուր արձագանքեց Դավիթ Հարությունյանը։- Սա հենց այն ճանապարհն է, որով, ի վերջո, փորձում ենք ստեղծել ձեռքի կամ վարժեցված լրատվամիջոցներ»։ Հենց արդարադատության նախարարն էլ Տիգրան Նաղդալյանի անունով կոչեց այս օրենքը, որի վերաբերյալ մտքերի փոխանակումները կշարունակվեն այսօր։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ