Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի Մեծ բազմություն էր հավաքվել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի հուղարկավորության արարողությանը։ Կեսօրին մոտ արդեն նրա հարազատներն ու զինակից ընկերները մայրաքաղաքի Սպայի տանն էին, ուր եւ հրաժեշտի համար դրվել էր գեներալ- մայորի աճյունը։ Բազմաթիվ խոսակցություններ էին պտտվում հավաքվածների մեջ, եւ բոլորն էլ համարյա բացառում էին ինքնասպանության հնարավորությունը՝ միմյանցից անկախ։ Այն հանգամանքով պայմանավորված, որ Արծրուն Մարգարյանը գեներալ- մայորի կոչումը ստացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով էլ պարգեւատրվել էր «Մարտական ծառայության» մեդալով, բոլորը սպասում էին նրանց այցին։ Սակայն հանրապետության ո՛չ առաջին եւ ո՛չ էլ գործող նախագահները Սպայի տուն չայցելեցին։ Զարմացրեց նաեւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի բացակայությունը։ Առաջ անցնելով ասենք, որ «Եռաբլուրում» տեղի ունեցած սգո միտինգին խոսք ասելով, պաշտպանության նախարարի բացակայության մասին բացատրություններ տվեց ՊՆ բանակային կորպուսի հրամանատար Սեյրան Օհանյանը. «Սգո միտինգի հարգելի մասնակիցներ։ Արծրուն Մարգարյանի զինակից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը սփոփանքի իր խոսքն ասելով Արծրունի հարազատներին, չկարողացավ մասնակցել հուղարկավորությանը։ Ներողություն է խնդրում մեզանից, բոլորից՝ սպանությունից խիստ ընկճված եւ վրդովված լինելով»։ Բայց հուղարկավորության ամբողջ արարողությանը պաշտպանության նախարարության ողջ ղեկավար անձնակազմը ներկա էր՝ ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաեւ փորձառու զինվորական Զինեւիչը, «Երկրապահ» պատգամավորական խմբի կորիզի բոլոր անդամները՝ Ալբերտ Բազեյանից եւ Սմբատ Այվազյանից սկսած։ Ներկա էին կուսակցությունների ներկայացուցիչներ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ այլք։ Բնական է, որ իր գործընկերոջը հրաժեշտ տվողների մեջ էր նաեւ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։ Ակնհայտ էր, որ նա մտահոգ է։ Խոսվում էր, թե Սերժ Սարգսյանը թաղման արարողությանը ներկա միակ նախարարն է, սակայն, իրականում, այլ նախարարներ էլ կային՝ տրանսպորտային գերատեսչության ղեկավար Երվանդ Զախարյանը, որը եկել էր Լեոնարդ Պետրոսյանի հետ, բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը եւ այլք։ Եռաբլուրում տեղի ունեցած սգո միտինգը բացվեց ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, որն իր խոսքի ավարտին ասաց. «Գնաս բարով, Արծրուն ջան։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ կպարզվի եւ ինքդ էլ վստահ եղիր, որ ՆԳ եւ ԱԱ նախարարության ղեկավարությունը անում է եւ կանի ամեն ինչ՝ քո վրա ձեռք բարձրացրած նենգ մարդասպանին հայտնաբերելու համար, եւ անպայման հայտնաբերելու ենք»։ Խոսք ասացին նաեւ Արծրուն Մարգարյանի զինակից ընկերները։ Մեծ է նրա մարտական գործողությունների աշխարհագրությունը՝ Մեղրի, Շահումյան, Վարդենիս, Կապան, Լաչին, Քելբաջար, Շուռնուխ, Կոռնիձոր եւ այլն։ Եվ այսպիսի մարտիկը, որ չարանենգ գնդակից է ընկել, կարող էր եւ զինվորի փառահեղ մահ ունենալ։ Երկրի կառուցման համար պակասեց Արծրուն Մարգարյանը։ Ա. Զ.