Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Փետրվար 12,1999 00:00

«ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԺՎԱՐ Է ԲԱՑԱՏՐԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ» Ինչ-ինչ, սակայն իրադարձությունների անակնկալ զարգացումների պակաս հանրապետությունը չի զգում։ Չբացահայտված սպանությունների շղթան, ինչպես երեւում է, դեռ փակված չէ։ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության առիթով զրուցեցինք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բադալյանի հետ։ Կատարված սպանության մասին որեւէ վարկած պրն Բադալյանը խուսափեց նշել. «Սա իհարկե երեւույթ է, սպանությունների շարանն այս կես տարվա ընթացքում ցույց է տալիս, որ իշխանությունների ճգնաժամը սրվում է, սա հոգեվարքի արդյունք է, որովհետեւ բնազդով բոլորը զգում են, որ պետք է պատասխան տալ այն բոլոր հանցագործությունների համար, որ տեղի ունեցան այն բանի համար, որ երկիրը քայքայվեց։ Կրկնում եմ, իհարկե սպանությունը, (մինչ այդ գլխավոր դատախազի սպանությունը եւս), ըստ էության քաղաքական սպանություններ են, բայց ինձ թվում է սա քրեական աշխարհի օրենքների արդյունքն է, որոնք տիրում են այսօր եւ որոնցով որոշ մարդիկ եկան իշխանության։ Ես հիշում եմ, որ ժամանակին նախկին նախագահը եւ նրա գործընկերները հպարտանում էին, որ Հայաստանում ԱՊՀ երկրների հետ համեմատած հանցագործությունների մակարդակը ցածր է։ Սակայն այսօր հանցավոր բարքերը, եւ հանցավոր դեմքերն ուղղակի մտել են իշխանության մեջ, կրիմինալը մտել է իշխանության մեջ»։ Վերջին ամիսներին կատարված սպանությունների քաղաքական, տնտեսական կամ այլ կարգի լինելու վերաբերյալ խոսակցության ընթացքում շեշտվեց թե դրանք ակնհայտորեն քաղաքական սպանություններ են. «Գլխավոր դատախազի սպանության մասին էլ այսօրվա իշխանություններն ասում են, որ կենցաղային բնույթ է կրում։ Հիշենք, սպանությունը կատարվեց այն պահին, երբ նա պատրաստվում էր ամենասոսկալի մեղադրանքներ դնել խորհրդարանի առաջ, առավել եւս, ես համոզված եմ, որ այսօրվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ներկայացնում է միայն մի մասը, որը հայտնաբերվել էր Հենրիկ Խաչատրյանի օրոք։ Սա ջայլամային քաղաքականություն է։ Այսօրվա գործող նախագահին շատ դժվար է բացատրել, թե ինչո՞ւ հենց իր իշխանության օրոք անիշխանություն է տիրում։ Իրավապահ մարմինները չեն կարողանում տեր կանգնել նույնիսկ իրավապահ պաշտոնյաներին, ուր մնաց թե ժողովրդին»։ Իսկ ինչո՞ւ է այսօրվա նախագահին դժվար այս ամենը բացատրել, որովհետեւ «այս իշխանությունը շատ թույլ է, եւ այն խոսակցությունները, թե սպանությունները կենցաղային բնույթ ունեն, ուղղված է քողարկելու անիշխանության վիճակը, որի համար պատասխանատու են առաջին հերթին նախագահը, իրավապահ մարմինների ղեկավարները։ Խոսքը գնում է իշխանության փտածության մասին։ Այս առումով սա իհարկե քաղաքական սպանություն է։ Մի մարդ, որը նախարարի տեղակալ է նշանակվել Վանո Սիրադեղյանի օրոք, մի մարդ, որի ոտքերին կրակել են մեկ տարի առաջ եւ նա դարձյալ մնացել է Ներքին զորքերի հրամանատար եւ ոչ մի բացատրություն չի տրվել։ Ո՞նց կարելի է մեկ տարվա ընթացքում կատարված մահափորձերը եւ սպանությունները բացատրել կենցաղային հարցերով։ Այդ ի՞նչ իշխանություն է, որի դատախազին սպանում են կենցաղային պատճառով, ներքին զորքերի հրամանատարի դեմ մահափորձ են անում ու հետո սպանում կենցաղային պատճառներով։ Ես զարմանում եմ, որ մեզ մոտ ամենաբարձր մակարդակով իշխանավորներ կան, որոնք փորձում են ժողովրդին չգիտես ինչի տեղ դնել»։ Պրն Բադալյանին խնդրեցինք ընդունել կամ չընդունել այն վարկածը, ըստ որի իբրեւ թե Արծրուն Մարգարյանը ինքնասպան է եղել. «Վաղը, երբ որ պահը գա վերջնականապես բացահայտելու, թե ի՞նչ է տեղի ունեցել Խորխոռունու, Հենրիկ Խաչատրյանի, Արծրուն Մարգարյանի սպանությունների դեպքում, շատ հնարավոր է, որ վաղը, ավելի ազնիվ, ավելի լուրջ իրավաբանների կողմից որակավորվի որպես փորձ՝ ճշմարտությունը թաքցնելու։ Համոզված եմ, այս բոլորը կապված են մեր իշխանության մեջ կրիմինալ հարաբերությունների հետ։ Առավել եւս ես զարմանում եմ, որ երկու օր առաջ Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո նախագահն ասաց, որ իր համար ամեն ինչ պարզ է։ Բայց գլխավոր դատախազի համար ոչինչ պարզ չէր։ Սա ի՞նչ անլրջություն է։ Մարդուն կարելի է հավի նման, կամ ոչխարի, սպանել, եւ մեկի համար պարզ է, մյուսի համար պարզ չէ։ Սա գալիս է շարունակելու այն միտքը, որ մենք պետություն չունենք։ Սա է ամենամտահոգիչը»։ Այն հարցին, թե Արծրուն Մարգարյանի սպանությունը ինչով կարող է կապվել Վանո Սիրադեղյանի հետ, պրն Բադալյանն ասաց. «Այնքանով, որ Մարգարյանը նրա կողմից նշանակված անձնավորություն է եղել եւ, ինչքան գիտեմ, անգամ այն մեղադրանքների առնչությամբ, որ ներկայացվել են Վանո Սիրադեղյանին, Արծրուն Մարգարյանը, որպես վկա է կանչվել, համենայնդեպս այդպիսի լուր եմ ստացել։ Միայն այդքան, առայժմ ավելի հեռու չեմ կարող գնալ, պարզապես իրավունք չունեմ։ Կարող եմ շատ բան կռահել։ Բայց դա միայն իմ անձնական գործն է, իրավունք չունեմ ներկայացնել»։ B

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել