«ՎԱՆՈՅԻ ՄԵՐԿԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Իրավունքի» փետրվարի 5-11-ի համարում «Ովքեր խափանեցին Վանոյի մերկացումը 1994-ին» հրապարակման մեջ նշված էր, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի վերաբերյալ հայտարարություններն ուսումնասիրող Գերագույն խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագծի առնչությամբ 9 քվեարկությունից 8 կամ 9 անգամ «կողմ» չէր քվեարկել նաեւ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը։ Եվ նրա վրա էլ էր տարածվում երկօրյայի հետեւյալ գնահատականը. «ԳԽ այն պատգամավորները, ովքեր, ներկա լինելով քվեարկությանը, կողմ չէին քվեարկել, այսպիսով, ունեն իրենց մեղքի բաժինը երկրի հետագա քրեականացման, անպատժելիության մթոլորտի ստեղծման մեջ»։ Դավիթ Վարդանյանը, բնականաբար, փորձել էր վիճարկել այդ պնդումը։ Եվ երբ «Իրավունքի» միջոցով բացատրություններ ներկայացնելու փորձը ձախողվեց՝ դիմեց «Առավոտին»։ «Այդ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողներից մեկը ես եմ։ Այդ հանձնաժողովի անդամ էի, մասնակցել եմ բոլոր նիստերին եւ եզրակացության տակ կա նաեւ իմ ստորագրությունը։ 1994-ի հունիսին սկսվել էին ԱԺՄ-ի հանրահավաքները։ Հանձնաժողովի նախագծի քվեարկությունը եղել է հունիսի 22-ին։ Ես չեմ հիշում, թե այդ օրը որտեղ եմ եղել։ Բայց բացառված է, որ գտնվելով խորհրդարանում՝ ես «կողմ» չքվեարկեի մի հարցի, որ ինքս եմ նախաձեռնել եւ եզրակացություն գրել։ Իմ կարծիքով, սա լրագրողական անբարեխղճություն է։ Նյութի հեղինակը շատ լավ գիտեր՝ ինչն ինչպես է, ուղղակի այդպես է ցանկացել ներկայացնել։ Ձեւական առումով, թվում է, թե սխալ բան չի ասում, բայց իրականության մեջ դա բոլորովին այլ տեսք ունի։ Ես դիմեցի նաեւ «Իրավունքի» խմբագրին, բայց նա էլ իրեն նույն կերպ պահեց։ Ուստի, չեմ ցանկանում այդ թերթի հետ գործ ունենալ եւ խնդրում եմ, իմ պարզաբանումները հրապարակել «Առավոտում»։ Ա. Ի.