-1992 թվականից ի վեր, երբ սկսվեցին եւ դեռ չեն ավարտվել գործող ու նախկին պաշտոնյաների առեղծվածային, չբացահայտված սպանությունները, գեներալ-մայոր Մարգարյանի սպանությունն իր ողբերգականությամբ ցնցող էր։ Առաջին անգամ անհաջող (կամ՝ նախազգուշական) մահափորձին մարդասպանների կողմից սահմանված պայմանաժամից հետո ի կատար ածվեց մահավճիռը։ Եվ ցինիզմով քննչական, նաեւ լրագրողական էթիկայի խախտումներով, դեպքից ընդամենը 24 ժամ հետո հրապարակ նետվեց միակ վարկածը՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպանվել է։ Մի բան այսօր պարտադիր է՝ «Հայլուրի» փետրվարի 10-ի եթերի դատախազության հերոս քննիչներն անմիջապես պետք է հեռացվեն գործի քննությունից։ Նրանք այլեւս չեն կարող լինել անաչառ եւ չեն կարող քննությունը տանել բազմակողմանի ուսումնասիրության եւ ճշմարտության բացահայտման ճանապարհով։
– Ինչո՞ւ եք այդպես կարծում։
– Որովհետեւ նրանք իրենց կաշկանդեցին սակավ ապացույցների եւ մինչեւ վերջ չուսումնասիրված ու չգնահատված նյութերի հիման վրա հապշտապ եզրակացության մասսայական հրապարակմամբ։ Իմ խոսքը նրա մասին է, որ սպանության ողբերգականությունը պետք է առավել զսպվածության, զգոնության եւ առավել հավասարակշռության մղեր քննիչներին, նկատի առնելով Արծրուն Մարգարյանի նկատմամբ մեկ տարի առաջ կատարված մահափորձը, գործի հասարակական մեծ հնչեղությունը, մահացածի պատկանելությունն իրավապահ համակարգի վերին էշելոնին։ Նրանք երբեք իրավունք չունեին իրենց թույլ տալ էստրադային ժանրի այդպիսի անպատասխանատու եւ հասարակական կարծիքը կանխորոշող քայլեր անել։ Դա քննիչին անվայել արարք է։
– Եվ մեկ հարց, պարոն Սահակյան։ Ի՞նչ նկատի ունեիք, երբ ձեր սկզբնական խոսքի մեջ ասացիք՝ սահմանված պայմանաժամ։
Կարդացեք նաև
– Կարծում եմ, որ մահափորձը եւ սպանությունը մեկ միասնական ծրագրի տարբեր փուլերն էին։ Եվ այդ ժամանակային ինտերվալն էլ սահմանված էր մարդասպանների կողմից։
– Իսկ այդ մեկ տարվա ընթացքում չէ՞ր կարող այնպիսի բան պատահել, որ դեպքերն այդպես չավարտվեին։
– Այնպիսի փխրուն պետություններում, ինչպիսին է, ցավոք, նաեւ Հայաստանը, որտեղ իրավական համակարգը դեռեւս շատ հեռու է օրենքների շրջանակում գործելու անկախությունից եւ խստորեն ներազդվում է քաղաքական ղեկավարության կողմից, քաղաքացիների, այդ թվում եւ պաշտոնյաների պաշտպանվածության աստիճանը խիստ ցածր է։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ եթե մարդասպանները որոշում են ընդունում, ապա դա ի կատար է ածվում գրեթե անվրեպ։ Եվ դա ոչ թե դետեկտիվի ժանրից է, այլ, ցավոք, մեր կյանքն է։
– Այսինքն, դուք եւս Դավիթ Շահնազարյանի այն կարծիքին եք, որ սա պատվիրվա՞ծ սպանություն էր։
– Կարծում եմ, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը պետք է բոլորիս համար դառնա ահազանգ, իշխանությունների համար առավել եւս, որովհետեւ նրանց հնարավորություններն ավելի մեծ են, որպեսզի շարժվենք այն ճանապարհով, որը քաղաքական նպատակահարմարությանը գերի չի դարձնի օրինականությունը։ Այս եւ սրան նախորդած բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն։ Բոլոր մարդասպանները պետք է արժանի պատիժ ստանան, ինչպես նաեւ պետք է նշվեն, եթե դրանք կան, այդ սպանությունները պատվիրող ուժերը։ Միայն այդ դեպքում կկարողանանք երկիրը դարձնել անվտանգ եւ մարդկանց գործունեության համար ապահով մի տարածք։ Հայաստանը չի կարող եւ չպետք է լինի Սիցիլիա։ Դա անհարիր է մեր ժողովրդի ծրագրերին, մեր ազգային իդեալների իրականացմանը եւ մեր քաղաքակիրթ կերպարին։ Պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է պետության եւ իշխանությունների վրա, նրանք պետք է հետեւողականորեն գործեն եւ բացահայտեն բոլոր սպանությունները։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ