Երեկ «Հայլուրին» տված իր հարցազրույցում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց նախորդ օրը դատախազության կողմից ակտիվորեն շրջանառության մեջ դրվող իր տեղակալ Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։ Ըստ նախարարի, պետք է մի քանի անհնարին բաներ հնարավոր լինեին, որպեսզի այսօր լուրջ խոսվեր ինքնասպանության վարկածի մասին։
ՀԱՄ ԷԼ ԳՆԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Բացի այն, որ մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը եւ ՀՀ վարչապետը երկկողմ մի քանի համաձայնագրեր կնքեցին, բացի այն, որ նա եւս մեկ անգամ բարձրաձայն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցն է, այցելեց նաեւ Մատենադարան։ Գնաց՝ իր հետ տանելով նաեւ մեր կառավարության անդամներին, որոնք վաղուց է, ինչ չէին եղել այնտեղ։
Լուժկովի այցի մանրամասները՝ 4-րդ էջում։
Կարդացեք նաև
ՀԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
«1991-ին Արշակ Սադոյանը շրջում էր գործկոմներում, հեռացնում էին գործկոմների նախագահներին՝ լիազոր ներկայացուցիչներ ներկայացնում միայն հետեւյալ մոտեցումով. Պողոսին Վազգեն Մանուկյանը ճանաչում է, Պետրոսին չի ճանաչում»,- ԱԺ-ում հայտարարեց Ալբերտ Բազեյանը։ Դավիթ Վարդանյանը խնդրեց հիմնավորել իր հայտարարությունը, եւ Բազեյանն ասաց. «Մյասնիկյանի շրջգործկոմի նախագահ Վահան Հակոբյանն այդ պաշտոնին նշանակվեց, քանի որ Վազգեն Մանուկյանը նրան անձնապես ճանաչում էր»։ Որեւէ փաստ չնշվեց, թե գործկոմի ո՞ր նախագահին էր հեռացրել Սադոյանը։
Կարդացեք նաեւ 4-րդ էջում։
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԻՑ
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց արվեստաբան Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը եւ խնդրեց տպագրել իր հետեւյալ խոսքերը. «Լեւոն Ներսիսյանը ողորմությամբ ապրող մարդ է, բայց՝ Աստծո ողորմությամբ եւ իր աշակերտների ձեռամբ։ Պետական հովանավորության կարիք չունեմ, ուստի հրաժարվում եմ ՀՀ նախագահի նշանակած դրամական պարգեւատրումից»։