Մարդկային զգացմունքներից, թերեւս մեծագույնը՝ սերը, բոլոր ժամանակներում եղել եւ մնում է մեր կյանքի ուղեկիցը, բայց եւ յուրաքանչյուր ժամանակաշրջանում այն այլ կերպ է ընկալվել եւ արտահայտվել։
Դեռեւս 60-ական թվականներին աշխարհում երիտասարդական հեղափոխություն սկսվեց, որի սանձարձակ կազմակերպիչները սիրո ազատություն էին պահանջում, ինչն էլ հանգեցրեց բազմաթիվ ընտանիքների կազմալուծման, ՍՊԻԴ-ի, թմրամոլության եւ այլ արատավոր երեւույթների ի հայտ գալուն։ Այս կործանիչ հետեւանքները նկատի ունենալով՝ մի փոքր ուշ ի հայտ եկան մեկ այլ խումբ երիտասարդներ, որոնք մշակեցին ծրագիր եւ ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել հանուն մաքուր սիրո։ Կարծում եմ, քչերը կիմանան, որ Հայաստանում նույնպես գործում է նմանատիպ շարժում, որի հիմքը դրվել է 1997 թ.՝ մի քանի ուսանողների կողմից։ Շարժման հիմնական սկզբունքներն են՝ անաղարտությունը մինչ ամուսնությունը եւ ամուսնության մեջ հավատարմությունը։ Երիտասարդների մշակած ծրագիրը հիմնված է գիտական հետազոտությունների վրա եւ կանխարգելիչ շրջան է հանդիսանում։ Նրանում ներկայացված են հետեւյալ թեմաները.
– Ամուսնություն եւ զուգընկերոջ ընտրություն
– Ազատ սեր
Կարդացեք նաև
– Ճշմարիտ /կեղծ սեր
– Ընտանիքի կառուցվածքը
– Սպիդ
– Թմրամոլություն
Ներկայումս շարժման անդամները սեմինարներ են անցկացնում եւ դասախոսություններ կարդում բուհերում, որոնց հիմնական նպատակն է՝ երիտասարդությանը ճիշտ ուղու վրա կանգնեցնելը։ Ուսանողներից շատերն անլուրջ են մոտենում ծրագրին, շատ հարցերում չեն համաձայնում, որը դժվարությունների առջեւ է կանգնեցնում շարժման անդամներին՝ իրենց ծրագրերը իրականացնելու ճանապարհին։ Չնայած դրան՝ այս երիտասարդները չեն հանձնվում եւ շարունակում են իրենց սեմինարները։
Ի դեպ, այստեղ տեղին է մեջբերել Սպիդ կենտրոնի տվյալները։ Հայաստանում 73 մարդ վարակված է սպիդով, որի 45%-ը ներերակային թմրանյութերի հետեւանքով, 55%-ը սեռական ճանապարհով։ 13 մարդ հիվանդ է, 7-ը՝ մահացել են։ Ավելացնեմ, որ մեկ տարի առաջ վարակակիրները 60-ն էին, այսինքն՝ նրանց թիվը 13-ով ավելացել է։
Կարծում եմ, խոսուն թվեր են, որոնք իսկապես մտահոգվելու տեղիք են տալիս, եւ ինչպես շարժման անդամներն են կոչ անում՝ «Այսպիսի փաստը անտեսել պետք չէ»։
ՄԵՐԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ