Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ Ազգային ժողովը լուծարվի՞»

Փետրվար 11,1999 00:00
datavor

Երբ հերթական անգամ հետաձգվեց Արաբկիրի համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ հրավիրված դատական նիստը՝ ընդդեմ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի, այս հարցը դատավոր Արթուր Առաքելյանին թռուցկախոսքով տվեցին հայցվոր, «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Լիզա Ճաղարյանին շրջապատած լրագրողները։

Ակնհայտ էր, որ Ա. Առաքելյանը խուսափեց տեսականորեն հնարավոր համարվող այդ տարբերակից (մի բան, որ չի բացառել նույնիսկ հանրապետության նախագահը)։ Եվ քիչ-միչ նեղացած, հեռացավ դատարանի դահլիճից։ Ի դեպ, մինչ դատական նիստը սկսելը, դատավորը չզլացավ ներողություն խնդրել դահլիճի «ցրտության» համար։

Երեկվա դատաքննությունը հետաձգելու հեռակա առաջարկն արել էր պատասխանող կողմը (ԱԺ լրատվական ծառայության պատասխանատու Վ. Մկրտչյանը), պատճառաբանելով ընթացող ԱԺ եռօրյա աշխատանքները (նրանք նույնիսկ հարկ չհամարեցին դատարան ներկայանալ – Ռ.Մ.)։

Նախկին գլխավոր խմբագրի շահերը ներկայացնող փաստաբանի՝ Ժուդեքս Շաքարյանի ասվածը վիճակագրությամբ զբաղվողների համար կարող է հետաքրքիր լինել. «Նիստը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ։ Երրորդ դատավորն է փոխվում»։ Իսկ թե ինչպիսին էր նրա գնահատականը դատական այս նիստը հետաձգելու կապակցությամբ, նա ասաց. «Պատշաճ կարգով ծանուցվելու մասին խոսք լինել չի կարող։ Մամուլը, լրատվամիջոցներն այսօր հրապարակել են նիստի մասին եւ, փաստորեն, պատասխանող կողմը տեղյակ էր այսօրվա նիստի մասին։ Բացի դրանից, ըստ դատավորի հայտարարության, նրանց տեղյակ է պահվել նաեւ հեռախոսով»։

Իմ այն հարցին, թե պատճառաբանությունն այն չէր, որ պատասխանող կողմը չի ստացել ծանուցում, այլ որ եռօրյա նիստ է եւ «նիստը թողնել» չեն կարող, պարոն Ժ. Շաքարյանը նկատեց, որ՝ «Եթե այդպես է, ապա հաջորդ նիստին պետք է ներկայանա ինքը՝ Խոսրով Հարությունյանը, որովհետեւ դատական նիստը հետաձգելու պատճառը եռօրյան է»։ Իսկ «եթե հաջորդ նիստին չներկայացա՞վ» հարցին պատասխանեց. «Եթե այդպես լինի, ապա միտումնավոր ձգձգման նպատակ է հետապնդում։ Գուցե իրենք իրենց վրա վստա՞հ չեն, որ երկար են հարատեւելու»։ Գլխավոր «մեղավորին»՝ Լիզա Ճաղարյանին էլ երբ շնորհավորեցինք, թե նա բարոյական հաղթանակ տարավ այս հետաձգմամբ, քանի որ կողմը բացակայել է ոչ այնքան հիմնավոր պատճառաբանությամբ, նա ասաց. «Ճիշտն ասած, ես իմ հեռացման հրամանն էլ եմ բարոյական հաղթանակ համարում»։ Գնահատականն էլ սա էր. «Պարզապես ասելիք չունեն»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728