Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՂԱԼՄԱՂԱԼԸ

Փետրվար 11,1999 00:00
poghpatyan

Հարցազրույց ՀՀ կապի նախկին նախարար Գ. Պողպատյանի հետ

Ոչ մի կերպ չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին գրելն է ավելի հրատապ։ Տնտեսական ու քաղաքական կյանքի առեղծվածներն իրար հերթ չեն տալիս։ Ոչ մի կերպ չենք հասցնում պարզել, ինչո՞ւ եւ ինչպե՞ս սեփականաշնորհվեց այս ձեռնարկությունը։ Չենք հասցնում, որովհետեւ արդեն ուրիշ ձեռնարկության սեփականաշնորհումն է դառնում խոսք ու զրույցի առարկա։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «ԱրմենՏելի» վաճառքից հետո հունական OTE ընկերությունը, ըստ կառավարության տված լիցենզիայի, բարձրացրեց սակագինը։ Ժողովուրդը վճարունակ չէ, հետեւաբար այս քայլը հասարակական հնչեղություն պիտի ունենար։ Հարցը ձեւակերպվեց այսպես. «Ինչո՞ւ է մեր կապի համակարգը տվել ուրիշին, որ նա սակագին թելադրի»։ Հասարակական եւ պառլամենտի մի հատվածի դժգոհությունը փոքր ազդեցություն ունի, որովհետեւ հեռախոսակապի համակարգի 90%-ը OTE ձեռնարկությանն է։

-Ինչպե՞ս եք գնահատում «ԱրմենՏելի» վաճառքը։

-Իմ համոզմամբ, վաճառքը գերազանց գործարք է, եւ ճիշտ ժամանակին։ Համոզված եմ, որ եթե այն կազմակերպվեր 1998 թ. օգոստոսի 17-ից հետո, արդյունքները կլինեին շատ վատ, կապված Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամի հետ։ «ԱրմենՏելի» ստեղծման օրից բոլոր գործարքները գնահատում եմ գերազանց։

Դատախազության հայտարարությունը, որ գործ է հարուցված կապի համակարգի կազմալուծման եւ այլ խնդիրների մասին, հարցականի տակ է դնում իմ գործունեությունը 91 թվից սկսած։ Միանգամից ասեմ՝ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում եւ կառավարության որոշումներով։

Ճիշտ չէ նախկին վարչապետ Հ. Բագրատյանի հայտարարությունը, որ ինքը տեղյակ չէ։ Կարող եք ծանոթանալ 1996 թ. մարտի 28-ի կառավարության նիստի արձանագրությանը։ Այդ նիստով հավանություն է տրվել կապի նախարարության կողմից ներկայացված հեռախոսային կապի վերակառուցման եւ զարգացման ծրագրին։

92-94 թթ. վտանգված էր հեռախոսակապի գործունեությունը երկրում։ Համակարգը՝ սյուներ, կաբելներ, թալանվում էր։ Իմ կողմից բազմաթիվ նամակներ են գրվել համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի գողերը պատժվեն։ Համակարգը հովհարաձեւ գրաֆիկով էր հոսանք ստանում։ Շարքից դուրս էին գալիս հեռախոսակայանները։ Համակարգը ֆիզիկապես մաշվում էր։ Լարանցումների ժամանակ, որպես զրոյական լար օգտագործվում էին բարձր հաղորդունակություն ունեցող հեռախոսային կաբելները։ Այդ տարիներին որոշ հատվածներում շաբաթը մեկ կաբելներ էին փոխում։ Իրական վտանգ կար, որ համակարգն ընդհանրապես կկորցնենք։

Եթե այդ տարիներին մենք ակտիվ քայլեր չձեռնարկեինք, ապա այսօր սակագնի հարց չէր բարձրանա։ Չէր լինի հեռախոս, որ սակագին բարձրացվեր։ Ակնհայտ էր, որ համակարգը ֆինանսական լուրջ ներդրումների կարիք ունի՝ որակական փոփոխության հասնելու համար։ Այդ տարիներին պետբյուջեն ի վիճակի չէր նման միջոցների։ Հարկավոր էր գտնել ներդրող. լավ պայմաններ ստեղծել, որ նա համաձայնվեր ներդրումներ կատարել պատերազմող երկրում։ 93 թ. սկսվեցին բանակցությունները ամերիկյան TWT-ի հետ։

-Հայկական կողմը՝ կառավարությունը, ինչպե՞ս գտավ TWT-ին։

-TWT-ն ինքն էր դիմել, նշելով, որ ցանկանում է համագործակցել կապի համակարգում։ Նախարարությունը նման առաջարկով մինչեւ այդ դիմել էր 16 արտասահմանյան ֆիրմաների։ Առաջարկվում էր շահութաբեր գործունեություն ծավալել Հայաստանում միջազգային, բջջային եւ փեյջինգային կապերի ոլորտում։ Սակայն, որպես պայման, առաջարկվում էր ստացած եկամուտը վերաուղղել կապի այն ճյուղերի վրա, որոնք շահութաբեր են։ Պատասխանեց միայն մեկը՝ TWT-ն։

Համագործակցության մյուս առաջարկը, որ արել էր «Սպրինտ-ինտերնացիոնալը», մեզ չէր կարող բավարարել։ Նա առաջարկում էր ստեղծել նոր՝ 10 հազար բաժանորդ ունեցող համակարգ, առանց որոշակի պարտավորության։

-Այդ պահին Դուք, որպես կառավարության անդամ, ի՞նչ գիտեիք TWT ձեռնարկության մասին։ Ինչպե՞ս ինֆորմացիա ձեռք բերեցիք այդ կազմակերպության մասին։

-ԱՄՆ-ում, մեր դեսպանատանը, խնդրեցինք պարզել, թե ով է TWT-ի սեփականատեր Բերի Հոնը, որքան են նրա հնարավորությունները, ինչով է զբաղվում։ Պատասխանն այսպիսին էր. նա շատ ճանաչված մեծահարուստ եւ դրական իմիջ ունեցող գործարար է Կալիֆոռնիայում։ Նա մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավար է։ Բիզնեսի ոլորտում հետաքրքրությունը բազմազան է։ Նշեմ նաեւ, որ մինչ այդ մեր կապի համակարգն աշխատել էր «Էյթի Էնթի» ամերիկյան կազմակերպության հետ։

Արդյունքում Ամերիկայից Հայաստան զանգի 1 րոպեի համար մեզ մուծվել է՝ 91 թվին 1,5 դոլար, 92-ին՝ 1, իսկ 93-ին՝ կես դոլար։ Այս պահին առաջարկվեց վերանայել վերջին սակագինը։ TWT-ն եւ մենք կարողացանք հասնել, որ ամերիկյան կողմը 93-ին բարձրացնի գինը՝ հասցնի 0,75 դոլարի։

Ամերիկյան FCC-ն, որը, փաստորեն, կապի նախարարության ֆունկցիաներ ունի, ի վերջո ընդունեց TWT-ի պատրաստած փաստաթուղթը եւ մեր հասանելիք գումարն աճեց։ Խոսքը մեծ գումարների մասին է, որովհետեւ խոսակցության ծավալը ամսական 700-800 հազար րոպե էր։ Միայն այս քայլով տարեկան 1,5-2 մլն դոլար լրացուցիչ մուտք ունեինք։ Նշեմ նաեւ, որ ամերիկացիները ԱՊՀ որեւէ այլ երկրի հետ նման պայմանավորվածություն չունեն։

-Մամուլում եւ Ազգային ժողովում բազմիցս նշվել է, որ TWT-ն ամերիկյան կազմակերպություն չէ, այլ գրանցված է օֆշորային ինչ-որ կղզում։ Ի՞նչ կապ ունի կղզին։

-Այո, TWT-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայում։ Բայց եթե մեծ կազմակերպության հետ պայմանագիր է կնքվում, ապա նրանք բացում են այդ կոնկրետ ծրագրի իրագործման գրասենյակ։ TWT-ն իսկապես ստեղծել է մի գրասենյակ, որը Կալիֆոռնիայում չի գրանցված, իրոք գրանցված է ինչ-որ մի կղզում։ Սակայն սա իրենց խնդիրն է։ Գուցե նրանք ստեղծել են հատկապես այնտեղ, որտեղ հարկեր չկան։ Մենք խնդրին, իմ կարծիքով, այլ կերպ պետք է մոտենանք։ Եթե այդ կազմակերպությունը կատարել է պայմանագրային պարտավորություներ, ուրեմն մենք որեւէ խնդիր չունենք։ Եթե սրանով խախտվել է ԱՄՆ որեւէ օրենք այնտեղ էլ պետք է պատասխան տա։

«ԱրմենՏելի» համատեղ ձեռնարկության ստեղծումը փոքր, դինամիկ ընկերության հետ ձեռնտու էր կառավարման, արագ որոշումներ կայացնելու համար։

-Ի՞նչ պայմաններ էին առաջադրված TWT-ին։

-91 թվականից արդեն հնարավորություն ունեինք եւ ստեղծեցինք անկախ կապ։ Ծրագիրն արժեր 6 մլն դոլար։ Մոտ 4 մլն ներդրեց ամերիկյան AT&T-ն, մոտ 2-ը՝ Հայաստանը։ Մենք ունեցանք անկախ կապ։ TWT-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելիս գործող այս համակարգը գնահատվեց 6 մլն դոլար։ Ամորտիզացիոն ծախսեր չհանվեցին, սրանով, բնականաբար, մեծացավ Հայաստանի մասնաբաժինը։ Գործունեության առաջին տարվա ընթացքում TWT-ն կատարեց իր պարտավորված ներդրումը (նրա մասնաբաժինը 49% էր)։ Երբ ֆինանսական եկամուտներ առաջացան, այդ գումարն առաջարկվեց ուղղել քաղաքային ցանց։ Այն մեր կողմից առաջարկվեց TWT-ին։ Ձեռնարկությունը մեծացավ մասնաբաժնի պահպանմամբ՝ 49% TWT եւ 51% ՀՀ կառավարություն։ Այդ պահին ձեռնարկության հիմնադիր ֆոնդը մոտ 23 մլն դոլար էր։

Հետո սեփականաշնորհման մասին օրենքով 1996-97թթ. ծրագրով ԱԺ-ն որոշեց Հայաստանի բաժին 51%-ը հանել միջազգային աճուրդի։ Սակայն գնորդները եւ վարձակալած «Մերի լինչ» կազմակերպությունը հարց էին բարձրացնում. «Ի՞նչ երաշխիք, որ միջազգային կապը եւ Երեւանի հեռախոսացանցը վաճառելուց հետո, հանրապետության մյուս տարածքներում գործողը ուրիշներին չի վաճառվի»։ Հետեւաբար, այս կարգավիճակով վաճառվող ձեռնարկությունը լուրջ գնորդ չի գտնի։ Ես, որպես կապի նախարար, կողմ էի ամբողջ համակարգը վաճառել այն տրամաբանությամբ, որ գնորդն իր եկամուտների մի մասը պետք է ուղղի տեղական ցանցերի բարելավմանը։ Այնպես որ, դա պարտավորեցնում էր ներդրումներ կատարել։

-Դուք հայտարարել եք, որ TWT-ն 100 մլն դոլարի ներդրում է կատարել։

-Ոչ, ես հայտարարել եմ, որ մոտ 100 մլն դոլարի ներդրում կատարել է «ԱրմենՏելը», որի գործընկերը եղել է TWT-ն։

-Որքա՞ն է TWT-ի բաժինն այդ 100 մլն-ի մեջ։

-Երբ քաղաքային ցանցը եւս մտավ համատեղ ձեռնարկության կազմ, «ԱրմենՏելի» եկամուտները չէին հերիքում այդ ցանցի վերազինման եւ սպասարկման համար։ TWT-ն «Սիմենս» ձեռնարկությանն առաջարկեց «ԱրմենՏելին» վաճառել սարքավորումներ։ Սարքավորումների դիմաց անմիջապես վճարելու միջոցներ չկար, պետությունն այդ ծավալի երաշխիքներ իր վրա չէր վերցնի։ Երաշխիքներ ներկայացրեց TWT-ն եւ 75 մլն դոլարի սարքավորումների ներկրման պայմանագիրը կնքվեց։ Այս ընթացքում «ԱրմենՏելը», որպես երաշխիք ներկայացրեց մեր միջազգային հեռախոսազանգերից եկած եկամտի մի մասը, որը բավարար չէր այդ մեծ վարկի դիմաց։ Երաշխիքային փաստաթուղթ ներկայացրեց նաեւ Բերի Հոնը, որը էապես ազդեց գործարքի կայացմանը։

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ «Սիմենսի» սարքավորումների գներն իրականից բարձր էին։

-Դրանք մերկապարանոց հայտարարություններ են։ Հետո, երբ «ԱրմենՏելը» վաճառվում էր հույներին, նրանք աուդիտ արեցին։ Միջազգային աուդիտի արդյունքները նրանց ներկայացվել են եւ եթե սարքավորումների գները ցածր լինեին, հույները դժվար թե գնեին «ԱրմենՏելը»։

-Հույները չպահանջեցին ցածրացնել սարքավորումների գինը։

-Ոչ, նման պահանջ, պայմանագիր ստորագրելուց, չի բարձրացվել։ Հետո աուդիտ անցկացրել է նաեւ գործարքի միջնորդ «Merill Linch» կազմակերպությունը։ Հետեւաբար նման հարցերը բացառվում են։ TWT-ի մուտքը Հայաստան, բիզնեսի տեսանկյունից, հրաշալի գործարք էր, որից շահել է նաեւ հայկական կողմը։

-Այսօր շատ է խոսվում, որ ամերիկյան TWT-ի կազմակերպության թիկունքում իրականում հայաստանցի բաժնետերերն են։

-Ես դա չեմ կարող հաստատել կամ բացառել։ Պետություն կա, կառավարություն կա, կարող են դիմել եւ պարզել։ Ասում են, որ նույնիսկ ես եմ բաժնետերերից։ Սա պարզապես երեխայություն եմ որակում եւ «ֆանատիկ» ժանրի միտք։ TWT-ի եւ եւ կղզում ստեղծված մասնաճյուղ գրասենյակի հետ ես որեւէ առնչություն չունեմ։

-Նման զրույցների հիմքը OTE ֆինանսական վիճակի ինչ-ինչ խնդիրնե՞ր են, թե՞ դրանք քաղաքական հիմք ունեն։

-Ավելի շատ հակված են կարծելու, որ խոսքուզրույցի հիմքը քաղաքական է։ Այսօր «ԱրմենՏելի» մասին խոսում են այն խորհրդարանում, որի նույն պատգամավորներն են այդ ձեռնարկությունը մտցրել սեփականաշնորհման ցուցակ։ Պատգամավորներին հեշտ է հասկանալ՝ առջեւում ընտրություններ են։ Ժամանակին քվեարկությամբ որոշել են, հիմա էլ ուզում են ժողովրդի աչքին «պուպուշ» երեւալ։

Պատգամավորները մեզ մի հարցում կարող են մեղադրել։ Նրանց ընդունած օրենքով պետք է վաճառվեր «ԱրմենՏելի» պետական բաժնեմասը ամբողջությամբ։ Այսինքն, համատեղ ձեռնարկության 51%-ը, իսկ կառավարությունը վաճառեց 41%-ը, 10%-ը պահելով որպես պետական բաժնեմաս։ Սա արվել է գնորդ կողմի խնդրանքով, որովհետեւ OTE-ն ուզում էր, որ կառավարությունը հանդես գա որպես գործընկեր։ Հավանաբար՝ ենթադրելով, որ կառավարությունը որպես սեփականատեր շահագրգիռ կլինի ձեռնարկության տնտեսական հաջողություններով։

-Իսկ մեզ՝ հանրապետությանն ու ժողովրդին, պե՞տք էր այդքան լավ ու թանկագին կապ, որն այսօր OTE-ն երաշխավորում է։

-Այո՛։ Երկրի տնտեսության հիմնական ցուցանիշներից մեկն է։ Մեր տնտեսությամբ հետաքրքրվողներին առաջին հերթին արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունն է հետաքրքրում։

-Ինչպե՞ս որոշվեց «ԱրմենՏելը» վաճառել OTE-ին։

-Նախ, ընդունվեց կառավարության որոշում։ Ընտրվեց միջնորդ կազմակերպությունը՝ «Merill Linch»-ը։ Ասեմ, որ վերջինս միանգամից հայկական կողմին արգելեց ուղիղ բանակցել պոտենցիալ գնորդների հետ։ Պոտենցիալ գնորդների ցուցակում կար 36 կազմակերպություն՝ հաղթող ընտրվեց OTE-ն։ Կառավարության ձեւավորած հանձնաժողովում ֆինանսների նախարարն էր (Ա. Դարբինյան), որն էլ զբաղվում էր գնի որոշման հարցերով։

-Որպես նախկին նախարար կգնահատե՞ք կապի համակարգի վիճակը։

-91-98 թթ. հեռախոսային կապի համակարգը պետբյուջեից որեւէ լումա չի ստացել, պետական երաշխիքով այս համակարգը որեւէ վարկ չի ստացել։ Ի տարբերություն տնտեսության մյուս ճյուղերի, այս համակարգը զարգացում է ապրում։ Ի դժբախտություն երկրի տնտեսության՝ «ԱրմենՏելը» հարկատուների առաջին եռյակի մեջ է։ Փաստորեն, որպես ամենամեծ հարկատու հանդես է գալիս ենթակառուցվածքային կազմակերպությունը։

Ես կրկնում եմ, «ԱրմենՏելի» սեփականաշնորհումը եւ նախկին կառուցվածքային փոփոխություններն արվել են համաձայն օրենքի, եւ կառավարության որոշումներով։ Իմ կարծիքով, 1998 թ. ընթացքում սակագների բարձրացման գործը կարելի էր կարգավորել։ Ոչ թե 1,8 դոլար սակագինն է բարձր, այլ ժողովուրդն ի վիճակի չէ նման վճարումների։ Հետեւաբար, իշխանությունները պետք է բարձրացնեն ժողովրդի կենսամակարդակը եւ վճարունակությունը։

Իսկ այս ամբողջ աղմուկի բացասական հետեւանքները մենք կզգանք հենց այս տարի, երբ կպարզվի, որ ապագա ներդրողները խուսափում են Հայաստանում որեւէ գործ դնելուց։

Հարցազրույցը վարեց

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728