Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Փետրվար 11,1999 00:00
evromiutyun

Կամ ի՞նչ ենք ուզում այս աշխարհից

Հայաստանի ներքաղաքական եւ հասարակական կյանքի ամենաարծարծվող թեմաներից մեկը, մասնավորապես, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններն են: Այս մասին խոսակցությունները հաճախացել են մանավանդ վերջերս, երբ անդրկովկասյան հանրապետություններից առաջինը Վրաստանը դարձավ ԵՄ անդամ: Ներքաղաքական բանավեճում մի կողմը դա համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ձախողումը, մյուսները դա կապում են Ղարաբաղի հարցի հետ: Քննարկման թեմա է բացվում նաեւ իրավաբանների համար՝ մահապատիժը վերացնե՞լ, ինչը ԵՄ-ին անդամակցելու պայմաններից մեկն է, թե չվերացնել: Վերջերս մի խումբ քաջ հայտնի գործիչներ ստեղծեցին «Եվրուղի» կազմակերպություն, իսկ Եվրախորհրդում ՀՀ խորհրդարանական պատվիրակության շուրջ անցուդարձը վերջին ամիսներին անցնում է պատշաճության սահմանները եւ ձանձրացրել է նաեւ Եվրախորհրդին:

Այս բանավեճերը հիմնականում անպտուղ են, քանի որ նույնիսկ ամենաբարձր եւ իրավասու շրջանակներում մշակված չէ արտաքին քաղաքականության, մասնավորապես Եվրամիության հետ հարաբերությունների կոնցեպցիան: Վերը նշվածը ենթադրել է տալիս, որ դրանից բացի չկա նաեւ խնդրի քիչ թե շատ լրջության գիտակցում: Իսկ խնդիրներ իսկապես կան եւ անմիջականորեն առնչվում են Հայաստանի դերին ու ապագային: Նախ, ինչո՞ւ Վրաստանը առաջինը դարձավ Եվրամիության անդամ: Շրջանի մյուս երկու պետությունների համեմատությամբ Վրաստանը գրեթե առավելություններ չունի. մի քանի հեղաշրջումների հետեւանքով, ինչպես Ադրբեջանում, իշխանության եկավ նախկին կոմունիստ Շեւարդնաձեն եւ երկրում հաստատեց կիսաավտորիտար համակարգ: Սահմանափակվեցին քաղաքական եւ խոսքի ազատությունը: Վրաստանը մի քանի ազգային խնդիր ունի՝ աբխազական, օսական, աջարական, մենգրելական եւ այլն: Այս առումով Վրաստանը գուցե եւ ամենաքիչ հնարավորություններն ուներ ԵՄ-ին անդամակցելու, չնայած այնտեղ արգելվել է մահապատիժը: Բայց, մյուս կողմից, անվիճելի է Շեւարդնաձեի հեղինակությունը միջազգային ասպարեզում. նա ընկալվում է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանային առաջնորդ, որի քաղաքական նախաձեռնություններն արձագանք են գտնում միջազգային ամենաբարձր ատյաններում:

Երկրորդ, Ղարաբաղի խնդիրը: Եվրամիության պատվիրակները Ադրբեջանում եւ Հայաստանում նշեցին խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը՝ որպես ԵՄ-ին անդամակցելու պայման: Եթե այդ խնդիրը հավասարեցվում է աբխազականին, ուրեմն Վրաստանը չպետք է անդամակցեր ԵՄ-ին: Նշանակում է, հակառակ միջազգային ատյանների պնդումներին, Ղարաբաղի խնդիրը էականորեն տարբերվում է աբխազականից: Սակայն ԵՄ-ի կառույցներից մեկը՝ ԵԱՀԿ-ն միատեսակ դիրքորոշում ունի ռեգիոնալ հակամարտությունների վերաբերյալ: Իհարկե, այստեղ տրամաբանություն պետք չէ փնտրել եւ ԵՄ-ին մեղադրել երկդիմի խաղի կամ երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու մեջ: Դա առնվազն ծիծաղելի կլինի:

Այս ամենը հաստատում է, որ խնդրի պատասխանները կարելի է գտնել համաշխարհային քաղաքական տեղաշարժերի տրամաբանության մեջ: Նույնիսկ մակերեսային դիտարկումներից պարզ է դառնում, որ ցանկացած խնդիր գտնվում է որոշակի շահերի ոլորտում, եւ միջազգային զանազան կառույցները, օգտագործելով այդ խնդիրների առկայությունը, վարում են համապատասխան քաղաքականություն: Ներկայում առկա է գլոբալ հակամարտություն սաքսոնական քաղաքակրթության եւ Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ: Իրաքի, Հարավսլավիայի, տնտեսական խոշոր հիմնահարցերի շուրջ այս հակասություններն ավելի բացահայտ են երեւում: Ռուսաստանը եւ եվրոպական երկրները փորձում են միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի եւ Անգլիայի քաղաքականության: Եվրոպան ստեղծում է միասնական տարադրամ, Ռուսաստանը փորձում է Հնդկաստանի եւ Չինաստանի հետ ստեղծել Եվրասիական հզոր դաշինք եւ այլն:

Այս երկրները դեմ են Իրաքի ռմբակոծումներին, Եվրոպան փորձում է կարգավորել Հարավսլավիայի խնդիրները: Այս բեւեռի սկզբունքներն են տարածքային անձեռնմխելիությունը եւ ներկա ստատուս քվոյի պահպանումը, որը հրատապ խնդիր է հենց Ռուսաստանի համար: Այդ պատճառով հավասարության նշան է դրվում առկա ռեգիոնալ հակամարտությունների միջեւ: Մյուս կողմից, ակնհայտ է նոր աշխարհակարգի ձեւավորումը, որը ենթադրում է նաեւ սահմանների վերաձեւում թե Եվրոպայում, թե Ասիայում, ռեգիոնալ նոր գերտերությունների առաջացում եւ այլն: Եվ Հայաստանն իր հիմնահարցերով չի կարող դուրս մնալ այս զարգացումներից: Ի՞նչ ենք ցանկանում, ի՞նչ դեր ենք վերցնելու 21-րդ դարում, պատրա՞ստ ենք տեղի ունենալիք իրադարձություններին:

Սակայն Հայաստանում առայժմ չի երեւում այն հաստատությունը, օղակը, որը զբաղվեր այդ տեղաշարժերի ուսումնասիրությամբ եւ ըստ այդմ մշակեր արտաքին քաղաքական կողմնորոշումները: Այդ պատճառով այսօր խառնաշփոթ է առաջացել ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային հանրության վերաբերմունքի մեջ: Մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նախանշեցին այն ուղիները, որոնցով պետք է ընթանար Հայաստանը: Պատրաստված էին խոստումնալից փաթեթներ տնտեսության զարգացման համար, մեծ ծավալի ներդրումային ծրագրեր արդեն պատրաստ էին իրականացման: Սակայն մեկ տարվա ընթացքում այդ ծրագրերը սառեցվեցին. միջազգային հանրությանը պարզ չէ, թե Հայաստանը ինչ է ուզում: Նույնիսկ այն բաց ակնարկները, որ արվում էին եւ արվում են տարբեր ատյանների կողմից, ՀՀ իշխանությունների համար որեւէ եզրակացության տեղիք չեն տալիս:

Դրա փոխարեն ունենք անպտուղ բանավեճեր քաղաքական շրջանակներում եւ հասարակության մեջ, համաշխարհային քաղաքականության զարգացումները նավթի աստիճանի իջեցրած քաղաքական միտք եւ ինքնահավան ղեկավարներ ու անձնական հաշիվներ հետապնդող խորհրդականներ: Եվ ըստ այդմ՝ աղքատացող ու նվաստացող Հայաստան: Այն դեպքում, երբ պատմության մեջ երեւի թե համաշխարհային զարգացումները երբեք այսքան բարենպաստ չեն եղել Հայաստանի համար:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728