Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ԵՎ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԵՎ ՓԱՌՔ»

Փետրվար 11,1999 00:00
Paruyr Hayrikyan

Չկարողանալով երկու բառով չանդրադառնալ Արծրուն Մարգարյանի սպանությանը, մարդու իրավունքների հարցերով ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն ու իր կուսակցությունը դատապարտելի են համարում այս սպանությունը։ Եվ սպանություններն՝ առհասարակ։ Իսկ լրագրողներիս իր գրասենյակ Հայրիկյանը հրավիրել էր՝ ներկայացնելու ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ հանձնաժողովի 98 թվականի տարեկան զեկույցը։

Իրենց աշխատանքը 5 բալանոց համակարգով գնահատելու դեպքում՝ նա «բավարար» համարեց։ Զեկույցում արձանագրված է, որ Հայաստանում այլեւս չկան արգելված քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ, քաղաքական դատավարություններն ու հետապնդումներն արդեն դադարեցվել են։

Բանակի վիճակը թեեւ բոլորին էլ հայտնի է, սակայն «վերջին շրջանում դրական տեղաշարժեր են նկատվել». զինվորներն էլ չեն թերսնվում եւ նման այլ դրական տեղաշարժեր։

«Լավ է» նաեւ խղճի եւ ազատության հարցը. գրանցման դիմում ներկայացրած բոլոր կրոնական կազմակերպությունները՝ բացի «Եհովայի վկաներից», գրանցվել են։ Զեկույցում բարձրացված է նաեւ «Ընտրական օրենսգրքի» խնդիրը. քանի դեռ նախագահն այն չի ստորագրել, օրենսգիրքն, ըստ էության, պատրաստ չէ։

Բարոյահոգեբանական հարցումներ

ԻՄ կուսակցության նախաձեռնությամբ՝ 900 հոգի «բարոյահոգեբանական» հարցումների են «ենթարկվել»։ Այն հարցին, թե Արցախի հարցի լուծման ի՞նչ հեռանկարներ են տեսնում, հարցման մասնակիցների 34 տոկոսը համաձայնել է, որ Արցախը միանա Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հակամարտության գնով։ 24 տոկոսը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Իսկ 41 տոկոսը դեմ չէ, որ Արցախը դառնա Հայաստանի դաշնակից ինքնիշխան պետություն։

900 հարցվածների պատասխաններից համամարդկային ընդհանրացումներ փորձեց անել պրն Հայրիկյանը. «Հիշում եք, չէ՞, որ մեծ աղմուկով ճամարտակում են մեկ միլիոն ստորագրությունների մասին, Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու մասին», սակայն հարցմանը կողմ է միայն հարցման մասնակիցների 14 տոկոսը։ Սա ասվեց հաղթական երանգով։ Ավելի հաճույքով պրն Հայրիկյանն արտաբերեց ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի՝ Հայաստան եւ Ադրբեջան մուտքի օգտին «ձայն տվածների» տոկոսը՝ 23։

Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական գործողությունների սկսվելուն կողմ է 9 տոկոսը։

Լրագրողական հարցումներ

Այսօր ԻՄ ղեկավարությունը՝ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նրան կփոխանցվի «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ԻՄ-ի մտահոգությունը։ «Չեմ բացառում՝ կոչ անենք, որ նախագահն արգելանքի, իր առարկությունների իրավունքով վերադարձնի օրենսգիրքը՝ այն բարելավելու նպատակով… Կընդունի նախագահը կոչը, թե չի ընդունի, արդեն ի՛ր իրավունքն է։ Դրանից հետո, արդեն հայտարարել ենք, որ գոնե այդ հարցով դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք համոզված ենք, որ դա անվիճելի հարց է»։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի խորհրդարանը ՆԳ եւ ԱԱ նախարարին անվստահություն հայտնելուն, Հայրիկյանն ասաց. «Ասեմ, որ այդպիսի հարց բարձրացնելու գաղափարն անհիմն չէ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատախազը չի կարողանում հասնել ինչ-որ արդյունքների… Բայց մեր Սահմանադրությունն առանձին նախարարի հարցը քննելու իրավունք չի վերապահում Ազգային ժողովին։ Եթե ցանկանանք այդպիսի հարց բարձրացնել խորհրդարանում, պետք է դնենք ողջ կառավարության անվստահության հարցը։ … Սակայն չշտապենք. երրորդ գործով լուրջ քննություն է տարվում»։

Պարույր Հայրիկյանն այդ մասին գիտի։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728