Երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ավետեց «Առավոտին», որ, ի հեճուկս պատգամավորական շրջանակներում շրջող լուրերի, չի պատրաստվում հրաժարական տալ: «Այդպիսի բան չկա,- ասաց պրն Սանդոյանը,- եւ չի կարող լինել»: Կարելի է միայն պատկերացնել, թե որքան է այդ լուրն ուրախացրել բյուջետային ոլորտի աշխատողներին, մասնավորապես, ուսուցիչներին, բժիշկներին եւ գիտնականներին, որոնք անցյալ տարի ամիսներով աշխատավարձ չէին ստանում: Հասկանալի է, որ պրն Սանդոյանն այստեղ ոչ մի կապ չունի: Մեղավորը անիծյալ ռուսաստանյան ճգնաժամն է:
ՎԱՏ ԼՈՒՐ
Օլիմպիական խաղերի կրկնակի, Աշխարհի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանին ՀՀ նախագահի նստավայրի պահապանները մինչեւ երեկ ոչ տեսել էին, ոչ լսել։ «Ազարյանական խաչ»-ի հայտնի հեղինակին երեկ լրագրողի տեղ դրեցին եւ համառորեն պահանջում էին, որ վերջինս փաստաթուղթ ներկայացնի եւ անցաթուղթ լրացնի։ Միջադեպին ներկա լրագրողների հորդորները եւ վկայությունը, որ Ազարյանը օլիմպիական չեմպիոն է եւ հաստատ նստավայր մուտք չի գործի մութ նպատակներով, բանի տեղ դնող չեղավ։
Մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, ասենք, Երեւան-Սեւան ավտոմայրուղու վրա, սեփական տան շքամուտքում, սակայն ստուգումները եւ խստացումներն այլ տեղերում են կատարվում։