Մեր այն հարցին, թե որեւէ կապ տեսնում է ՀՀ դատախազի հայտնի միջնորդության, Վանո Սիրադեղյանի մեկնելու եւ ԱԱ եւ ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության միջեւ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանն ասաց.
-Այնքան թարմ է, որ չեմ հասցրել մտածել, այն ինֆորմացիան ունենալ, որ ինքս ինձ համար գոնե մշակեմ։ Դեռ չեմ մշակել։
-Իսկ ԱԺ-ի հնարավոր լուծարման մասին խոսակցություններին ինչպե՞ս եք վերաբերվում։
-Նախագահը շատ հստակ պատասխանեց. եթե դատախազը նորից մտնի հանցագործներին դատելու թույլտվության համար եւ չստանա այն, կնշանակի, իրոք, քաղաքական ճգնաժամ է առաջացել, այդ դեպքում երեւի կարելի է։ Բայց ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ի լուծարման նախադեպ ստեղծել։ Դա իմ անձնական կարծիքն է։
Կարդացեք նաև
-Դուք գտնում եք, որ ԱԺ-ի, որպես ինստիտուտի՞, հեղինակության վրա դա կազդի։
-Այո։ Առանց այն էլ մնացել է 2-3 ամիս։ Ուրիշ բան՝ շատ մնացած լիներ։ Երեք ամսվա համար չի կարելի դա անել, այդ ինստիտուտի հեղինակությունը գցել։ Բայց եթե ճգնաժամ առաջանում է, դա արդեն նախագահի խնդիրն է, իր մոտ ինֆորմացիան ավելի շատ է, ինքն է վճռողը եւ ինքը պիտի վճռի։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ