Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոչինչ չեմ բացառում»

Փետրվար 11,1999 00:00
David Shahnazaryan

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավոր, 21-րդ դար ժողովրդավարական- ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանն Արծրուն Մարգարյանի սպանության առիթով համաձայնեց ճեպազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանին եւ «Առավոտի» թղթակից Արմեն Զաքարյանին։

-Արդյոք, դուք որեւէ վարկած ունե՞ք սպանության դրդապատճառների վերաբերյալ։

– Ես զերծ կմնամ որեւէ վարկած արտահայտելուց։ Կասեմ միայն, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը հերթականն էր քաղաքական սպանությունների այն շղթայում, որը վերջին տարվա ընթացքում Հայաստանում ձեռք է բերել համաճարակային բնույթ։ Շատ եմ ցավում, խորապես ցավում եմ, որ մենք կորցրեցինք նման սպայի, անձամբ ճանաչում էի Արծրուն Մարգարյանին։ Կարծում եմ՝ դա եւս մեկ ավելորդ ապացույց է, որ ներկա իշխանությունները բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին։ Տնտեսական, քաղաքական այս ճգնաժամի պայմաններում, ի դեպ, չեմ բացառում, որ այս սպանությունը վերջինը չէ, իշխանությունները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ հնարավորին չափ շուտ հայ ժողովրդին ազատեն իրենց ներկայությունից։

– Իսկ ի՞նչ եք կարծում, կբացահայտվի՞ Արծրուն Մարգարյանի սպանությունը։

– Առայժմ լավատեսական հիմքեր չունեմ այդպես դատելու համար։

– Իսկ որեւէ կապ տեսնո՞ւմ եք նախորդ սպանությունների, ինքնասպանությունների եւ այս սպանության միջեւ

։ – Կապն այն է, որ, մեկ անգամ եւս կրկնեմ՝ դրանք բոլորը կրում են քաղաքական բնույթ, իսկ քաղաքական բնույթի սպանությունները չեն կարող միմյանց հետ կապված չլինել։

– Պարոն Շահնազարյան, շուրջ մեկ տարի առաջ Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձ կատարվեց։ ԱԱՊՎ-ի նախկին ղեկավարի ձեր փորձը ի՞նչ է հուշում։ Արդյո՞ք, կրակոցները նույն ակունքն ունեն։

– Ձեռագիրն այնքանով է նույնը, որ ակնհայտ է՝ բոլոր այս սպանությունները պատվիրված են։ Այդ իմաստով, իհարկե, նույն ձեռագիրն է։

– Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո, տարբեր ժամանակներում ՆԳ եւ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Եթե Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը բացահայտված լիներ, Խորխոռունու մասին խոսք չէր լինի»…

– Ես ասացի, որ քաղաքական սպանությունները չեն կարող միմյանց հետ կապված չլինել։ Իհարկե, բացահայտումներն ամենաուժեղ արգելքն են ապագա ոճրագործություններից խուսափելու համար։

– Ասում եք, որ սպանությունները պատվիրված են։ Ենթադրում եք, թե ո՞ր ուժի կողմից։

– Պարտադիր չէ, որ դա լինի քաղաքական մեկ ուժ։ Բայց այդ կապերը չեն կարող չլինել։ Սպանությունները, ի տարբերություն իշխանությունների, այո՛, քաղաքական են։ Պաշտպանության կամ ՆԳ փոխնախարարի սպանությունը չի կարող չլինել քաղաքական, թեկուզ այն պարզ պատճառով, որ դրանք բերում են քաղաքական շատ լուրջ հետեւանքների։

– Արշակ Սադոյանը սպանության մեջ նաեւ տնտեսական հիմքեր է տեսնում։

– Հայաստանում այսօր ամբողջ իշխանությունը պատկանում է կլանային օլիգարխիային, որը թելադրում է թե՛ տնտեսական, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Իսկ մի երկրում, ուր այդ իրավիճակն է, ոչինչ բացառել չի կարելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728