Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվար 11,1999 00:00
inqnaspanutyun

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հրաչ Մելքումյանը ներքին գործերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազության լրատվության ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանի հետ։ Թղթակիցը հաղորդում է, որ դատախազությունում չեն բացառում նաեւ ինքնասպանության վարկածը։

Բայց, նախեւառաջ, թղթակիցը նախաքննության ընթացքի մանրամասները փորձել է պարզել ՆԳ եւ ԱԱ նախարարության լրատվության վարչության պետ Միքայել Գրիգորյանից։ Վերջինս ասել է, որ օպերատիվ հաղորդագրությունից բացի, այլ մանրամասներ չեն կարող հայտնել, քանի որ նախաքննությունն իրականացնում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը։ Իրենց ծառայությունը եւս, ինչպես «Ազատության» թղթակցին վկայել է Միքայել Գրիգորյանը, հաղորդում պատրաստելու համար դարձյալ դատախազությանն է դիմում։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը պարզել է նաեւ, որ նախարար Սերժ Սարգսյանը Երեւանում է։ Իսկ նախորդ օրը նրա բացակայել-չբացակայելու վերաբերյալ Միքայել Գրիգորյանն ասել է. «Սա այն հարցը չէ, որ հերքվի կամ չհերքվի։ Նախարարը պարտավոր չէ ամեն անգամ բոլորին հայտնել, թե երբ եւ ուր է մեկնում»։

Թղթակիցը հաղորդում է, որ ՆԳ եւ ԱԱ նախարարությունում ճշտել է եւս մեկ տեղեկատվություն. նախաքննությանը մասնակցում են նաեւ ՆԳ եւ ԱԱ նախարարության օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։

Այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ներկայացնում է գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Գուրգեն Ամբարյանի հետ ունեցած իր հեռախոսազրույցը։ Վերջինս ասել է, որ, նախնական տվյալներով, Արծրուն Մարգարյանի դիակը տեղափոխված չէ. «սպանվել է տեղում, Նոր Հաճընի ճանապարհի խաչմերուկին հարող ամայի տարածքում։ Փորձաքննությամբ արդեն հաստատված է, որ կրակոցներն արձակված են իր ատրճանակից»։ Թղթակցի վկայությամբ Գուրգեն Ամբարյանը հերքել է մամուլի այն հրապարակումները, թե Արծրուն Մարգարյանը նախորդ օրը աշխատանքի վայրում չի եղել։ Ընդհակառակը՝ դուրս է եկել ուշ երեկոյան։ Այդ օրը նա ներքին գործերի համակարգի պատասխանատուն է եղել։ Գ. Ամբարյանն ասել է. «Ժամը 22-ի սահմաններում դուրս է եկել, գնացել է հորաքրոջ տուն՝ Նոր Հաճըն։ Իսկապես գնացել է այնտեղ։ Իր թիկնապահների հետ»։

Հրաչ Մելքումյանը հաղորդում է, որ Նոր Հաճըն են գնացել թիկնապահներից մեկի «Ժիգուլի» մակնիշի պետական համարանիշով մեքենայով։ Հորաքրոջ տանը խմել են, վերադարձին Արծրուն Մարգարյանը նստել է մեքենայի հետեւի նստարանին, շարժվել են դեպի Երեւան։ Ճանապարհին, բնական թեթեւ պահանջ է ունեցել, կանգնել են՝ Արծրուն Մարգարյանը մեքենայից դուրս է եկել։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հարցնում է.

– Եվ հենց այդտեղ էլ սպանվե՞լ է։

– Դեպքն այդտեղ է պատահել՝ սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան է եղել, կպարզի նախաքննությունը։

– Բայց ինչպե՞ս կարող էր երկու կրակոցից ինքնասպան լինել։

– Իսկ ինչպե՞ս չէր կարող։ Ես, օրինակ, 10 տարբերակ կարող եմ ասել։ Ինչո՞ւ եք ենթադրում, որ չէր կարող։

– Որովհետեւ, ինքնասպան լինողը, սովորաբար, կրակում է գլխին։

– Մի գնդակը կպել է կրծքավանդակին, որն անցել է ստոծանու սահմաններով, մյուսը՝ գլխին։ Փորձաքննությունը ցույց կտա, թե դրանցից ո՞րն է եղել առաջին գնդակը, ո՞րը երկրորդը։ Փորձագետները կտան իրենց եզրակացությունը։

– Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ ինքնասպանության վարկածն առաջիններից մե՞կն է։

– Վարկածներից մեկն է, այո։ «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ դատաբժշկական քննությամբ դեռ չի հաստատվել, թե ե՞րբ, ո՞ր ժամին է մահացել Արծրուն Մարգարյանը, բայց ենթադրություններ արդեն կան։ Գ. Ամբարյանն ասել է. «Դատաբժշկական քննությունը կպարզի, թե մահը կոնկրետ երբ է վրա հասել։ Բայց ենթադրաբար՝ գիշերը»։ Թղթակիցը հաղորդել է, որ Արծրուն Մարգարյանին երկու թիկնապահ է ուղեկցել։

– Իսկ եթե թիկնապահների ուղեկցությամբ է եղել, մի՞թե նրանք չեն կարողանում հաստատել, որ մեքենայից դուրս եկավ ու կրակեց իր վրա,- դատախազության պատասխանատուին հարցնում է Հրաչ Մելքումյանը։

– Հրաչ ջան, դրա համար էլ աշխատում են, եւ ինչ պարզեն՝ կասենք։

Թղթակիցն ասում է, որ հենց այդտեղ էլ ավարտվում է ինքնասպանության վարկածի տրամաբանությունը, որովհետեւ եթե ինքնասպան է եղել, ապա անբացատրելի է նրա թիկնապահների պահվածքը. ինչո՞ւ անմիջապես տեղյակ չեն պահել՝ ի՞նչ են արել, ո՞ւր են գնացել, չէ՞ որ Արծրուն Մարգարյանի դիակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, փաստորեն, հայտնաբերվել է 12 ժամ անց՝ օրը ցերեկով։ Թղթակիցն ասում է, որ այս հարցերի պատասխանն ինքը չստացավ, իսկ պարոն Ամբարյանն էլ իրենից մի փոքր նեղացավ, ասելով, թե զրույցը հարցաքննության է վերածվում։ Ամեն դեպքում, ինչպես վկայում է Հրաչ Մելքումյանը, իրեն ասվել է, որ թիկնապահները ձերբակալված են, ցուցմունք են տվել, որ իրենք էլ են մեքենայից դուրս եկել։ Հիմա դա ստուգվում է։

ՀՀ նախագահի նախորդ օրվա խոսքը տպագրված «Առավոտ» թերթում, Գուրգեն Ամբարյանը հրաժարվել է մեկնաբանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728