Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅՐԵՆԻՔԻ»

Փետրվար 11,1999 00:00
Azgayin joxov

Անկեղծ ասած, առանձնակի հետաքրքրությամբ չէինք հետեւում «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քննարկմանը, քանի որ վստահ էինք, թե այս օրինագիծը եւս տապալվելու է։

Նախապես արդեն ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասել էր, թե սա ԱԺ կանոնակարգին հակասում է եւ չի կարելի քննիչ հանձնաժողով ստեղծել «այն փաստերի եւ իրադարձությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ քրեական գործ է հարուցված»։ Այնուամենայնիվ, հարցն օրակարգից չհանվեց։ Զեկուցողներ Էդվարդ Եգորյանին ու փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանին տասնյակից ավելի հարցեր ուղղվեցին, 17 հոգի էլ հերթագրվեցին ելույթների համար։ Այդ ընթացքում, իհարկե, հիշատակման արժանի շատ բաներ եղան։ Ասենք, պատգամավոր Սլավիկ Հայրապետյանը լրագրողների նախանձը շարժող մի հարց տվեց՝ խնդրեց Արտակ Վարդանյանին պարզաբանել՝ TWT-ն «Պոզեր եւ սմբակների՞», թե՞ «Հերկուլեսի» գրասենյակի հետ է կարելի համեմատել։ «Սա այդ դեպքը չի այնուամենայնիվ,- ասաց Արտակ Վարդանյանը։- Որքան էլ քննադատենք երեւույթն ինքնին, այնուամենայնիվ, որոշակի դրական շարժ եւ առարկայական մասնակցություն ձեռնարկության մեջ, իհարկե, ապահովվել է»։ Կարելի էր նաեւ հանգամանալից անդրադառնալ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանի ելույթին, որը մերժեց այն տեսակետը, թե այս հարցերը քաղաքական շահարկումների առարկա են. «Նման քննարկում եթե խորհրդարանում տեղի ունենար 1995-ին՝ մենք կկանխեինք Հայաստանից, այս աղքատ երկրից՝ մոտ 70 մլն դոլարի կողոպուտը»։

Սակայն օրվա վերջին Արմեն Դարբինյանը ստվերեց մնացած ելույթները։ Այսպես, վարչապետը հայտարարեց. «Ծանոթանալով օրակարգին եւ լսելով այս օրերի ընթացքում հնչած ելույթները, պետք է արձանագրեմ, որ խորհրդարանական փոքրամասնությունը ներկայացնող որոշ ուժեր դեռեւս չեն գտնվում այն բարձրության վրա, որ հարիր է կառուցողական ընդդիմությանը (ուղղակի հիացմունքի է արժանի, թե ինչպես է միայն պաշտոնի բերումով քաղաքականությանն առնչվող Արմեն Դարբինյանն անընդհատ դասեր տալիս քաղաքական գործիչներին.- Ա. Ի.), եւ որն իսկապես կպարտադրեր գործադիր իշխանությանը հետեւություններ անել իրավիճակից։ Դրա վկայությունն է նաեւ այն հանգամանքը, որ օրակարգում ներառված 4 հարցերից, թերեւս, միայն մեկն է համապատասխանում վերոհիշյալ չափանիշներին»։ Արմեն Դարբինյանը նկատի ուներ «ԱրմենՏելի» վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որի ստեղծմանը ելույթի վերջում իր աջակցությունը հայտնեց։ Առաջարկեց անգամ ԱԺ կանոնակարգը փոխել, եւ ուրեմն այս նախաձեռնությունն այդքան էլ դատապարտված չէ՞, ինչքան մեզ թվում էր երկրորդ հայացքից։

Վարչապետն ընդդիմությանը նաեւ պատասխանատվության դասեր տվեց։ Նշեց, թե նրանց համար «պետք է գոյություն ունենան թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքական պատնեշներ, որոնցից այն կողմ վտանգվում են պետականության իրական հիմքերը։ Առավել եւս, եթե այդ փոքրամասնությունը երեկվա իշխանության մի մասն էր»։

Մի պահ ընդմիջենք այս կշտամբանքները, ներկայացնելու համար «ԱրմենՏելին» առնչվող պարզաբանումները։ TWT ընկերության «կղզիական» ծագման վերաբերյալ պնդումներին պրն Դարբինյանը հետեւյալ փաստարկը հակադրեց, թե այն այնուամենայնիվ կարողացավ SIEMENS-ից ավելի քան 46 մլն դոլարի սարքավորումներ ստանալ. «Ավելին ասեմ, մենք ողջունում ենք նման կղզիներից դրամական միջոցների հոսքը Հայաստան»։ Վարչապետի տեսակետն այս գործարքի վերաբերյալ մասնավորապես հետեւյալն էր. «Գործարքի արդյունքում պետությունը չի ստացել այն, ինչ կարող էր ստանալ»։ Արմեն Դարբինյանը հայտնեց, որ սակագներն անկախ «ԱրմենՏելի» սեփականաշնորհումից էին բարձրանալու։

Վերադառնանք «խորհրդարանական փոքրամասնությանն» (ի դեպ, նրանք շուրջ 70 պատգամավորներ են) ուղղված մեղադրանքներին։ «Նրանք կամ չեն հասկանում գործարքի էությունը, կամ դիտավորյալ խեղաթյուրում են պատկերը»,- ասաց վարչապետը։ Իսկ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու՝ «Հայրենիք» խմբի արդեն իսկ տապալված նախաձեռնության առնչությամբ հայտարարեց. «Դա ընդամենը խառնաշփոթ ստեղծելու, Հայաստան պետության գործողություններն աշխարհին անկառավարելի ներկայացնելու, հետկուլիսային ճղճիմ խաղերի արդյունքում՝ անհայտ գաղափարախոսական հիմքի վրա ձեւավորված պատգամավորական խումբը քաղաքական առաջնորդի դերում ներկայացնելու անհաջող փորձ էր»։ Բաժին հասավ նաեւ օրակարգի այլ հարցերին. «Դրանք ընդամենը նեղխմբակային շահեր հետապնդող նախագծեր են, որոնց ընթերցողը երբեք չի հավատա, որ դրանց հեղինակը նաեւ ՀՀ Սահմանադրության ստեղծման գործին անմասն չէ»։

Բնականաբար, կառավարությանը «Երկրապահի» դիտողությունները նման վերաբերմունքի չէին կարող արժանանալ. «Այո՛, ես ընդունում եմ այն քննադատությունը, որ դեռեւս չի մշակվել կառավարության գործունեության թափանցիկության բանաձեւ»։ Եվ առաջարկեց միասին մշակել այդ բանաձեւը։

Վարչապետը մի առաջարկ էլ արեց, որ հետո արժանացավ Վահագն Խաչատրյանի հակահարվածին։ Այսպես, Արմեն Դարբինյանն ասաց. «Ինչո՞ւ չեք փորձում ստուգել սեփականաշնորհման ամբողջ գործընթացը, այն գործարքները, որոնց հետեւանքով նաեւ այսօրվա հռետորները դարձան վիթխարի կարողության տեր»։ «Այն մարդիկ, ովքեր ցանկանում են սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրել, առավել եւս՝ կառավարությունն ու վարչապետը՝ այդ լիազորությունները նրանցից ոչ ոք չի վերցրել»,- ասաց Վահագն Խաչատրյանը։

Նիստն ավարտվեց։ 4-րդ խոսափողի մոտ այս անգամ ապարդյուն էր Արշակ Սադոյանի սպասումը։ Ասելիք ուներ ե՛ւ նա, ե՛ւ «վիթխարի կարողության տեր» անձանցից մեկը՝ «Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանը. «Ես խոստանալու եմ իմ ամբողջ կարողությունն իրեն տալ, բայց թող ինքն իր ունեցվածքն էլ ինձ տա,- «Առավոտին» ասաց նա։- Եթե չտվեց՝ ուրեմն Արմեն Դարբինյանը ճիշտ չի խոսում, մեղմ ասած։ Ամբիոնից իսկական բառը փետրվարի 11-ին կասեմ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728