Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարացումներ

Փետրվար 11,1999 00:00
qvearkutuyn

«Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու նախաձեռնության քվեարկության արդյունքները երեկվա «Առավոտում» հրապարակելուց հետո՝ ցուցակում հիշատակված պատգամավորներից մի քանիսը հարկ համարեցին պարզաբանումներ ներկայացնել։ Հիշեցնենք, որ սրանք այն պատգամավորներն են, որոնք հեռահաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներն օրենքով սահմանելու օրինագծի երեք քվեարկությունների ժամանակ տարբեր կերպ են քվեարկել։

Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Եթե ես առաջին երկու քվեարկությունների ժամանակ «կողմ» էի քվեարկել՝ երրորդի ժամանակ էլ պարտադիր «կողմ» կքվեարկեի՝ պարզապես դահլիճում չէի, քանի որ փորձում էինք պարզել այդ լարված իրավիճակի պատճառները։ Եվ ես ուղղակի չհասցրի դահլիճ վերադառնալ»։ Գործընկերներիս վկայությամբ, այդ ընթացքում Անդրանիկ Մանուկյանը բուռն վիճաբանում էր ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ երկուսն էլ չմասնակցեցին երրորդ քվեարկությանը։ «Հերթական նիստերի ժամանակ՝ երեւի ամսի 15-ին, օրակարգ կմտնի «Սակագների մասին» օրենքը։ Այնպես որ, հեռահաղորդակցության սակագների հարցը դեռ փակված չէ, եւ ես նորից «կողմ» կքվեարկեմ»։

Արամազդ Զաքարյանն էլ էր երկու անգամ «կողմ» քվեարկել, իսկ երրորդ քվեարկությանը չէր մասնակցել. «Դահլիճում ուղղակի անտանելի մթնոլորտ էր տիրում։ Եթե բացակա մարդկանց փոխարեն քվեարկում են՝ անգամ լավագույն նախաձեռնությունն իրականացնելու համար՝ ես չպիտի մասնակցեմ նման անազնիվ խաղերին։ Եթե այդպես չլիներ՝ նորից «կողմ» կքվեարկեի»։

Իրոք, Արամազդ Զաքարյանի շարքում Ալեքսան Ավետիսյանի փոխարեն երկու անգամ «կողմ» էին քվեարկել, իսկ պրն Զաքարյանի հայտարարությունից հետո այլեւս այդ քայլին չէին դիմել։ Այդպես էր բացակայող Ալեքսան Ավետիսյանը հայտնվել փոփոխամիտների մեր ցուցակում։ «Հայրենիք» խմբի անդամները երեք անգամ «կողմ» էին քվեարկել նաեւ բացակայող Գրիգոր Գրիգորյանի փոխարեն։ Հակառակ կողմն էլ էր կեղծիքների դիմել։ Մասնավորապես, մեր ցուցակի հերոսներից մեկը՝ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն էլ էր բացակայել, բայց նրա փոխարեն սկզբում «դեմ» էին քվեարկել, հետո պատգամավորի կոճակը հանգիստ էին թողել։

Նշենք, որ քվեարկության արդյունքները կեղծելը հանցագործություն է, որի համար քրեական օրենսգրքով պատիժ է սահմանված։ Սակայն այն, ինչ կատարվեց փետրվարի 9-ին բոլորովին նորություն չէր՝ մեր բոլոր օրենքներն են կեղծված քվեարկությունների միջոցով ընդունվում։ Եվ այնուամենայնիվ տարակուսելի է, որ միայն երբեմն են որոշներն ընդվզում «անազնիվ խաղերի» դեմ։

Ա. Ի.

Հ. Գ. Ի դեպ, զարմանալի մի զուգադիպությամբ գյումրեցի բոլոր պատգամավորները փաստորեն «դեմ» են քվեարկել այս օրինագծին։ Իրազեկների պնդումների համաձայն, սա մարզպետ Արարատ Գոմցյանի հրահանգի արդյունքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728