Ամիսներ առաջ մեր թերթն անդրադարձել է ընտանեկան այս վեճին. անկեղծ ասած, առանձնապես հույս չունենալով, թե մեր միջոցով ինչ-որ հարց կկարգավորվի։ Սա այն դեպքն է, որ պետք է ասել, փառք Աստծո՝ սխալվեցինք, ու օրենքը գործեց, բայց…
Մինչեւ շարունակությանն անդրադառնալը, մի երկու բառով ընթերցողներին հիշեցնեմ պատմությունը։ Չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քարտուղարության ղեկավար Նունե Մանուկյանը բավական չէ, որ շարունակել է բնակվել նախկին ամուսնու՝ Ազգային օպերայի մեներգիչ Ալեքսանդր Թամազովի քրոջ բնակարանում՝ դեռ շանտաժների է ենթարկել նախկին ամուսնուն։ Ավելին, ամեն գնով խոչընդոտել է, որ Ա. Թամազովի բողոք-դիմումները չհասնեն ՆԳ եւ ԱԱ նախարարին։
Իր աշխատակցի օրինախախտումների մասին «Առավոտից» իմանալով՝ ՆԳ եւ ԱԱ նախարարի կարգադրությամբ կարգավորվում է հարցը (ասում են, իբր նախարարը նույնիսկ նկատողություն է տվել Ն. Մանուկյանին)։ ՀՀ դատախազությունում 1998 թ. դեկտեմբերի 22-ին Նունե Մանուկյանը, վճիռների վերահսկման եւ քաղաքացիական հարցերի կարգավորման բաժնի պետ Լ. Ավետիսյանի եւ դատախազության աշխատակից Ս. Կարսելյանի ներկայությամբ, ստորագրում է փաստաթուղթ՝ իրեղեն պահանջներ չունենալու մասին։
Այս փաստաթուղթն, իհարկե, Նունե Մանուկյանը ստորագրում է իր պահանջը բավարարելուց հետո։ Իսկ պահանջը հետեւյալն էր. Ա. Թամազովի քրոջ տնից դուրս գալու դիմաց եւ որդուն բնակարան գնելու պատրվակով Ա. Թամազովից պահանջում եւ ստանում է 12,5 հազար դոլար։ Նշենք, որ այդ բնակարանում Ա. Թամազովն ու Ն. Մանուկյանը ունեին միայն ապրելու իրավունք եւ, բնականաբար, վաճառել, նվիրել, կտակել, բաժանել չէին կարող։ Ու չնայած այստեղ էլ ոտնահարվում է օրենքը, այդուհանդերձ Ն. Մանուկյանին հաջողվում է ստանալ 12,5 հազար դոլար։ Նշենք, որ դատարանի անօրինական որոշման համաձայն Ա. Թամազովի քրոջ տունը պետք է բաժանվեր՝ Ն. Մանուկյանին բնակարան հատկացնելու համար։ Ա. Թամազովը համաձայնվում է տալ այդ գումարը, հույս ունենալով, թե դատախազությունում արված ստորագրությունը (իրեղեն պահանջներ չունենալու մասին) իսկապես օրենքի ուժ կունենա։
Կարդացեք նաև
Սակայն 98 թ. հունվարի 21-ին հյուրախաղերից տուն վերադառնալով՝ Ալեքսանդր Թամազովը հայտնաբերում է, որ քրոջ սեփականությունը հանդիսացող բնակարանից գողացված է «Ռենեսանս» տիպի կահույքը (9 կտորից), արաբական մահճակալը, տեսախցիկը։
Հարեւաններից Ա. Թամազովին հայտնի է դառնում, որ այդ ամենը հունվարի 6-ին տարել են իր նախկին կինը՝ Ն. Մանուկյանը եւ նրա հայրը՝ Աշոտ Մանուկյանը, որը նույնպես ներքին գործերի համակարգի աշխատակից է։ Ավելացնենք, որ մինչ այդ, Ն. Մանուկյանն արդեն հասցրել էր այդ տնից տեղափոխել ընդհանուր գումարով 10 հազար դոլար արժողությամբ ապրանքներ, որոնք գնվել էին ընտանեկան համատեղ կյանքի ընթացքում։
Այսքանից հետո, Ալեքսանդր Թամազովին մնում է միայն դիմել ՀՀ գլխավոր դատախազին, Կենտրոն-Նորք Մարաշ համայնքի դատախազին, ՆԳ եւ ԱԱ նախարարին։ Իսկ քանի որ Ն. Մանուկյանի «շնորհիվ» ոչ բոլոր նամակներն են հասնում ՆԳ եւ ԱԱ նախարարին՝ այս հարցին անդրադառնում է նաեւ «Առավոտը»՝ հույս ունենալով, թե այդ ամենի մասին նախարարը դարձյալ կիմանա մեր թերթից։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ