Հայտնում ենք, որ թեեւ «Լոգոս» հետազոտական կենտրոնը առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում Երեւանում իրականացրել է հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումներ, բայցեւայնպես, դրանցից եւ ոչ մեկում ստացված պատկերը չէր կարող հիմք հանդիսանալ «Առավոտ» օրաթերթի ս.թ. փետրվարի 6-ի համարի «Մեր տանիքը Ձեր տանիքից բարձր ա» հրապարակման մեջ Ազգային ժողովի լուծարման կամ նախագահի վարկանիշի վերաբերյալ «Լոգոս» հետազոտական կենտրոնի աշխատանքների վկայակոչման համար։
Դատելով օրաթերթի այդ հրապարակումից, Ազգային ժողովի լուծարման նպատակահարմարության վերաբերյալ մեր կենտրոնին վերագրվող ուռճացված մտացածին թվական տվյալներ տարածող տվյալ անանուն պատգամավորի ջանքերը լավագույն դեպքում ընդամենը պարզունակ քաղաքական ապատեղեկատվություն է՝ զուգահեռաբար իր էության մեջ կրելով նաեւ ակնհայտ զրպարտչություն մեր կենտրոնի աշխատանքների վերաբերյալ։ Ի գիտություն կարող ենք հայտնել, որ ըստ հունվարի 27-28-ին «Լոգոս» հետազոտական կենտրոնի կողմից Երեւանում իրականացված եւ արդեն իսկ ազգային հեռուստատեսությամբ հրապարակված տվյալների՝ հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի լուծարումը հայտնի իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակի լուծման նպատակահարմար քայլ են համարել հարցվածների միայն 44.81%-ը (դեմ են եղել 27.60%-ը) եւ ամենեւին էլ ոչ 72%-ը, ինչպես «Լոգոսի» անունից տարածում է նրա անծանոթ ինքնակոչ «խոսնակը»։
Էլ ավելի անհայտ ու կասկածելի է հանրապետության նախագահի վարկանիշին վերաբերող 22%-ի ծագումնաբանությունը եւ սեփական անունից անհարմար զգացող ու վերոնշյալ հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած ԱԺ այդ պատգամավորի կողմից ամեն կերպ դրանք «Լոգոսին» վերագրելու միտումը։ Ինչ վերաբերում է մեր անհայտ «բարեկամի» խորհուրդներին՝ «ԱրմենՏելի» հարցով եւ կառավարության վարկանիշի վերաբերյալ հասարակական կարծիքի վերաբերմունք ճշտելու մասին, շնորհակալություն հայտնելով գաղափարի համար, նշենք, որ այդ եւ այդօրինակ հարցերը եղել եւ մնում են մեր հետազոտությունների հիմնական խնդիրների շրջանակում։
Վերջացնելով այս մասին, ցավալի է միայն արձանագրել, որ, հիշյալ անանուն պատգամավորի ակնհայտ ապատեղեկատվական բնույթ կրող նմանատիպ մտավարժանքները կարող են հիմք հանդիսանալ հայաստանյան ամենահեղինակավոր եւ մեր կողմից շատ հարգելի այնպիսի պարբերականի հրապարակման համար, ինչպիսին «Առավոտն» է։
«Լոգոս» հետազոտական կենտրոն