Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՛ խրախուսիր, որ չխրախուսվես

Փետրվար 10,1999 00:00
byuje

1999 թվականի ՀՀ բյուջեն թե՛ հանրապետության վարչապետը, թե՛ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը համարեցին ամենաիրատեսականը բոլոր իրատեսականներից։ Թե որքանով է բյուջեն այդպիսին, թող դատեն նրանք, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձի երես չեն տեսնում։

Բայց որ այն ոչ միայն իրատեսական է, այլեւ, ես կասեի, լավատեսական, հատկապես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների համար, կասկած չկա։Բացի այն, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համակարգի պահպանման վրա բյուջեով հատկացված է 218 միլիոն 631 հազար 400 դրամ, դեռ աշխատակիցների խրախուսման նպատակով էլ նախատեսված է 250 միլիոն դրամ։ Իհարկե, շատ գովելի է՝ խրախուսել աշխատակիցներին, սակայն միայն այդ համակարգի աշխատողներն են խրախուսանք սիրում։ Բյուջեում մնացած նախարարությունների եւ առհասարակ, բյուջետային մյուս հիմնարկների աշխատակիցներին խրախուսելու այլ տող չկա։ Իսկ իրական խրախուսման կարիք ունեցողների հանդեպ բյուջեն նույնքան առատաձեռն չէ։

Օրինակ՝ կենսաթոշակառուներին օգնություն տրամադրելու նպատակով բյուջեից առանձնացված է միայն 5 մլն դրամ։ Զոհված ազատամարտիկների երեխաներին բուհերում վճարովի ուսուցման համար 25 մլն դրամ է հատկացված, իսկ փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների նպատակով՝ 67 մլն 702 հազար 100 դրամ։ Խրախուսման գումարից շատ ավելի քիչ՝ միայն 200 մլն դրամ է հատկացված զոհված ազատամարտիկների եւ հաշմանդամների բնակարանային շինարարության եւ բնակարանային պայմանների բարելավման համար։

Չգիտես որտեղից՝ աչքս ընկավ նաեւ ձկան պաշարների համալրման համար հատկացված 17 մլն դրամը։ Այսքան քիչ գումարով ձկները տեսնես սեւ խավիարի գործն ինչպե՞ս կհաջողացնեն։

Բյուջեն կազմողների համար, կարծում ենք, իրոք, արժե խրախուսական եւ հսկայական գումար առանձնացնել, որպեսզի անհարկի խրախուսումներով չփորձեն խրախուսել այն, ինչը առանց բյուջեի փողերի էլ է խրախուսվում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728