Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՆՏՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՄԻԽԱԼԿՈՎԸ 2004 ԹՎԻՆ

Փետրվար 10,1999 00:00
Boris Hayrapetyan

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Նիկիտա Միխալկովը վերջին տարիներին ճանաչված է նաեւ որպես քաղաքական գործիչ։ Այլ հարց է, թե Ռուսաստանի քաղաքական դաշտում նա ինչպիսի տեղ է գրավում։ Շատերը նույնիսկ Միխալկովին տեսնում եւ առաջադրում են Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Եվ կարծես Միխալկովն ինքն էլ այդ հարցին հենց այնպես չի վերաբերվում եւ իր ծավալած գործունեությամբ մոտենում է դրան։

Հայաստանում է գտնվում Ռուսաստանի կինոգործիչների միության քարտուղար Բորիս Հայրապետյանը, որը լավագույնս տեղյակ է Ն. Միխալկովի մշակութային եւ քաղաքական գործունեությանը։

Հարցազրույց Ռուսաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Բորիս Հայրապետյանի հետ։

– Պրն Հայրապետյան, Ա. Շոխինը վերջերս կարծիք հայտնեց, թե Նիկիտա Միխալկովին կուզեր տեսնել իբրեւ «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության նախագահ։ Միխալկովը նախապես տեղյա՞կ էր եւ արդյոք կիսո՞ւմ էր նրա ցանկությունը։

– Դա պարոն Շոխինի իմպրովիզացիան էր, որ կուզեր Նիկիտա Միխալկովին տեսնել որպես «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության նախագահ, բայց հաշվի չառավ, որ այսօր Նիկիտա Սերգեեւիչը այդ բոլոր կուսակցություններից ավելի վեր է կանգնած՝ հարգելով այդ կուսակցությունների սկզբունքները եւ միաժամանակ չհարգելով դրանցում տիրող մթնոլորտը։ Միխալկովը Շոխինի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ շնորհակալություն հայտնեց եւ մերժեց առաջարկը։ Եվ հրաժարվելու պատճառը ոչ թե «Մեր տունը Ռուսաստանն է» կուսակցության մեջ էր, այլ այն, որ Միխալկովն այսօր ինքն իրենով կուսակցություն է։ Նա բավականաչափ կողմնակիցներ ունի, իսկ եղած կուսակցությունների մեծ մասը ընտրում է այն քաղաքականությունը, որին արձագանքում են Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի բնակչությունը՝ բոլորովին հաշվի չառնելով Ռուսաստանի մնացած բոլոր ռեգիոնները։ Միխալկովի՝ «Ես ինքս կուսակցություն եմ» արտահայտությունը ինքնագովազդ չէ եւ նա ունի դա ասելու իրավունքը։

Ռուսաստանի ներկա քաղաքական դաշտում տեսնում ենք ոչ թե ծրագրերի պայքար, այլ զուտ իշխանության համար։ Միխալկովի համար հատկապես անընդունելի է այն փաստը, որ, ունենալով նախագահ, որը դեռ ունի մեկ տարվա իշխանություն, դրվում է նախագահի իմպիչմենթի հարցը։ Չէ՞ որ իմպիչմենթը դրվում է այն դեպքում, երբ նախագահը խախտում է օրենքը։ Իսկ հիմա հաշվի է առնվում նախագահի վատառողջ լինելը՝ բոլորովին մոռանալով, որ, օրինակ՝ Չերչիլը, Էյզենհաուերը եւ Միտերանը նույնպես վատառողջ էին, բայց նրանց դա չէր խանգարում ղեկավարել երկիրը։

Միխալկովը չլինելով ոչ մի կուսակցության անդամ, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ ելույթներ է ունենում տարբեր ամբիոններից, քանի որ նրա տեսակետը շատերին է հետաքրքրում։ Օրինակ, անցյալ տարի նոյեմբերի 7-ին, երբ Ռուսաստանում ժողովրդական բողոքի անկանխատեսելի ակցիաներ էին սպասվում, Միխալկովի հեռուստաելույթից հետո փողոցներ դուրս եկավ բնակչության ընդամենը 30%-ը։ Միխալկովի ելույթն այսպիսին էր՝ եթե դուք դուրս եք գալիս միայն այն բանի համար, որ հայտնեք ձեր բողոքը եւ պահանջեք կառավարության հրաժարականը՝ առանց ներկայացնելու այն թեկնածությունը, որին կուզեիք տեսնել որպես նախագահ, այդ դեպքում ձեր բողոքն ու փողոց դուրս գալն անիմաստ է։

– Իսկ Միխալկովը կդնի՞ իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։

– 2000 թ. ընտրությունների պայքարն այնքան ուժեղ ու լարված է լինելու, որ այդ պայքարից հետո մի շարք կուսակցություններ կթուլանան։ Կուսակցությունների մեծ մասն այսօր ընդունում է Միխալկովին։ Միխալկովը սահմանադրական միապետության կողմնակից է, եւ իր կարծիքով դա Ռուսաստանի համար այսօր միակ ճիշտ ուղին է։ Իմ կարծիքով ներկա կուսակցությունների քանակը եւ իրենց կողմից կիրառվող իշխանության հասնելու մեթոդները, որոնք շատ կեղտոտ բնույթ են կրում, 2004 թվին վերջնականապես կհասնեն գագաթնակետին եւ ժողովուրդը, որ արդեն զզված ու հոգնած կլինի այդ ամենից ու բոլոր տեսակի լոզունգներից, կընդունի Միխալկովի դիրքորոշումն ու գաղափարները։ Միխալկովն այն կերպարն է, որ եթե 2000 թվին, Աստված չտա, հասնենք քաղաքացիական պատերազմի իրավիճակի, կարծում եմ, բոլորը կհիշեն նրան եւ կհրավիրեն, ինչպես հրավիրեցին Պրիմակովին։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728