Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները համաձայն են հարաբերական մեծամասնությանը

Փետրվար 10,1999 00:00
Andranik Margaryan

Ընդամենը օրեր առաջ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե որեւէ ընտրություն չարժե, որ ժողովուրդը պառակտվի եւ որպես կառուցողական դիրքորոշում բոլորի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն հայտնեց։

Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ Այս հարցին պատասխան ստանալու համար զրույցի հրավիրեցի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։

Նա ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն, իրենք հանդես կգան նախաձեռնությամբ, առաջարկներ ներկայացնելով կուսակցություններին. «Ձեւերը դեռ կորոշենք՝ սկզբից երկկողմ խորհրդատվություններ, թե միանգամից կլոր սեղան հրավիրել մի քանի կուսակցությունների մասնակցությամբ։ Նպատակ ունենք հստակորեն պայմանավորվել խաղի կանոնների վերաբերյալ»։

Նախաձեռնության նպատակը, ինչպես Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց, այն է, որ «քաղաքական ուժերն իրար նկատմամբ վստահություն ունենան։ Եթե կուսակցությունները կարողանան դա անել, ապա ժողովուրդն էլ վստահություն կունենա ընտրությունների եւ ընտրվելիք Ազգային ժողովի նկատմամբ, ինչը կտարածվի նաեւ կառավարության եւ նախագահի որոշումների վրա»։ Իսկ Հանրապետական կուսակցությունն իր առաջարկությունները ներկայացնելու է այն հիմքով, որ նախընտրական ու հետընտրական փուլում հնարավոր լինի «ներքին կայունության ստեղծումը, վստահության մթնոլորտում ընտրությունների անցկացումը, ընտանիքներում ու թաղերում թշնամի բանակների չբաժանվելը։ Պետք է հիշենք, որ ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է եւ դա չպետք է ազդեցություն թողնի մարդկային հարաբերությունների վրա»։

-Բայց այդ ամենը, պրն Մարգարյան, կարծես թե հակասության մեջ է համագումարում արտասանած Ձեր ճառի բովանդակության հետ, երբ ասացիք, թե հանրապետական կուսակցությունը խորհրդարանում որակական մեծամասնություն պիտի ունենա։ Վազգեն Սարգսյանը, իմ տպավորությամբ, կուսակցության առջեւ ավելի համեստ խնդիր դրեց։

Հանրապետական կուսակցության նախագահն ի պատասխան ասաց, թե ընտրություններում հաղթելն իրենց համար, բոլոր դեպքերում, գերխնդիր չէ։

-Մեկ հարց էլ, պրն Մարգարյան. Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում ամենից շատ ձայներ Դուք եւ Ալբերտ Բազեյանը ստացաք՝ յուրաքանչուրդ 950 քվե։ Շատերն են նկատել, որ, ինչպես խորհրդի կազմի հրապարակման, այնպես էլ Ձեր շնորհակալական խոսքի ժամանակ Ալբերտ Բազեյանը բացակայում էր դահլիճից եւ այդ հիմքով էլ որոշակի հակասությունների մասին դատողություններ են հնչում։

Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե հակասություններ գոյություն չունեն. «Ես եւ Ալբերտը մոտ ընկերներ ենք եւ անձնապես, եւ գաղափարապես»։

Իսկ իր բացակայության ընթացքում Ալբերտ Բազեյանը, ինչպես Անդրանիկ Մարգարյանն է վկայում, աշխատում էր համագումարի բանաձեւի վրա։

-Պրն Մարգարյան, 833 ձայն ստանալով, Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում ընդգրկվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր անձնավորություններից մեկը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը։ Արդյո՞ք դա կուսակցությանը, որի գաղափարական առաջնորդը, ինչպես հանրապետականներն են վկայում, Վազգեն Սարգսյանն է, վերահսկելու փորձ չէ՞։

-Ես նման բան չէի ասի, որովհետեւ չեմ ցանկանում տարանջատել մեր եւ նախագահի թիմը։

Անդրանիկ Մարգարյանն, իր ասելով, այսպես է դատում, որովհետեւ իբրեւ քաղաքական նույն թիմի անդամներ, իրենք սկսել են համագործակցել դեռեւս 1998 թվականի նախագահական ընտրություններից՝ նախ պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը, իսկ հետո նրա քաղաքականությունը, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ նրա պատերից դուրս. «Ալիկի մասնակցությունը ՀՀԿ խորհրդի եւ ընդհանրապես կուսակցության աշխատանքներին միանգամայն բնական եմ համարում։ Դա նույն քաղաքական մտածողությունն ունեցող եւ նույն խնդիրների լուծմանը հետամուտ մարդկանց համագործակցություն է եւ ոչ թե վերահսկողության ինչ-որ փորձ»։

-Պրն Մարգարյան, ասացիք, թե նախագահի հետ համագործակցում եք քաղաքական նույն թիմի շրջանակներում։ Նա ընդամենը օրեր առաջ հայաստանյան մի շարք կուսակցությունների համարեց մոսկաներ։ Իսկ Դուք ո՞ր ուժերին եք մոսկաներ համարում։

-Ես չեմ ցանկանում նախագահի փոխարեն պատասխանել այդ հարցին։

-Իսկ համարո՞ւմ եք, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեջ մոսկաներ կան։

-Չէի ցանկանա կուսակցություններին վիրավորել, կուսակցությունների դերի թերագնահատումը, կարծում եմ, ճիշտ չէ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728