Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌԸ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿՆԵՑ, ԲԱՅՑ ՄՈՒԿԸ ԴԵՌ ՉԻ ԾՆՎԵԼ

Փետրվար 10,1999 00:00
Hakob Avetiqyan

Ավանդական կուսակցություններից ՌԱԿ-ը Հայաստանի պայմաններում կարծես թե դժվար է հարմարվում։ Եթե այլ կուսակցություններ չեղած տեղից են գոյատեւում, ՀՌԱԿ-ը եղած տեղից էլ չի կարողանում պահպանել իր շարքերի ամրությունն ու կուսակցական համախմբվածությունը։ Հետաքրքիր է, որ խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ ե՛ւ 1995-ին, ե՛ւ այսօր ՀՌԱԿ-ի մեջ ցեցն ընկավ եւ սկսեց քայքայման գործընթացը։ Երեկ լրատվության միջոցները հրապարակեցին ՀՌԱԿ վարչության նիստի արձանագրությունը, ինչպես նաեւ փոխատենապետ (արդեն նախկին) Համլետ Դալլաքյանի նամակը՝ «ՀՌԱԿ-ը նոր պառակտման եզրին» վերնագրով։

Իրադարձությունների զարգացման ընթացքում ՀՌԱԿ խորհրդական, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՀՌԱԿ նոր ատենապետ Հարություն Առաքելյանը եւ փոխատենադպիր Շամիրամ Աղաբեկյանը լրագրողներին հրավիրեցին ասուլիսի։ Ասուլիսի ժամանակ հնչեցին որոշ մեղադրանքներ եւ որոշ պարզաբանումներ։ Միակողմանի մեկնաբանությունից խուսափելու նպատակով, հանդիպեցինք ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանին եւս։ Ստորեւ կփորձենք ներկայացնել կարծիքները երկուստեք։

Ասուլիսի ժամանակ

Պարոն Ավետիքյանը փորձեց բացատրել, որ նախկին ատենապետի նկատմամբ դժգոհությունները վերաբերում էին այն բանին, որ Հարություն Կարապետյանը, վարելով գրահրատարակչության վարչության պետի պաշտոնը, թերանում էր ատենապետի պաշտոնում։ «Նոր դիվանի ընտրությամբ կուսակցությանը կհաջողվի ամենակարճ ժամանակամիջոցում գումարել արտահերթ պատգամավորական ժողով, որը նույնպես կանոնադրական պահանջ է՝ ամեն մեկ խորհրդարանական ընտրությունից առաջ կուսակցությունը պետք է իր կանոնադրությանը համաձայն, առնվազն երեք ամիս նախապես գումարի իր պատգամավորական ժողովը»։ Պարոն Ավետիքյանի ասելով, մինչ «այստեղ նիստ էր գումարվում, որի շուրջ պարոն Կարապետյանը եւ նրա տեղակալ Համլետ Դալլաքյանը համաձայնել էին փետրվարի 6-ին կայացած նիստի ընթացքում, մենք գտանք ատենապետի սենյակը փակ, դռները փակ, այնտեղ է նաեւ կուսակցության սեյֆը, կնիքը, փաստաթղթերը, բոլոր լրագրությունները»։ Պարոն Ավետիքյանի ասելով Դալլաքյանը դեռեւս չի ներկայացել եւ «չի բերել այդ ամբողջը»։ Նիստին մասնակցել են վարչության 15 անդամներից 11-ը։ Այս նիստում նոր ընտրություններ են եղել։ Որոշվել է նաեւ հրավիրել 9-րդ արտահերթ պատգամավորական ժողով։ Ավետիքյանի ասելով կուսակցությունը չի պառակտվել. «Մեծամասնությունը չի պառակտվում, չէ՞»։

Տիկին Շամիրամն էլ խոսեց, ասելով, թե «Էդքան պաշտոններ ունեցող մարդը չի կարող լիարժեք նվիրվել կուսակցությանը»։ Խոսքը Հարություն Կարապետյանի մասին է, որն արդեն մեկուկես տարի է ՀՌԱԿ ատենապետն է։ Տիկին Շամիրամի կարծիքով կուսակցությունը նախընտրական փուլին բնորոշ ակտիվություն չի ցուցաբերում։ Շեշտը մի թեթեւ դրվեց այն պաշտոնի վրա, որը վարում է Հ. Կարապետյանը։ Ասվեց, թե մտավախություն կար, որ այլ պաշտոնում գտնվող կուսակցական ատենապետը հնարավոր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեղադրվեր սուբյեկտիվության մեջ։

Փաստորեն, ասուլիսի առիթը նախկին փոխատենապետ Համլետ Դալլաքյանի նամակն էր։ Ըստ նոր ատենապետի «շատ ծանոթ բառակապակցություններ ենք տեսնում, որոնք մի պսեւդո պատգամավոր կա, որը սիրում է օգտագործել։ Կոնկրետ փաստեր կան, որ նրանց ինստրուկտաժ անում են նախկին իշխանությունների խամաճիկները, որոնք ժամանակին փորձում էին փակել այս կուսակցությունը»։ Այս խոսքից հետո հնարավոր չէր չհարցնել, թե ում նկատի ունի նոր ատենապետը, արդյոք դա Վիգեն Խաչատրյանը չէ։ Հենց այստեղ էլ զարմացանք, երբ ատենապետն ասաց, թե չի ճանաչում նրան, քանի որ ինքը քաղաքականության մեջ նոր մարդ է։

Պարոն Ավետիքյանի կուսակցական լինել-չլինելու հարցը տրվեց-առնվեց։ «1994-ին, երբ արձակվեց նախկին նախագահի հայտնի հրամանը, ես, չվտանգելու համար իմ կուսակցությանը, կասեցրեցի իմ անդամությունը, չնայած չէի կարող ոչ մեկին համոզել, որ ես կուսակցության անդամ չեմ։ Իսկ 97 թվականին, նախկին ատենապետ Հարություն Կարապետյանի միջամտությամբ, պնդմամբ, ստիպմամբ անգամ, ես կրկին մտա ՀՌԱԿ-ի շարքերը»։ Համենայնդեպս, պաշտոնական մարմիններից որեւէ առաջարկ կամ նկատողություն չի արվել պարոն Ավետիքյանին, որ դուրս գա կուսակցությունից. այդ միտքը ըստ պարոն Ավետիքյանի՝ «Երեւի Կրասնոսելսկի նախկին քարտուղարի ուղեղում է ծնվել միայն»։

Նախկին ատենապետ եւ նախկին փոխատենապետ

Հարություն Կարապետյանի մեկնաբանությունը. «Եթե այդ նիստից առաջ որեւէ մեկը ինձ ընկերական կամ կուսակցական ասեր, թե չեք կարող աշխատանքը կազմակերպել եւ այլն, ես կհասկանայի, բայց դա չի եղել։ Հարցը բարոյական է, ոչ մի բառ չի եղել, հերթական նիստն է, ես գալիս եմ նիստի եւ Հակոբ Ավետիքյանի գրպանից հայտնվում է մի ցուցակ՝ վարչության անդամների ստորագրություններով։ Ես էմոցիոնալ մարդ եմ, բայց սովոր եմ իմ էմոցիաները զսպել։ Ես մարդկայնորեն չէի կարող աշխատել այդ մարդկանց հետ, ովքեր իմ թիկունքում ստորագրություններ են հավաքել։ Եթե սա նախապատրաստված հեղաշրջում չէ, ուրեմն, ի՞նչ է։ Այսինքն՝ անբարոյականություն է տեղի ունեցել»։

Պարոն Կարապետյանի կարծիքով շատ բաների մասին արտասահմանում տեղյակ չեն, որովհետեւ «ավանդաբար կապը իրականացվել է ոչ թե կուսակցական գրասենյակի, այլ՝ «Ազգ» օրաթերթի միջոցով»։

Ո՞րն է լինելու հետագա քայլը հարցին ե՛ւ պարոն Կարապետյանը, ե՛ւ պարոն Ավետիքյանը պատասխանեցին, թե իրենք գնում են դեպի համագումար։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ավանդական կուսակցությունը հերթական անգամ պառակտվում։ Հարություն Կարապետյանի պատասխանը. «Դա արդեն ավանդույթ է դարձել, ցավոք սրտի, Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում պառակտումը դարձել է ավանդույթ, եւ կարծես թե մի դիրիժորի մատի շարժումով է ամեն ինչ կատարվում»։ Ավետիքյանի կարծիքով պառակտում չկա:

Փախատենապետ (նախկին) Համլետ Դալլաքյանի կարծիքով, ինքը որպես փոխատենապետ է իր մոտ պահել կնիքը եւ չհրկիզվող պահարանի բանալին։ Նրա կարծիքով փետրվարի 8-ի վարչության նիստը օրինական չէ։ Հիշեցնենք, որ վարչության 15 անդամից 12-ը մասնակցել են նիստին։ Նրա կարծիքով կուսակցության բոլոր պառակտումների մեղավորները միշտ ուրիշներն են եղել։ Ընդհանրապես պարոն Դալլաքյանը հատուկ կողմնակալ վերաբերմունք արտահայտեց պարոն Ավետիքյանի մասին։

Չի բացառվում, որ շատ շուտով, նախքան խորհրդարանական ընտրությունները ՀՌԱԿ-ի պառակտման հիմքի վրա կստեղծվի մի նոր կուսակցություն, մի նոր, փոքրիկ ՌԱԿ, եւ կսկսի քարկոծել այն ծոցը, որից դուրս եկավ։ Կողմերից մեկը չբացառեց, որ պառակտումը հրահրել են ինչպես դրսի, այնպես էլ ներսի ուժերը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728