Համենայնդեպս, այդպես է պնդում ԱԺՄ-ն
«Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության առնչությամբ ԱԺՄ խմբակցության անունից ելույթ ունենալով, Շավարշ Քոչարյանն անդրադարձավ խորհրդարանի լուծարման խնդիրներին եւ հետեւյալ զուգահեռը կատարեց. «Սա նման է նրան, որ մի պոռնոֆիլմ ցույց տան եւ, երբ որ արդեն ֆիլմն ավարտվում է՝ վերջին րոպեին անջատեն, ասեն. «Վա՜յ, ամոթ է»։ Միգուցե չե՞ն ցանկանում, որ տիտրերում երեւա՝ ովքեր են դերակատարները։ Բայց դերակատարներին մեր ժողովուրդը շատ լավ գիտի։ Եվ այսօր մեր թիվ 1 խնդիրն այն է, որ այս ֆիլմը չվերածվի մի սերիալի, որը քայքայելու է մեր պետությունը եւ կեղեքելու է մեր ժողովրդին»։
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց այս ելույթին. «Ամեն մեկն իր գործունեությունը խորհրդարանում կարող է որակել այնպես, ինչպես ցանկանում է։ Ես չգիտեմ, Ձեր գործունեությունն ԱԺ-ում Դուք պոռնոֆիլմում դերակատարմա՞ն եք վերագրում, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, այս խորհրդարանի ճնշող մեծամասնությունն այդպիսի դերակատարում չունի»։
Շավարշ Քոչարյանը դարձյալ խոսափողի առջեւ հայտնվեց. «Պրն Հարությունյան, ես Ձեր անունը չտվեցի։ Չհասկացա, թե ինչու վրդովվեցիք»։ «Դուք խորհրդարանի անունը տվեցիք։ Իմ անունը չէիք էլ կարող տալ, պրն Քոչարյան»,- գոռաց ԱԺ նախագահը։
Կարդացեք նաև
Օրվա ավարտին Խոսրով Հարությունյանին կրկին հունից հանեց դարձյալ ԱԺՄ-ական մի պատգամավոր, եւ թեման դարձյալ սեռաքաղաքական էր։ Այս անգամ Արշակ Սադոյանն էր, որ վերոհիշյալ օրենքի քվեարկությունից հետո ինչ-որ բան էր գոռում։ Լրագրողներին հասնում էին միայն «պոռնիկ պատգամավորներ» բառերը։ Եվ էլի ԱԺ նախագահն արձագանքեց՝ էլ ավելի խիստ վրդովված. «Դուք շատ լկտի՛ վարքագիծ ունեք»։ Եվ այս անգամ էլ Արշակ Սադոյանն արդարացավ, որ ինքը Խոսրով Հարությունյանին նկատի չուներ։
Կարելի էր, իհարկե, այս շարադրանքից հետո լալահառաչ դատողություններ անել ժամանակների եւ բարքերի մասին։ Գուցե կարելի էր եւ ենթադրություններ անել ԱԺ պատգամավորների մտահոգվածության աստիճանի մասին։ Բայց նման պատկերների տակ առավել սազական էր «Առանց մեկնաբանության» մակագրությունը։
Ա. Ի.