Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ ինչե՜ր են լինելու»

Փետրվար 10,1999 00:00
qaxaqakan

Այսպես են գուշակում մեր քաղաքական գործիչները

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը երեկ հավաքվել էին հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ։ Այնտեղ էր նաեւ Կարեն Դեմիրճյանը։ Եկել էին շնորհավորելու Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 20-րդ տարելիցը։

Բարձրաշխարհիկ, անկաշկանդ ու ֆուրշեթային տրամադրություն էր։ Նախագահը շրջապատված էր հյուրերով, մեր պատգամավորները սնվում էին։ Միայն լրագրողներս էինք մեր հարցերով հիշեցնում, որ տեղի է ունեցել հերթական սպանությունը։ Սակայն Արծրուն Մարգարյանի անունը լսելուն պես պատգամավորների զրուցելու ցանկությունը չքանում էր։ Կարեն Դեմիրճյանն ինձանից էր լսում այդ լուրը (իսկ ժամն արդեն մոտ 19-ն էր), հետեւաբար այս թեմայով ձայնագրվել չցանկացավ։

Ռոբերտ Քոչարյանն էլ առանձնապես զրուցասեր չէր երեկ։ Ի պատասխան իմ հարցին, թե սա նախորդ քաղաքական սպանությունների շարքից է, միայն ասաց.

– Կարծում եք, որ նախագա՞հը պետք է դրա մասին ասի։ Դատախազին հարցրեք։ Բավական պարզ է ամեն ինչ։

Իմ խնդրանքին՝ ասել, թե ինչն է պարզ, նախագահն այլեւս չարձագանքեց։

Դավիթ Շահնազարյանն էլ՝ հարցս լսելուն պես, դեմքին ձանձրացած արտահայտություն տվեց.

– Առայժմ որեւէ մեկնաբանություն չեմ տա։

Ֆուրշեթն արդեն ավարտվում էր, երբ իրանցի բարեկամներին իր շնորհավորանքները եկավ հայտնելու հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Բնականաբար, նա էլ որեւէ բան ասելուց կտրուկ հրաժարվեց։ Միայն իմ համառության շնորհիվ կարողացա մի երկու բառ կորզել։

– Որքանո՞վ էր Ձեզ համար անսպասելի այս սպանությունը։

– Ես չգիտեմ՝ դա սպանություն է, թե ոչ։ Առայժմ ոչինչ պարզ չէ։ Մեր հաղորդագրության մեջ ամեն ինչ ասված է։

– Ձեր թիկնապահների թիվն ավելացրե՞լ եք,- շեղվեցի թեմայից՝ մեղմացնելու պարոն Հովսեփյանի զայրույթը։

– Ոչ։ Նույն թիկնապահներն են (ինչ Հենրիկ Խաչատրյանինը- Լ. Ա.)։

– Իսկ չե՞ք պատրաստվում մեմուարներ գրել։ Գոնե այնտեղից կիմանանք՝ իրականում ինչ է կատարվել։

– Չեմ հասցնի,- չգիտես ինչու այսպես որոշեց կատակել կամ լիցքաթափվել գլխավոր դատախազը։ Այլ հարցեր այլեւս չհանդուրժելով՝ պարոն Հովսեփյանը զրույցի բռնվեց դեսպանատան աշխատակիցների հետ։

Մեկնաբանություններ անելու համար դեռեւս վաղ է։ Պարզապես հետաքրքիր է, որ այն, ինչը պարզ է նախագահի համար, գլխավոր դատախազի համար դեռեւս պարզ չէ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728