Երբ երկու անգամ կասկած հայտնվեց քվեարկության արդյունքների վերաբերյալ, Չարենցավանի համայնքապետ Վարդան Այվազյանն առաջարկեց, թե թող այս անգամ հայտարարեն, «որ հավատում են տաբլոյին, հավատում են քվեարկության կոճակներին»։
Քվեարկվում էր «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացումը, ըստ որի հեռահաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագները պիտի օրենքով սահմանվեն։ Հետեւում էին բազմաթիվ ելույթներն «ԱրմենՏելի» առնչությամբ։ Հետեւում էր «Երկրապահի» դեղին քարտը կառավարությանը։ «Գործադիր իշխանությանը սատարելու մեր լիմիտը սպառվում է»,- հայտարարեց Ալբերտ Բազեյանը։- Կառավարությունը պետք է ձեւեր եւ միջոցներ գտնի՝ հաշվի առնելով ազգաբնակչության վճարունակությունը, չգիտեմ ինչ կերպ բանակցելով OTE-ի հետ. որոշակիորեն գուցե ներդրումներն իջեցնելով՝ դրա հաշվին չբարձրացնել սակագները»։ Հետեւում էր ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի գնահատականը ՍԴ որոշմանը, որ Սահմանադրական դատարանը չկարողացավ վեր կանգնել քաղաքական այս մթնոլորտից եւ ճնշումներից. «Ես խորապես համոզված եմ, որ ՍԴ-ն չպիտի այդ ճանապարհով գնար»։
Հետեւում էին նույն օրինագծի գերլարված ու նյարդային քվեարկությունները, երբ առաջին փորձից հետո Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, որ իր «կողմ» քվեարկությունը չի գրանցվել, իսկ երկրորդ փորձից հետո՝ Վարդան Խաչատրյանը, որ ինքը քվեարկության կոճակներին չի էլ կպել, բայց «դեմ» է գրանցվել։ Առաջին եւ երկրորդ քվեարկությունների ժամանակ ընդամենը մեկ ձայն պակասեց, որ օրինագիծն ընդունվի։ Վերջին քվեարկության ժամանակ արդեն 5 ձայն էր պակասում։
Ովքե՞ր էին, որ այս երեք քվեարկությունների ընթացքում փոխեցին իրենց դիրքորոշումները։
Կարդացեք նաև
1. Հարություն Խաչատրյանն առաջին անգամ «կողմ» էր քվեարկել, իսկ 3 րոպե անց՝ «ձեռնպահ»։ Վերջին քվեարկության ժամանակ դիրքորոշումը զարմանալիորեն չէր փոխել՝ էլի «ձեռնպահ» էր քվեարկել։
2. Գալուստ Սահակյանն առաջին քվեարկության ժամանակ «ձեռնպահ» էր քվեարկել, երկրորդի ժամանակ՝ «դեմ», իսկ երրորդ քվեարկությանը չէր մասնակցել։ Ի դեպ, այս պատգամավորը վերջին քվեարկությունից առաջ հայտարարեց, թե Խոսրով Հարությունյանը ճնշման ներքո հարցը դարձյալ քվեարկության է դնում եւ ոտնահարում կանոնակարգն ու բարեկրթությունը։ Հետեւեց ԱԺ նախագահի հերքումը, եւ Արշակ Սադոյանի գոռոցը՝ «Բարեկիրթ ձեւով փողեր եք գռփում»։
3. Յուրի Բախշյանը, որ առաջին երկու քվեարկությունների ժամանակ «դեմ» էր քվեարկել՝ երրորդին ցուցադրաբար չմասնակցեց։ Նախապես հայտարարել էր, որ կանոնակարգին հակառակ՝ փորձ է արվում քվեարկության արդյունքները կասկածի ենթարկել։
4. Զավեն Հարությունյանն առաջին երկու քվեարկությունների ժամանակ «ձեռնպահ» էր քվեարկել, իսկ երրորդին ավելի սկզբունքային էր գտնվել եւ սեղմել «դեմ» կոճակը։
5. Մարտին Զիլֆիմյանը առաջին երկու քվեարկություններին չէր մասնակցել, իսկ երրորդին՝ «դեմ» էր քվեարկել։
6. Գագիկ Վարդանյանը առաջին անգամ «կողմ» էր քվեարկել, իսկ հետագայում՝ տրամագծորեն հակառակը։
7. Ռուբեն Խաչատրյանը սկզբում «դեմ» էր եղել, հետո՝ միայն «ձեռնպահ»։
8. Հակոբ Հակոբյանը սկզբում եւ վերջում ձեռնպահ էր մնացել՝ մեջտեղում «դեմ» էր եղել։
9. Անդրանիկ Մանուկյանն առաջին երկու անգամ «կողմ» էր քվեարկել, իսկ վերջին քվեարկությանը չէր մասնակցել։ Մեջբերենք մի հատված նրա ելույթից. «Ինչո՞ւ ենք սակագները թանկացնում եւ այս աղքատ բնակչությանը զրկում կապի վերջին հնարավորությունից»։
10. Սասուն Միքայելյանը նույն կերպ քվեարկեց («փոշմանած» «կողմ» քվեարկածներից երրորդն է)։
11. Կարլեն Միքայելյանը սկզբում «դեմ» էր եղել, իսկ հետո՝ խերից-շառից հեռու՝ չէր քվեարկել։
12. Հովիկ Աբրահամյանը՝ նույն կերպ։
13. Գեւորգ Բադալյանն առաջին երկու անգամ «դեմ» կոճակն էր սեղմել, հետո չէր քվեարկել։
14. Ժիրայր Գեւորգյանն առաջին երկու քվեարկություններին չէր մասնակցել, հետո՝ «դեմ» եղել։
15. Մյասնիկ Մալխասյանն էլ սկզբում էր «դեմ» եղել, հետո չէր քվեարկել։
16. Լեռնիկ Ալեքսանյանը՝ սկզբում «դեմ», հետո «ձեռնպահ», որ ըստ էության՝ նույնն է։
17. Ալեքսան Ավետիսյանը երկու անգամ «կողմ» քվեարկելուց հետո քվեարկությանը չէր մասնակցել։ Չորրորդ «փոշմանածը» «Հայրենիք» խմբի անդամ է։
18. Ռազմիկ Մաթեւոսյանը սկզբում «ձեռնպահ» է մնացել, հետո՝ «դեմ»։
19. Ռուդիկ Ղուկասյանը՝ երկու անգամ «դեմ», հետո՝ չի քվեարկել։
20. Լեւոն Թովմասյանը երկու անգամ «ձեռնպահ», հետո՝ «դեմ»։
21. Գրիշա Հովեյանը՝ երկու անգամ «դեմ», հետո չի քվեարկել։
22. Ջեմմա Անանյանի քվեարկությունը բացառիկ է. նախ «ձեռնպահ» է մնացել, հետո 2 անգամ «կողմ» քվեարկել։
23. Գագիկ Մինասյանը երկու անգամ «դեմ» է եղել, հետո չի քվեարկել։ Ի դեպ, վարչապետի այս խորհրդականը նույնչափ հետաքրքրված էր քվեարկության այս ցուցակներով, որքան լրագրողները եւ Սադոյանը։
24. Անդրանիկ Մարգարյանն էլ էր նույն կերպ քվեարկել։
25. Արմեն Եղիազարյանը ընդհանրապես «դեմ» էր եղել, մի պահ՝ «ձեռպահ»։
26. Էռնեստ Սողոմոնյանն էլ սկզբում եւ վերջում չի քվեարկել, երկրորդ քվեարկության ժամանակ մի պահ՝ «կողմ»։
27. Զաքարյան Արամազդն էլ փոշմանած «կողմ» քվեարկողներից վերջինն է։
Մեր փոփոխամիտ պատգամավորների «հաթաթաները» կառավարությանը նաեւ այս դեպքում զուտ բարոյական նշանակություն ունեն։ Իսկ վերոհիշյալ անձինք, կարծում ենք, այսուհետ գոնե պիտի լռեն «բարձր սակագների» եւ «խեղճ ժողովրդի» մասին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ