Լրահոս
Օրվա լրահոսը

Քսաներո՞րդ, թե՞ քսանմեկերորդ դար

Փետրվար 09,1999 00:00
dar

Որքան մոտենում է 2000 թիվը, այնքան շատանում են վեճերն ու վիճաբանություններն այն մասին, թե ե՞րբ է ավարտվում երկրորդ հազարամյակը եւ սկսվում երրորդը։

Շատերն արդեն անհամբեր սպասում են հաջորդ 11 ամիսների ավարտին, որպեսզի երջանիկ գոչեն. «Ուռա՜, մենք արդեն ապրում ենք երրորդ հազարամյակում»։ Ախորժակներիդ՝ քացախ։ Երրորդ հազարամյակը կսկսվի միայն 2001 թ. հունվարի մեկին։ Ինչո՞ւ։ Բացում ենք Հայկական սովետական հանրագիտարանի չորրորդ հատորը, գտնում ենք 220 էջը եւ «թվականություն» հոդվածի տակ կարդում ենք (ի թիվս այլ տեղեկությունների).

«Քրիստոնեական թվականությունն առաջին անգամ գործածվել է մ.թ. 532 թվականին, Հռոմում եւ աստիճանաբար տարածվել ուրիշ երկրներում։ Իր հիմնադրի՝ Դիոնիսիոս Կրտսերի անունով կոչվել է նաեւ Դիոնիսյան թվականություն, որի սկիզբն է Հռոմի հիմնադրման (25.12.753 մ.թ.ա.) 754-րդ տարին՝ իբրեւ Քրիստոսի ծննդյան տարեթիվ, որն ընդունվել է որպես մեր թվականության մեկ թվական։ Ժամանակագրական հաշվումներ կատարելիս դրան նախորդած կամ հաջորդած դեպքերը թվագրվում են «Քրիստոսի ծննդից առաջ» եւ «Քրիստոսի ծննդից հետո»։

Եվ այսպես, որպես մեր թվականության հիմք, ընդունվում է մեր թվականության մեկ թիվը՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ենթադրյալ տարեթիվը։ Բնականաբար, առաջին հազարամյակը լրացել է 1000 թվին, եւ 1001 թ. սկսվել է երկրորդ հազարամյակը, որը կավարտվի 2000 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2001 թվականին կմտնենք երրորդ հազարամյակ (XXI դար)։

Քրիստոսի ծննդից առաջ եղել է մեր թվականությունից առաջ մեկ թիվը։ Ի տարբերություն ճշգրիտ մաթեմատիկայի, որտեղ կոորդինատային առանցքի վրա մեկ եւ մինուս մեկ թվերի միջեւ անպայման 0-ն կա, ժամանակագրության մեջ մ.թ. 1 եւ մ.թ.ա. 1 տարեթվերի միջեւ 0 տարեթիվը չի եղել, իսկ բոլոր վեճերի սկիզբը, փաստորեն, հենց այդ 0-ի բացակայությունն է։ Մի խոսքով, այսքան համբերել եք, եւս մեկ տարի եւ տասնմեկ ամիս էլ համբերեք, եւ ապա նոր գոչեք. «Ուռա՜, մենք ապրում ենք երրորդ հազարամյակում, քսանմեկերորդ դարում»…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728