Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԵՍ՝ ԿՐԿԵՍԻ ՄԵՋ

Փետրվար 09,1999 00:00
cirk

Ռուսական կրկեսային մի խումբ հյուրախաղերով գտնվում է Երեւանի կրկեսում։ Մարդիկ ճամփա են կտրել, ուղտով ու արջով, շներով եւ ավանակներով եկել են հայերին ուրախացնելու։ Հայերն էլ հայավարի ուրախ էին։ Երբ Ստանիսլավսկին ասում էր, թե թատրոնը սկսվում է հանդերձարանից, մարդը գիտեր, թե ինչ էր ասում։

Մեզանում նույնիսկ թատրոնը հանդերձարանից չի սկսվում, որովհետեւ կամ չունի, կամ՝ չի գործում, ուր մնաց՝ կրկեսը։ Հայկական կրկեսի դառն ու չարքաշ բախտի մասին շատ է գրվել։ Շենքի անմխիթար վիճակը, արտիստների մոռացված վիճակը, հազար ու մի այլ վիճակներ ավելի են մթագնում կրկեսային ենթադրվող ուրախ գույները։ Սակայն այսօր թեման ոչ թե բուն կրկեսային է, այլ՝ նրա շուրջ։ Եվ այսպես, ռուսական կրկեսն է եկել։ Հայկական տրամադրությունները այն աստիճան անկառավարելի էին դարձել, որ դահլիճի տեղերի համեմատ կրկնակի տոմսեր էին վաճառվել։

Ասվածի ապացույցը դահլիճի լեփ-լեցուն աստիճաններն էին։ Բոլոր անցումները փակ էին, եթե մեկնումեկն ուզեր փոքրիկ կամ մեծ պետքի համար դուրս գալ, հնարավոր չէր լինի, ճամփաները հանդիսատեսապատված էին։ Սա դեռ ոչինչ, երեւի այսքանից հետո էլ դեռ «ցիրկի» կարոտ ժողովուրդ ենք։ Կրկեսի բուֆետում 100 դրամանոց բուլկիների, ձողիկների, ադի-բուդիների եւ այլնի համար այնպիսի բազմություն էր իրար շալակ թռել, որ մի պահ վարանում էիր՝ որտե՞ղ է կրկեսի արենան. բուֆետո՞ւմ, թե՞ ներսում։ Ուտելու անզուսպ պահանջը չբավարարվեց մինչեւ ներկայացման վերջին պահը։ Արտիստների ելույթները թեթեւ ծափերով էին ուղեկցվում։ Ինչպե՞ս ծափահարեին, երբ մարդկանց ձեռքերը զբաղված էին ուտել-խմելով։ Սա էլ ոչինչ, դե ցուրտ էր, մի բուռ հայեր՝ երեխեքով, տատիկներով ու պապիկներով, չսափրված հայրիկներով եւ շատ ներկված մայրիկներով, վերջապես իրար գլխի էին հավաքվել։ Թող ուտեն-խմեն, աչքի պոչով էլ կհետեւեն կրկեսային լարախաղացին։

Ներկայացումն ընթանում էր տեղ-տեղ ընդմիջումներով, քանի որ այն վարող հայուհին մեկ էլ տեսար ամենաթունդ պահին մոռանում էր արտիստի անունը։ Պատկերացրեք, լարախաղացն օդում է, սպասում է իր ելույթի հայտարարմանը, ոտքը մեկնել է, որ սկսի, մեկ էլ՝ «ստոպ», հայուհին մոռացել է, թե ով է ելույթ ունեցողը, նվագախմբի ղեկավարի ձեռքերն էլ օդում են մնացել։ Մի կերպ այս փորձությանն էլ դիմացանք, բայց, երբ «Ներշնչանք» դուետի ելույթի պահին հայերը սուսուփուս «ցրեցին» արտիստուհու կոշիկներն ու կարապի փետուրները, դրությունը դարձավ անկանխատեսելի։ Զույգը մի քանի րոպե հնարավորություն չուներ ելույթը շարունակելու։ Անհարմար լռություն տիրեց։ Թե ի՞նչ կատարվեց արենայից դուրս, դժվար է ասել, բայց մի քանի րոպեից կորած մաշիկներն ու վարդագույն մորթին հետ վերադարձրին։

Այսպես, մի բուռ հայեր կրկես գնացին եւ իրենք հայտնվեցին կրկեսային իրավիճակում։

ՎԱՐԴՈՒՀԻ ԼԵՎՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728