Լրահոս
Օրվա լրահոսը

Չեկան, չտեսան, բայց հաղթեցին

Փետրվար 09,1999 00:00
haxtanak

Արեւելքում վստահ եմ, որ որքան էլ «հալվա, հալվա ասես՝ բերանդ չի քաղցրանա»։ Արեւմուտքում, կարծում եմ, որ որքան էլ «Շուկա, շուկա ասես՝ տնտեսությունդ դրանով չի զարգանա»։

Հետեւաբար, շուկայական տնտեսության (կամ բարեկեցության) հասնելու համար ստիպված ենք ինչ-որ բան անել։ Արածներիս բանի անունը լայն իմաստով անցումային շրջան ենք դրել։ Էդ անցումային շրջանում ով չի ալարում իր խորհուրդներով վրաներիցս անցնում է։ Ժամանակին մի քանի արժեքավոր նման խորհուրդներ ենք ստացել։ Դրանցից մեկը հուշում էր մրցույթներ անցկացնել։ Շուկայական տնտեսության նորօրյա ժարգոնով մրցույթը տենդերն է։ Բոլոր ոլորտներում տենդեր ենք անցկացնում։ Ասենք, սոցիալական ապահովության նախարարությանը ընտանեկան նպաստների համակարգի ներդրման համակարգ է պետք ներդնել։ Նոր համակարգին, բնականաբար, նոր տեղեկատվական բազա է պետք։ Դրա համար նոր համակարգիչներ են անհրաժեշտ։ Նախարարությունը հո չի՞ կարող վերցնել ու 1000 դոլարանոց համակարգիչ գնել առաջին իսկ խանութից։

Նախարարությունը պարտավոր է տենդեր-մրցույթ հայտարարել՝ «Ով իմ համար (կամ իմ փոխարեն) կարող է համակարգիչներ գնել» թեմայով։ Արդյունքում մրցույթում հաղթում է մի որեւէ կազմակերպություն, որը համաձայն է համակարգիչները գնել ու նախարարությանը հանձնել խանութի (իմա՝ շուկայի) գներից 2 անգամ ավելի գնով։ Հաղթում է 2 անգամ ավել գին առաջարկողը, որովհետեւ մյուսները 3-4 անգամ ավելի գին են պահանջել։ Ոչ ոքի փույթը չէ, որ դրանից պակասում են բնակչությանը տրվող նպաստների գումարները։ Կարեւորը դա չէ։ Կարեւորը մրցույթ-տենդեր անցկացնելու գաղափարն է, անկախ այն բանից, թե ո՞ր ոլորտում, ի՞նչ տեսանկյունից (կամ շահից) է շահարկվում մրցույթի գաղափարը։ Քաղաքակիրթ աշխարհում որեւէ գործ որեւէ մեկին վստահելու համար մրցույթ են հայտարարում։ Հետեւաբար, մենք էլ պետք է կրկնօրինակենք (կամ կապկենք) նրանց։

1998 թ. բյուջեն օրիգինալ էր։ Համենայնդեպս, այդպես էին կարծում բյուջեի հեղինակ-կատարողները։ Նրանք պնդում էին, որ բյուջեում 90-ականների համար աննախադեպ ծավալի ֆինանսավորում էր նախատեսված կապիտալ շինարարության գծով։ Կապիտալ շինարարության մի մասը, բնականաբար, իրականացվում էր աղետի գոտում։ Քանակով 18 տենդեր-մրցույթներ անցկացվեցին «1998 թ. ՀՀ պետական բյուջեի հաշվին կառուցվող օբյեկտների համար» Շիրակի մարզում։ Մրցույթների արդյունքների ամփոփումից հետո պաշտոնական փաստաթղթերում մի շարք հետաքրքիր հաշվետվություններ հայտնվեցին։ Օրինակ՝ «Շինարարական կազմակերպությունների կողմից մեկնարկային գնի նկատմամբ ցածր մրցութային գին առաջարկելու պատճառով պետական պատվերի օբյեկտների մրցույթների արդյունքում տնտեսվեց մոտ 300 մլն դրամ»։

Հավանաբար, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը չեղած բանից ինչ-որ բան հորինելու գործում ավելի հմուտ է։ Նրանք նախ նստում եւ հաշվարկում են, որքան արժե օբյեկտի շինարարությունը։ Հետո մրցույթ են հայտարարում։ Մրցույթին մասնակցում են մի քանի կազմակերպություն։ Վերջում հաղթում է մի կազմակերպություն, որը խոստանում է այդ շենքը կառուցել հաշվարկային արժեքի 51 տոկոս կազմող գումարով։ Ոչ ոքի մտքով չի անցնում, որ դա իրական չէ։ Պարզ՝ ձեւական տրամաբանության տեսանկյունից հնարավոր է երկու տարբերակ։ Կամ նախագիծ կազմողներն են սխալ (կամ անգրագետ), կամ մրցութային փաստաթղթերը լրացնող հավակնորդ կազմակերպությունն է անտրամաբանական թվեր ներկայացնում։ Այսպես կարող է մտածել մի մարդ, որը ծանոթ չէ հայկական տենդերների մեխանիկային։ Այս ոլորտում տրամաբանությունը չի աշխատում։

Շիրակի մարզպետարանի կողմից անցկացված 18 տենդերների պատկերը հետեւյալն է։ 18 օբյեկտի շինարարության պատվեր ստանալու ակնկալիքով շինարարական կազմակերպությունների 109 հայտ է ներկայացվել։ Միայն մեկ մրցույթում է հաղթել նախագծային (մեկնարկային արժեքից) 5 տոկոս ավել գումար ակնկալող կազմակերպություն։ Մնացած 17 հաղթողներից 3-ը հաղթել են՝ խոստանալով շենքը կառուցել մրցութային արժեքի մոտ 50 տոկոսով, 3-ը խոստացել են նույնն անել մոտ 60 տոկոսի չափով գումար ստանալու պարագայում, 6-ը՝ 70 տոկոսի, 3-ը՝ 80 տոկոսի, 2-ը՝ 90 տոկոսի չափով գումար ստանալու դեպքում։ Տենդեր-մրցույթներով շինարարություն անելը սովորել ենք Արեւմուտքից։ Սակայն կիրառման ընթացքում այլանդակել ենք մրցույթի հիմքում դրված սկզբունքները։ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը եւս Հայաստանում շինարարական տենդերներ է անցկացնում։ Սակայն այս մրցույթում պարզապես չեն ընդունվում մեկնարկային (նախագծային) արժեքից ցածր գնանշված հայտերը։ Փոքր (կամ՝ քիչ) փողով մեծ գործ անելու խոստումը, բնականաբար, լուրջ չի ընկալվում լուրջ կազմակերպությունների կողմից։

Ախուրյանի թիվ 1 դպրոցի շինարարությունը ավարտին հասցնելու նախագծային արժեքը հաշվարկված էր 185 մլն դրամ։ Մրցույթին մասնակցել է 8 կազմակերպություն։ Հաղթել է Անիի (Մարալիկ) «Շինարար» ՍՊԸ-ն, որը «խոստացել» էր շինարարությունն ավարտել նախագծային արժեքի 59 տոկոս գումարով։ Շինարարությունը, բնականաբար, դեռեւս չի ավարտվել։ Շիրակի մարզպետարանից ստացած պաշտոնական տվյալներով այս կազմակերպությունն արդեն զեկուցագիր է ներկայացրել։ Զեկուցագրով «Շինարար» ՍՊԸ-ն խնդրում է լրացուցիչ 20 մլն դրամով ավելացնել ֆինանսավորումը։ Ա՛յ, սա է հայկական մրցույթ-տենդերների տիպական բնութագիրը։ Եթե ուզում եք շահել որեւէ մրցույթում, նախ պետք է մեկնարկային արժեքից բավական ցածր հայտ ներկայացնել։ Հետո զեկուցագրերով լրացուցիչ հայտեր ներկայացնել լրացուցիչ ֆինանսավորման համար։

Ընդ որում, եթե այդ շինարարական կազմակերպությունն արդեն հաղթել է նախօրոք կայացած որեւէ մրցույթում, ապա կասկած չկա, որ նոր օբյեկտի համար ստացած փողերն ուղղվելու են հին օբյեկտի շինարարությունն ավարտելու համար։ Արդյունքում նոր օբյեկտը չի կառուցվելու, պետպատվերի անունից հանդես եկող կազմակերպությունը դատարանով որոշելու է այն, ինչ ի սկզբանե պարզ էր՝ մրցույթում հաղթած կազմակերպությունն արկածախնդիր է։ Դատական ձեւակերպման մեջ այլ տերմիններ են օգտագործվում։ Դրանք պարզապես արձանագրում են, որ շինարարական կազմակերպությունը սնանկ է։ Հետո սկսվում է օրենքով նախատեսված գործընթացը սնանկ ճանաչված ձեռնարկության նկատմամբ։ Իսկ աղետի գոտին մնում է չվերականգնված։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728