Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՈՒՅՑ ԵԶԱԿԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ

Փետրվար 09,1999 00:00
gumar

-Ուղիղ մի տարի առաջ էր,- պատմեց խմբագրություն այցելած տավուշցի Գեւորգ քեռին։- Տեսնելով, որ էս պետության վրա հույս դնել չի լինի, Ռուսաստանից մի քանի օրով գյուղ եկած իմ բարեկամից պարտքով փող վերցրի, երկու մայրացու խոզ գնեցի։ Ասի՝ կնիկ, էս պետությունը վարկով ա իրա գլուխը պահում, էս պարտքն էլ թող մեր վարկը լինի։ Ես ինձ տան պրեզիդենտ կարգեցի, կնկաս՝ Ազգային ժողով, էդ առած խոզերն էլ համարեցինք մեր կառավարությունը։ Խոզերիս (իմա՝ կառավարության) նախկին տերն ասաց՝ «ծանդրած են» (հղի), մի 100 օրից կծնեն։ Նորաստեղծ կառավարությանս առաջին հաշվետվությունը, սակայն, 15 օրով առաջ ընկավ։ 85-րդ եւ 87-րդ օրը երկուսն էլ ծնեցին, մեր ընտանիքին (պետությանը) պարգեւելով 11 եւ 12-ական խոճկորներ։

Ազգային ժողովիս (կնկաս) եւ ժողովրդիս՝ երկու ուսանող տղաներիս, տանը մնացած մյուս տղայիս ու ծնողներիս առաջ պարզերես եղա։ Ոչ ժողովուրդն էր իմ դեմ բողոքում, ոչ էլ Ազգային ժողովս էր անվստահության հարց դնում։

Անցյալ տարեվերջին, նոր տարուց առաջ, այդ 23-ից 18-ը վաճառեցի, փակեցի բոլոր պարտքերս (իմ պետության՝ ընտանիքիս բյուջեն ճեղքվածքից պրծավ), դեռ մի ահագին փող էլ հետ ընկավ։ Դրանով թե՛ 2 ուսանողներիս եմ պահում, թե՛ սոցիալական ներդրումներ կատարում։ Թոշակառու ծնողներիս, Ազգային ժողովի ֆոնդին որոշակի գումար տվեցի, դե, իմ պրեզիդենտական ֆոնդս էլ ոչինչ («Պրիմայից» անցել եմ ֆիլտրով RRR-ի՝ մերն ուրիշ ա)։ Առաջին ծնի 5 մնացած խոզերով էլ կառավարությանս կազմը համալրեցի։ Հիմա ունեմ 7 մայրացուներ։ Մի քանի օր առաջ, որպես նախագահ հանդես եկա նաեւ տարեկան հաշվետվությամբ։ Ժողովրդիս (ընտանիք) եւ Ազգային ժողովիս (կին) առաջ ներկայացրի իմ կողմից նշանակված կառավարության մեկ տարվա գործունեությունը, որն ընդունվեց ծափերով թե՛ ժողովրդիս, թե՛ Ազգային ժողովիս կողմից։

Խոստացա այս տարի ոչ միայն մեծ ուշադրություն դարձնել սոցիալական ներդրումներիս՝ մի քանի անգամ մեծացնելով նպաստների չափը թոշակառու ծնողներիս եւ երկու ուսանողներիս գծով, մի քանի անգամ մեծացնել Ազգային ժողովիս (կին) եւ նախագահական ֆոնդը։ Խոստացա հումանիտար օգնություն ցույց տալ քաղաքում բնակվող ազգականներիս։ Ազգային ժողովը նշեց, թե ճիշտ է ասված, որ ոչ մի պետություն նոր պայմաններում առանց վարկերի չի կարող կարգավորել իր տնտեսությունը, ինձ որպես նախագահի, իմ կառավարությունով կարելի է որպես եզակի նմուշ ի ցույց դնել։ Ուստի նա առաջարկեց, որ նախագահը (ես) գնա Երեւան եւ ձեռք բերի նոր վարկեր, կառավարությանս մեջ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նպատակով (այն է՝ նոր մեծ գոմ կառուցելու։ Նաեւ՝ կառավարության գործունեության մեջ ավելացնել 2 նոր ճյուղեր՝ հավաբուծություն եւ մեղվաբուծություն)։

Ազգային ժողովիս որոշումով մի շաբաթ է Երեւանում եմ՝ եղա գյուղնախարարությունում եւ համապատասխան բանկում, ներկայացրի գալուս նպատակը։ Երկու տեղում էլ չժխտեցին, թե կա այդ վարկը (երկարաժամկետ, 5 տարով, արտոնյալ 15% տարեկան տոկոսադրույքով), սակայն երկու տեղում էլ իմ հաշվետվությունը հիմք չեն ընդունում։ Ասում են՝ գնա, միջազգային չափանիշներով մի ծրագիր գրի, բեր։ Գեղի տունն ու գոմը գրավ չեն ընդունում։ «Երեւանի գրավ ունե՞ս, դրա 1/3-ի չափով կտանք, չունես՝ հաջող, ախպեր»,- ասացին։ Ասում եմ, մեր պետությունը Ամերիկայում գրավ ունի՞, որ մեզ վարկ են տալիս, քո բանը չի, ասում է մեկը, մյուսն էլ թե՝ մեր պետության գրավը դու ես։

Հիմա ես քոռ ու փոշման Ձեզ եմ հարցնում, էդ գյուղվարկը իմ գյուղացուս համա՞ր է, թե՞ ուրիշի։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728