Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԿԱՄ՝ ՄԵՆՔ ԼԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Փետրվար 09,1999 00:00
lurer

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, անկախությունից ի վեր մենք երկու իշխանություն ենք ունեցել, որովհետեւ ուղիղ մեկ տարի առաջ իշխանությունը փոխվեց: Փոխվեցին մարդիկ, փոխվեցին որոշ մոտեցումներ, սակայն մի բան մնաց նույնը՝ գրեթե ոչինչ տեղից չի շարժվում, եւ իշխանավորները հասարակությանն են մատուցում ոչ թե առաջխաղացում մատնանշող գործեր, այլ՝ որոշակի կատեգորիաներ, որոնցով էլ ուզում են նշել իրենց առավելությունները: Նախկին իշխանության օրոք այդ կատեգորիաները հետեւյալն էին՝ պետականության կայացում, ժողովրդավարության հաստատում, շրջափակում, պատերազմ, հաղթանակ, կայունություն, առաջընթաց, անցման փուլի դժվարություններ եւ այլն: Այն ժամանակ ազգային ամենայն ինչ հռչակվեց կեղծ ու վնասակար, դրանց կրողները՝ պետականության կայացումը խոչընդոտող ուժեր եւ այլն: Նոր իշխանությունը, մեկ տարվա մեջ չկատարելով եւ ոչ մի արժանահիշատակ խոստում եւ չկարողանալով ապահովել զարգացում եւ սոցիալական երաշխիքներ, արագորեն ձեռնամուխ եղավ սեփական կատեգորիաների մշակմանն ու մատուցմանը:

Վերջերս հասարակությունը, նոր իշխանության մեկամյակի առիթով ամենատարբեր մասշտաբի ղեկավարներից ունկնդրեց դրանք՝ երեկ ահա այսպես էր, այսօր այսպես է: Այսօրվա կատեգորիաները հետեւյալն են՝ ազգայինը դարձավ առաջնային, Հայաստանում չկան փակված կուսակցություններ ու փակված թերթեր, ՄԱԿ-ում վերջապես հնչեց հայոց ցեղասպանության հարցը, փոխվեց Ղարաբաղի հարցի հանդեպ ՀՀ պետական մոտեցումը եւ այլն: Նրանք, ովքեր համաձայն չեն այս կատեգորիաներին, ըստ ՀՀ նախագահի՝ լաչառներ ու աղմկարարներ են: Ներկա, կամ հաջորդ՝ երրորդ իշխանությունների համար, ամենայն անկեղծությամբ, մաղթում ենք հետեւյալ կատեգորիաները՝ Հայաստանում վերջապես արդյունաբերությունը աշխատեց, կատարվում են ներդրումներ, առաջընթաց կա ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ասպարեզում, հայրենիք են վերադառնում նախորդ տարիներին արտագնա աշխատանքի մեկնած մեր եղբայրները, եւ ոչ թե միայն մեր հայտնի հայրենակիցների աճյունները:

Ա. Մ.

ԱՆԱՏՈՄԻԱ՝ ԸՍՏ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ

Ամեն անգամ, երբ ՀՀ նախագահը որոշում է իր մտքերին հասու դարձնել յուր շարքային քաղաքացիներին, նրանք հայտնվում են տանջող անորոշության ճիրաններում։

Անցած շաբաթ երեկոն էլ փորձությունների ժամ էր համայն հայ ժողովրդի համար, որը նստած հեռուստացույցի առջեւ, շունչը պահած փորձում էր բաց չթողնել նախագահի ոչ մի բառը։ Եվ չնայած յուր ջանքերին, ժողովուրդը ամեն բան չէ, որ միանգամից հասկացավ։

Դժվար էր հասկանալ նաեւ, թե ՀՀ նախագահը գոտկատեղից ներքեւ գտնվող որ մարմնամասը նկատի ուներ, որը պետք էր փրկել։ Հետույքը՞, թե՞…

Ո՞ր մարմնամասը նկատի ուներ Քոչարյանը, երկար ու տառապալից մտմտում էր ժողովուրդը։ Սակայն, ի վերջո, հիշելով 1998 թ. գարնանը լրագրողների հետ նախընտրական օրերին նման մի խոսք ու զրույցի ժամանակ պատմած առակը կլիզմայի մասին, ժողովուրդը հասկացավ, որ ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, նկատի ուներ հետույքը։

Պ. Ա.

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ

Թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի բացակայությամբ արդեն երրորդ անգամ կարեւոր օրինագծերի ժամանակ մի հոգատար ձեռք քվեարկում է։ Ահա ընտրական օրենսգրքի քվեարկության տվյալների մեջ էլ նշված է, որ նա «կողմ» է քվեարկել, չնայած լրագրողները հիշում են եւ տեսագրությամբ էլ համոզվեցինք, որ Արտավազդ Սահակյանն այդ պահին դահլիճում չէր։

ԻՆՉՊԵՍ ԵԳՈՐՅԱՆՆ Է ԱՍՈՒՄ՝ «ԴԵ ՅՈՒՐՈ»

«Քնում-զարթնում ես՝ տեխնոլոգիաները փոխվում են»,- պատգամավորներին երեկ ասում էր Էդվարդ Եգորյանը։ Եվ կանխատեսեց, որ շուտով ժամանակներ կգան, երբ կապի արդիական բոլոր միջոցներին տիրապետելու համար բավական կլինի «լուսամուտից մի հատ աման հանել»։ Կոմունիստների շարքերից մեկը բարձրաձայն ենթադրեց, որ այդ ամանը «գարշոկ» է լինելու։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728