Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՓՂԻՆ

Փետրվար 09,1999 00:00
pix

Հայ քաղաքական մտքի պատմությունը բազմաթիվ դեպքեր է արձանագրել, երբ քաղաքական գործընթացներին կամ անձանց տրվել են ոչ քաղաքական որակումներ կամ մեկնաբանություններ։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրաժարականը պահանջող ուժերի մասին ասաց, որ նրանք Վազգեն Սարգսյանի ճկույթը չարժեն։ Շաբաթօրյա իր հեռուստահարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կուսակցություններին, որոնք փորձում են ինչ-որ բան վիճարկել, անվանեց «մոսկա»։ Բնականաբար, նման բնորոշումը չէր կարող խուտուտ չտալ մեր արժանապատիվ կուսակցություններին։

ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը նախքան նախագահի ելույթին անդրադառնալը, հարկ համարեց հիշեցնել, որ դեռեւս 1989 թվականից ՀՀՇ-ի կողմից արգելակվեց ընդդիմախոս կուսակցությունների զարգացումը։ Շատ ժամանակ քաղաքական կուսակցությունների անվան տակ հանդես են գալիս քրեածին տարրեր։ «Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցների ժամանակ ես հասկացել եմ, որ նա քաղաքական դաշտը չի տարբերում ստվերային դաշտից։ Նա դեռեւս քաղաքական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ այն միտքն արտահայտեց, թե ՔԽ-ը ստեղծվում է, որպեսզի քաղաքական կուսակցությունները չխանգարեն երկրի զարգացմանը, հատկապես տնտեսական դաշտում»,- ասաց Հրանտ Խաչատրյանը։

Վերոնշյալն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով քաղաքական դաշտի մասին, տալիս է ոչ կոռեկտ բնորոշումներ, որոնք անհամապատասխան են ոչ միայն միջազգային չափանիշներին եւ ազգային արժեքներին։ Պրն Խաչատրյանը հեռուստաելույթից հասկացել է, որ նախագահը ցանկացել է վիրավորել ոչ այնքան քաղաքական կուսակցություններին՝ նրանց անվանելով «մոսկա», այլ այդ համեմատության մեջ ընդգծել է իր փիղ լինելու հանգամանքը։ «Ես չեմ կարծում, թե նախագահը «մոսկա» ասելով նկատի է ունեցել մեր կուսակցությունը։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե որ կողմ է ուղղված սլաքը։ Տեր-Պետրոսյանը շատ ավելի հստակ էր արտահայտվում, նշելով կուսակցությունների անվանումները կամ նրանց առաջնորդներին։ Անկախ նրանից, որ բազմաթիվ քաղաքական կուսակցություններ արժանի են խիստ վերաբերմունքի, նախագահի ելույթը լավ չի ընկալվել գրեթե բոլորի կողմից։ Դա ավելի շատ նեղացածի ելույթ էր»,- ավելացրեց Հրանտ Խաչատրյանը, որի կարծիքով, ՍԻՄ-ը հանրապետության առավել հեղինակավոր կուսակցություններից է։

«Նախագահն, անկախ այն բանից, թե որքան է վիրավորված կամ ինչի է դուրս եկել հունից, պետք է իրեն հավասարակշիռ ներկայացնի՝ ձգտելով խուսափել ժուռնալիստական փոխաբերական որակումներից, որոնք այսպես, թե այնպես որպես բումերանգ վերադարձվելու են իրեն։ Եթե նույնիսկ նախագահի ընդդիմախոսները Ռ. Քոչարյանին իրենց նախագահ չեն համարում կամ անվանում են ոչ լեգիտիմ, նա պարտավոր է հիշել, որ ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է։ Ենթադրենք ընդդիմությունը «մոսկա» է՝ այդ դեպքում պետք է գտնել փղին»,- հասկանալի է, որ սրանք Շողեր Մաթեւոսյանի խոսքերն են։

ԳիԱրՔՄի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն այս նույն խնդրի վերաբերյալ ասաց. «Անկախ նրանից, թե որ քաղաքական կուսակցություններին կամ անձերին է ուղղված այս բնորոշումը՝ այն երկրի նախագահի համար հաջող չէ։ Մենք մեր վրա չենք վերցնում այդ որակումը եւ կարծում ենք, որ ոչ մի չափանիշով մեզ չի համապատասխանում։ Մեր փոքրաթիվ լինելը պայմանավորված էր ոչ թե գաղափարական սնանկության, այլ ֆինանսներով։ Իսկ կուսակցությունը բնորոշող հիմնական հատկանիշն այն է, թե ինչպիսի գաղափարական ուղղվածություն ունի այդ կուսակցությունը»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728