Այլ նաեւ ԱԺՄ-իւ եւ Էդուարդ Եգորյանիւ
«Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե արդյոք վստա՞հ է, որ «Երկրապահի» հետ հանդիպման ընթացքում «ԱրմենՏելի» վերաբերյալ իր փաստարկները համոզել են պատգամավորներին, եւ Էդվարդ Եգորյանի նախաձեռնությանը խումբը կվերաբերվի՞ կառավարության մոտեցումներին համապատասխան՝ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, համոզել-չհամոզելու խնդիր չի դրվել։ Ընդ որում, ես այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ե՛ւ երկրապահների, ե՛ւ ԱԺՄ-ի հետ։ Շատ երկար զրուցել եմ նաեւ պրն Եգորյանի հետ։ Այսինքն, ինձ համար նախ կարեւոր խնդիր էր պարզել զանազան քաղաքական ուժերի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ եւ բոլորին սպառիչ եւ հնարավորին չափ բաց տեղեկատվություն տալ գործարքի ե՛ւ նախորդ փուլի, ե՛ւ այսօրվա իրավիճակի մասին։ Քանզի իսկապես բավական բարդ հարցեր կան, որոնք պատգամավորները կարող են սխալ մեկնաբանել՝ ուղղակի տեղեկատվություն չունենալով եւ ոչ թե միտումնավոր։
Համոզելու խնդիր իսկապես չկար։ Ասել եմ, եւ կասեմ, որ այստեղ լուրջ քննարկման անհրաժեշտություն կա ու մենք ուղղակի մտքերի փոխանակում արեցինք»։
Այնուամենայնիվ, հանդիպումներից հետո պիտի որ պարզ լիներ պատգամավորների տրամադրվածությունը եւ ակնհայտ՝ արդյոք հավանությա՞ն են արժանանալու, թե՞ մերժվելու «ԱրմենՏելին» առնչվող օրինագծերը։
Կարդացեք նաև
«Ես խորին համոզմունք ունեմ, որ դրանք պիտի մերժվեն, քանի որ գործին չեն նպաստում,- ասաց Արտակ Վարդանյանը։- Իմ տեսակետով, շատ պարզ երեւում է, որ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը չի համապատասխանում ՍԴ-ի որոշմանը եւ հակասում է դրան։ Սա ամենակարեւորն է։ Իսկ «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախաձեռնությունն այլընտրանքներ ունի։ Դա կարող է լինել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ անկախ հանձնաժողով, ե՛ւ ԱԺ Վերահսկիչ պալատը, ե՛ւ դատախազությունը, ե՛ւ նախագահի վերահսկողական ծառայությունը։ Ի դեպ, թվարկածս բոլոր մարմիններն զբաղվել են այս խնդրով՝ մի քանիսն արդեն 7 ամիս, մյուսները՝ 2 ամիս եւ այլն։ 3-4-ի հետ աշխատել ենք, եւս մեկի հետ ենք պատրաստ աշխատել եւ առկա տեղեկատվությունը տրամադրել։ Այստեղ սկզբունքային խնդիր չկա»։