Խորհրդարանում այսօր բազմաթիվ գուշակություններ կամ կանխատեսումներ են արվում, ստույգ եւ հավաստի աղբյուրներ վկայակոչելով՝ ժամկետներ մատնանշվում, թե երբ է գլխավոր դատախազը նորից ԱԺ միջնորդություն ներկայացնելու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու (՞) համաձայնություն ստանալու համար։ Ըստ որոշ գուշակների՝ դեպքը պիտի տեղի ունենար դեռ երեկ՝ ժամը 4-ին։ Ըստ այլ իրազեկների՝ մեր նորօրյա Գոդոյին պետք է սպասել ոչ ուշ, քան չորեքշաբթի։
«Իսկ դու արդյոք ե՞րբ կգա՜ս, կգա՜ս»,- հնչերանգով մտորումների փոխարեն, որոշեցինք այդ մասին հարցնել ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, ենթադրելով, թե գոնե նա պիտի որ վաղօրոք տեղեկացված լինի խնդրո առարկայի վերաբերյալ։ «Ես կդժվարանամ, իհարկե, որոշակի կանխատեսումներ անել, թե դատախազը երբ է ԱԺ մտնելու։ Բայց ես կցանկանայի շարադրել, թե ինչպես կուզենայի տեսնել դատախազի այդ երկրորդ մուտքը։ Խնդիրը բավական բարձր հնչեղություն ունի եւ չէր խանգարի, որ դատախազը հրապարակավ, գուցե մամուլի ներկայացուցիչների միջոցով կամ որեւէ այլ ձեւով եւս մեկ անգամ հիմնավորեր իր միջնորդությունը, նաեւ ինքն ասեր, թե երբ է պատրաստվում ԱԺ գալ։ Կարծում եմ, սա ավելի առողջ ընթացակարգ է՝ համենայնդեպս, կասկածները փարատող, ավելորդ խոսակցությունների տեղիք չտվող։
Համոզված եմ, որ արտահերթ այս նիստերի ընթացքում դատախազը նոր միջնորդություն չի ներկայացնի»։
Մեր այն հարցին ի պատասխան, թե այս ամենը զուտ վերլուծությունների, կանխատեսումների հետեւա՞նք է, թե, այնուամենայնիվ, ինքը տեղեկացված է, որ առայժմ չարժե Աղվան Հովսեփյանին սպասել, Խոսրով Հարությունյանն ասաց. «Գոնե ես տեղյակ կլինեի, եթե նա պատրաստվեր արտահերթ նիստերի ընթացքում ԱԺ մտնել»։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահին այսուհանդերձ խնդրեցինք նաեւ կանխատեսել, թե ինչպես է այս անգամ քվեարկելու խորհրդարանը. «Իհարկե, սա պայմանավորված է միջնորդությամբ եւ նաեւ, իրոք, թե դատախազն ինչպես կգա խորհրդարան։ Ես պատահական չեմ նշում, որ մինչ հարցն ԱԺ-ում քննարկելն անելիք քայլերով եւ դրանց հրապարակայնությամբ է պայմանավորված ԱԺ-ի տրամադրվածությունը։
Ես ենթադրում եմ, որ նախորդ անգամ «դեմ» քվեարկածները էլի նույն կերպ կքվեարկեն։ Համոզված եմ, որ եթե կալանավորման հարցը հանվի՝ միջնորդությանը «կողմ» քվեարկողների թիվը կարող է ավելանալ։ Եվ նորից շեշտեմ, որ հենց Վանո Սիրադեղյանի շահերից է բխում այս խնդրի վերաբերյալ դատական կարգով լուծումներ ստանալը։ Հարցն այնպիսի հնչեղություն ունի, որ անընդհատ կմնա թե՛ մամուլի, թե՛ հասարակության հսկողության ներքո։ Այնպես որ, դատարանը շատ կաշկանդված չի լինի։ Իմ ենթադրությամբ, բոլորովին կաշկանդված չի լինի այլեւայլ հանգամանքներով»։
Փոխարենը Ռոբերտ Քոչարյանի զգուշացումից հետո քվեարկության հարցում բավական կաշկանդված պիտի լինեն պատգամավորները, որոնց առջեւ միջնորդության մերժման դեպքում հաստատ լուծարման հեռանկարն է այժմ։