Կասեր Հայաստանի Հանրապետության խիստ բարեկիրթ նախագահը
Ընդսմին, նա խորհրդարանում էլ այս առումով աջակիցներ ունի։ Մեր ունեցած տեղեկություններով, «Երկրապահի» նիստում ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը նախապես դեմ էր արտահայտվել «Հայրենիք» խմբի նախաձեռնություններով արտահերթ նստաշրջան հրավիրելուն այն հիմնավորմամբ, թե չարժե դարձյալ ընդդիմությանն այս հարցերով ամբիոն ու խոսափող տրամադրել։ Եվ մեծապես Ալբերտ Բազեյանի ջանքերի շնորհիվ՝ «Երկրապահն» այնուամենայնիվ նպաստեց, որ 4 աղմկահարույց հարցերով այս արտահերթ նստաշրջանը կայանա։
Երեկ հասցրին անդրադառնալ միայն «Հեռահաղորդակցության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին հարցին։ Ըստ այդմ, առաջարկվում է մի դրույթ ավելացնել. «Հեռահաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագները սահմանվում են օրենքով»։ Իսկ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական համարված 24-րդ հոդվածի փոխարեն առաջարկվում է, որ եռամսյա ժամկետում հեռահաղորդակցության բնագավառում տրված լիցենզիաները համապատասխանեցվեն Սահմանադրությանը՝ «հեռահաղորդակցության բնագավառում ապահովելով ազատ մրցակցություն»։
Այս նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշվում է, թե լուծումները պիտի 5 տարվա ընթացքում գտնվեն, հակամենաշնորհային եւ բնական մենաշնորհների կարգավորման օրենսդրական փաթեթ է պետք ստեղծել՝ «ի կատարումն ՍԴ-ի իմպերատիվ բնույթ ունեցող արդարացի որոշման»։ Իսկ Եգորյանի նախաձեռնությունը կառավարությունն անընդունելի է համարել։
Կարդացեք նաև
«Ե՛վ վարչապետը, ե՛ւ հանրապետության նախագահը արդեն միտումնավոր չեն ուզում, որ ԱԺ-ն խորանա այս գործում։ Հակառակ դեպքում նրանք պետք է այստեղից մեզ շնորհակալություն հայտնեն մեր ժողովրդի եւ պետության իմիջը բարձրացնող գործունեության համար եւ ոչ թե հայհոյեն հեռուստատեսությամբ։ Ես արդեն վարչապետին կասկածում եմ այս գործում շահագրգիռ լինելու մեջ՝ շահագրգիռ է կոծկելու»,- հայտարարեց հիմնական զեկուցողը՝ Էդվարդ Եգորյանը։ Իսկ Արշակ Սադոյանը հենց Արմեն Դարբինյանին համարեց երրորդ պատասխանատուն «ԱրմենՏելի» գործարքի համար՝ Գրիգոր Պողպատյանից եւ Վահրամ Ավանեսյանից հետո։
Եթե Էդվարդ Եգորյանին 12 հարց էին ուղղել՝ հարակից զեկուցմամբ հանդես եկած Դավիթ Հարությունյանին 19 հարց տվեցին։ Արդարադատության նախարարը նախ դասախոսություններ կարդաց պատգամավորներին «ինչ է նշանակում լիցենզիա», «ինչ է բնական մենաշնորհը» եւ այլ թեմաներով։ Եվ ամենասուր հարցադրումներին պատասխանելիս անգամ՝ դեմքի մկանն անգամ չշարժեց եւ շնորհակալություն հայտնեց «շատ լավ» հարցերի համար։ Հնչած ե՛ւ փաստարկները, ե՛ւ հակափաստարկները հանրահայտ էին՝ այդ պատճառով էլ չենք մեջբերում։ Միայն նշենք, որ «Երկրապահի» անդամ Անդրանիկ Մանուկյանը դժգոհեց, որ այսօր այդ խումբը բոլոր հարվածներն իր վրա է վերցնում, մինչդեռ հասկանալի չէ, թե ինչու ոչ թե Եգորյանը, այլ կառավարությունը չնախաձեռնեց Սահմանադրությանն այս անհամապատասխանության վերացումը։ «Չէինք շտապում, քանի որ եթե որակյալ չլինի հակամենաշնորհային օրենսդրությունը՝ կարող է վտանգել բուն գաղափարը»,- այս էր պրն Հարությունյանի պատասխանը։
Շուրջ 20 հոգի հերթագրվեցին ելույթների համար եւ առավել ակտիվն առայժմ կոմունիստներն էին։ Ասենք, Նորիկ Պետրոսյանը հայտարարեց. «Հերթական անգամ ժողովրդին հասցնում են հոգեկան խանգարման վիճակի» եւ հիշեց այն երանելի՜ ժամանակները, երբ «ժողովուրդն ի՜նչ գիտեր՝ իր խմելու ջուրը որտեղի՞ց էր գալիս, իր հեռախոսն ո՞վ էր քաշում» եւ այլն։ Խորեն Սարգսյանը տարակուսեց. «Մեր տունը ծախել ենք՝ առնողին մուննաթ ենք գալի՞ս… Ոնց որ մեկի տանն անբարոյական լինի՝ գնաս նրան սիրահարվածի հորեղբորը ծեծե՞ս»։ Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց. «Ինձ 3 օր է պետք, որ Հայաստանը ոտքի հանեմ։ Ինչո՞ւ եք ստիպում այդպիսի քայլերի գնանք»։
Բայց նրանց բոլորին առայժմ Արշակ Սադոյանը գերազանցեց, որը տեղի ունեցածը «ազգային դավաճանություն» որակեց եւ կանխատեսեց. «OTE-ն ուզենա՝ մեր սաղ խոսակցությունները կլսի ու կձայնագրի»։
Շարունակությունն՝ այսօր։